Այս տարվա հունվար-փետրվար ամիսների պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով` Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, սկսել է շնչել: Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,7 տոկոսով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը պարզապես խայտառակ վիճակում էր հայտնվել: Հիշեցնենք, որ անցած տարվա հատկապես առաջին երեք ամիսներին, երբ Հայաստանը նոր-նոր դարձել էր եվրասիական տնտեսական միության անդամ, Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը գրեթե զրոյական վիճակի էր հասել: Ավելի ճիշտ, Ռուսաստանից դեպի Հայաստան քիչ քանակությամբ ապրանքներ ներկրվում էին, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը, առհասարակ, դադարել էր: Այդ երեւույթը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող ցնցումներով, որոնց արդյունքում ռուսական ռուբլին ամեն օր կտրուկ արժեզրկվում էր, եւ Հայաստանի գործարարները չէին կարողանում իրենց ապրանքները արտահանել, քանի որ մեծ վնասներ էին կրում:
Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ երբ արտահանման ծավալների աճ է արձանագրվել, այդ հանգամանքի շնորհիվ տնտեսական ակտիվության ցուցանիշը եւս շեշտակի աճել է: Այսպես՝ այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 23,6 տոկոսով: Գումարային արտահայտությամբ արտահանման ծավալները աճել են 53 մլն դոլարով: Հայաստանի տնտեսության ներկա ծանր պայմաններում սա լուրջ խթան է, որպեսզի իրավիճակը չվատթարանա, եւ առնվազն պահպանվի առկա վիճակը, այսինքն՝ սպառողը չշարունակի աղքատանալ: Եթե դա տեղի ունենա, ապա դա ինքնին դրական տեղաշարժ կլինի Հայաստանի տնտեսության համար: Թերեւս հենց այս գործոնն է պատճառը, որ առեւտրաշրջանառության ծավալների անկումը, չնայած շարունակել է նվազել, բայց ի տարբերություն վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված դինամիկայի, այս անգամ այդքան մեծ չի եղել եւ կազմել է 1,8 տոկոս: Այլ կերպ ասած` բավական է եղել, որպեսզի արտահանումների աճի շնորհիվ մի փոքր ավել գումար գա Հայաստան, եւ տնտեսությունը սկսել է շնչել:
Արտահանման ծավալների աճը հանգեցրել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճին: Ի դեպ, ուշագրավ է այն, որ արդյունաբերական արտադրանքի գները հունվար-փետրվարին, անցած տարվա համեմատ, մոտ 5 տոկոսով նվազել են: Այս հանգամանքը եւս կարող էր նպաստել արտահանման ծավալների աճին: Նկատենք, որ այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով ներկրման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 12.2 տոկոսով:
Սակայն գործարար շրջանակները փաստում են, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի այդ երկիր արտահանումներն այս տարի ավելացել են, քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը համեմատաբար կայուն է, եւ իրենք կարողանում են իրենց գործարքները պլանավորել եւ իրագործել, առանց լրացուցիչ եւ իրենց վերահսկողությունից դուրս ռիսկերի:
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների վիճակագրական տվյալներից ուշագրավ է նաեւ այն, որ պետական աշխատավարձի միջին չափը շարունակում է անցած տարվա համեմատ նվազել: Իհարկե, տոկոսային արտահայտությամբ այդ անկումը կազմում է 0,4 տոկոս, բայց ողջ խնդիրն այն է, որ պետական աշխատավարձի թիվը միջինացված ցուցանիշ է: Հետեւաբար դա ենթադրում է, որ այդ անկումը տեղի է ունեցել պետական հիմնարկներից որեւէ ճյուղի աշխատողների աշխատավարձերի կրճատման պատճառով: Սակայն այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ վերջին երկու ամիսներին որեւէ հայտարարություն չի եղել պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ՝ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
