ՀԷՑ-Ի ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՂՄԿԱԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նոր սեփականատիրոջ կողմից աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. հոկտեմբերին ՓԲԸ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերության ստորաբաժիններում անցկացված ստուգումների արդյունքում մի շարք տեղամասերում չարաշահումների փաստեր են հայտնաբերվել, որոնց արդյունքում 112 հոգի ազատվել է աշխատանքից:

Ինչպես հիշում ենք` 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեծ աղմուկ բարձրացրեց: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մեծ պարտքեր էր կուտակել, որոնք վճարելու ծանր բեռը ընկել էր սպառողների «ուսերին»: Իսկ 2015 թվականի մայիսի 13-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ասել էր. «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ, իսկ թանկացման պատճառներից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վատ կառավարումն է ու գողությունը»: Այսպիսով` պետական ամենաբարձր մակարդակով արձանագրվել էր համակարգում առկա գողությունների փաստը, ինչի արդյումքում էլ որոշվել էր սակագինը բարձրացնել:
Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած աննախադեպ աղմուկն ու Բաղրամյան պողոտայում անցկացվող շուրջօրյա բողոքի ակցիաներն այդպես էլ չփրկեցին իրավիճակը, եւ սակագինը, այնուամենայնիվ, բարձրացավ, թեեւ որոշվեց առժամանակ սուբսիդավորել մինչեւ 250 Կվտ սպառողների վարձավճարների թանկացած մասը: Իսկ արդեն 2015 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ունի նոր սեփականատեր` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Բնականաբար, ընկերության նոր սեփականատերը պետք է ստուգումներ իրականացներ՝ հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ ճանապարհով են կորուստներ գրանցվել: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ստորաբաժինների նորանշանակ ղեկավարները ստուգումներ են իրականացրել եւ աղմկալի բացահայտումներ արել:
Պարզեցինք, որ, օրինակ, ՓԲԸ-ի աշխատակիցները մի խումբ քաղաքացիներից վերցրել են ծախսած էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարը, իսկ ավելի ուշ ՓԲԸ-ի ստորաբաժանումների տեսուչները սպառողի հաշվիչի վրա որոշ «մախինացիաներ» են արել, այդպիսով քիչ հոսանքի ծախս են գրել, եւ քաղաքացու կողմից վճարված գումարի մի մասը պահել են իրենց կամ մեջ -մեջ են արել համապատասխան մարդկանց հետ, իսկ մյուս մասն էլ փոխանցել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ»-ի հաշվին: Ստուգումների արդյունքում բացահատվել են նաեւ հավելագրումների եւ կորուստների թերի արձանագրման բազմաթիվ դեպքեր:
Արդյունքում, ՓԲԸ-ի նորանշանակ ղեկավարները կանչել են ստորաբաժանումների պետերին, ներկայացրել իրենց կողմից բացահայտված դեպքերը եւ զգուշացրել, որ չարաշահումներ թույլ տված անձինք պետք է հեռացվեն ՀԷՑ-ից: Նրանց ժամանակ է տրվել, որպեսզի վերականգնեն ընկերությանը պատճառված վնասը՝ նշելով, որ հակառակ դեպքում ՀԷՑ-ը պատրաստվում է դիմել իրավապահներին` վնասների վերականգնման խնդիրը քրեադատավարական կարգով լուծելու համար:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով` ՓԲԸ-ի հեռացված աշխատակիցները ոչ միայն չեն պաշտպանվել եւ ժխտել իրենց մասնակցությունը այդ ամենին, այլեւ լսելով իրավապահների անունը՝ որոշել են ընդունել իրենց մեղքի բաժինը: Մեր տեղեկություններով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ստորաբաժանումների՝ արդեն նախկին տեսուչները եւ ղեկավարներն այս օրերին վաճառում են իրենց գույքը, որպեսզի վերականգնեն ընկերությանը պատճառված վնասը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանին, ով մասնավորապես ասաց. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում պարբերաբար իրականացվում են բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսի, դրա դիմաց վճարումների հետ կապված հարցերի պարզաբանման ու սահմանված կարգերի եւ օրինականության պահպանման ուղղությամբ ընթացիկ ուսումնասիրություններ: Որոշ դեպքերում հայտնաբերվել են էլեկտրաէներգիայի կորուստների բարձր մակարդակի եւ հավելագրումների դեպքեր: 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը արձանագրվել է 24 դեպք, ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտ.ժ էլեկտրաէներգիա: Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ եւ 8 տեղամասի պետ: Հավելենք նաեւ, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված այլ կարգապահական խախտումների եւ մասնագիտական անհամապատասխանության պատճառով նկատողություն է հայտարարվել 85 աշխատակցի, 80 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի, 112 աշխատակից ազատվել է աշխատանքից»:
Նշենք, որ եթե վերոնշյալ դեպքերով ՓԲԸ-ի տնօրինությունը սահնափակվել է աշխատակիցներին աշխանատքից հեռացնելով եւ ժամանակ տալով կորուստները վերականգնելու համար, ապա այս տարվա մարտի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը եւ բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Մարտի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ եւ ներկայությամբ տեղի էր ունեցել միջադեպ: Գրել էինք, որ նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել: Ոստիկանապետը կարճ «ռազբորկայից» հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով:
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկվածը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է, որին դեպքից հետո Գ. Ազիզյանը հեռացրել է աշխատանքից: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է. «Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել: Ներկայումս այդ գործը ծառայողական քննության ընթացքում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Արդեն իսկ 18 անձանցից բացատրություն է վերցվել, այդ թվում՝ «Դիանա» ռեստորանի աշխատակիցներից եւ ոստիկանության աշխատակիցներից»:
Հավելենք, որ այս գործով կարեւորագույն վկաներ են Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, մարզի դատախազ Գրիգոր Մինասյանը: Ու թվում էր, որ օր առաջ գործը պետք է տեղափոխվեր հատուկ քննչական ծառայություն, սակայն շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:
Տեղեկացնենք, որ երեկ, երբ ArmLur.am լրատվական կայքում տեղադրվեց դեպքի տեսագրությունը, ՀՀ իրավապահ ողջ համակարգը մանրազնին ուսումնասիրում էր տեսանյութը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Իհարկե, անհույս փորձեր եղան՝ արդարացնելու ոստիկանապետին, թե նա չի ծեծում, չի հարվածում, բայց տեսանյութն ավելի խոսուն է: Մեզ մնում է սպասել զարգացումներին, իսկ ավելի կոնկրետ՝ պատասխանատվության ենթարկելու օրինակներին:

Ք. Մ.

 

 

 

ՀՐԵՏԱԿՈԾՈՒՄ ԵՆ
Չնայած հրադադարին, վերջին օրերին Հալեպն արդեն երկրորդ անգամ է հրետակոծվում: Երկու օր առաջ ռմբակոծության թիրախ է դարձել Նոր գյուղ հայկական թաղամասը. զոհվել է 61-ամյա հայ կին, կան վիրավորներ: «Հրադադարը արդյունք չտվեց», – «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է հալեպաբնակ Մայդա Բակկալյանը, ում բնակարանից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ էին պայթել ռումբերը, եւ հավելեց, որ իրենք, այդուհանդերձ, հույսը չեն կորցնում:

 
ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակամարտող կողմերի միջեւ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: «Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2 հազար 400 կրակոց։ Շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 (40 արկ) եւ 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր», – ասված է հաղորդագրությունում:

 

 

ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդները հայտարարել են, որ Ղազախստանում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներին: Նախնական տվյալներով՝ մարտի 20-ին անցկացված ընտրություններում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «Նուր Օթան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 82.1 տոկոսը: Նշենք, որ 1991-ի դեկտեմբերից սկսած՝ այդ երկրում անցկացված որեւէ ընտրություն չի համապատասխանել միջազգային չափանիշներին:

 

 

ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը, ԲՀԿ-ից իրեն հեռացնելու որոշումը ստանալուց հետո, դիմելու է դատարան: Այս մասին Պետրոսյանը հայտարարել է երեկ հրավիրած ասուլիսում: Պողոսյանն ընդգծել է, որ անձնական որեւէ խնդիր չունի Նաիրա Զոհրաբյանի հետ, սակայն նշել է, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր քանդում է կուսակցությունը:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ  ԳՈՐԾԸ
Օրերս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում բավականին զավեշտալի ելույթ է ունեցել: «Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ Ձեր` տնօրենի հեղինակությունը, մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել, իրեն էլ դիտողություն չեմ անի»: Փաստորեն, ստացվում է, որ մարզի դպրոցներում տնօրենի հեղինակությունը կապված է մաքրողների լավ աշխատանքի հետ, իսկ մաքրողներն էլ ավելի լավ կաշխատեն, եթե նրանց զգուշացնի անձամբ մարզպետը:




Լրահոս