Փետրվարի 17-ին որդու՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի ծննդյան առիթը նշելու ժամանակ՝ գիշերը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվեց Երեւանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: Մինչեւ փետրվարի 21-ը նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ. նրա մոտ արյան շրջանառության անցողիկ խանգարում էր ախտորոշվել:
Դուրս գրվելուց հետո ԱԺ նախագահը դարձյալ աշխատանքի չէր հաճախում: Ավելին՝ օրեր առաջ նա կնոջ ուղեկցությամբ մեկնեց Գերմանիա՝ բժշկական համալիր հետազոտություն անցնելու: Ըստ տեղեկությունների՝ ԱԺ նախագահի մոտ ախտորոշված էր շողացող առիթմիա, որն արագ վերացվում է Գերմանիայում, հատուկ այրման մեթոդով:
ArmLur.am-ը երեկ գիշեր տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան: Իսկ ինչպե՞ս է իրեն զգում երկրի 2-րդ պաշտոնյան, արդյո՞ք ամբողությամբ առողջացել է: Այս կարեւորագույն հարցի պատասխանը տալու փոխարեն Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը համացանցում գրել է, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատեւ արձակուրդն ավարտվել է: Ու ոչ մի խոսք այն մասին, թե Գերմանիա մեկնած ԱԺ նախագահն ի՞նչ բուժզննում է անցել, ի՞նչ արդյունքներ կան: Այնպիսի տպավորություն է, թե Սահակյանը զվարճանալու նպատակով էր մեկնել Գերմանիա:
Ի վերջո, հիվանդությունը մարդու համար է, եւ ԱԺ նախագահն էլ մեր նման միս ու արյունից է, կարող է նաեւ հիվանդանալ: Ամոթ չէ երկրի երկրորդ պաշտոնյայի առողջության մասին տեղեկություն հայտնելը: Բայց Բաբայանի հետ նման թեմաներով խոսելն անիմաստ է, նա մշտապես հերքում է անհերքելին, թաքցնում է իրականությունը բառակույտերի մեջ՝ ի վերջո անիմաստ դարձնելով տեղեկատվական վարչության գոյությունն ընդհանրապես:
Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել, թե ինչպե՞ս է իրեն զգում ԱԺ նախագահը, ի՞նչ հետազոտություն է անցել Գերմանիայում եւ ե՞րբ նա կկարողանա աշխատանքի հաճախել: «Առողջական վիճակը գնահատվում է դրական, վտանգները մնացել են հետեւում: Այնտեղ որեւէ վիրահատություն չի եղել, եղել է միայն միջամտություն` ճնշման տատանումների հետ կապված, եւ կազդուրված վերադարձել է, նորմալ աշխատանքային պրոցեսում է գտնվում պարոն Սահակյանը: Բոլոր անհանգստացողներն էլ թող անհոգ լինեն. Գալուստ Սահակյանն առողջ է առաջվանից ավելի»,- տեղեկացրեց պարոն Բաղդասարյանը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՊԵՏԸ ԾԵԾԵԼ Է ԶԻՆՎՈՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ֆիզիկական պատրաստության պետ Աշոտ Իսագուլյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի ավտոհավաքակայանում, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ կապված, տրված հանձնարարությունը ժամանակին չկատարելու համար վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող ժամկետային զինծառայող Գոռ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամաբ. աջ բռունցքով հարվածել է Գ. Հովհաննիսյանի դեմքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ա. Իսագուլյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ): Իսագուլյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ` ԱԱԾ ԽՆԴԻՐ
Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում վերջին տարիներին մեծացել է Եհովայի վկաների թիվը: Նրանք շրջում են տնետուն, կրոնական գրականություն բաժանում, քարոզչություն կատարում: Երեւանից ժամանած 30-ամյա մի աղջիկ եւ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից 62-ամյա մի կին օրերս սահմանամերձ Նոյեմբերյանի բնակիչների դռները թակելով՝ նրանց հրավիրում էին քաղաքի նախկին շուկայի տարածքում գործող հարսանյաց սրահ, ուր մարտի 23-ին՝ ժամը 19.30-ին, նշելու են Հիսուսի մահվան հիշատակի երեկոն: Երեւանցի աղջիկն ասաց, որ Նոյեմբերյան քաղաքում բնակվում է իրեն հավատակից մարդու բնակարանում, իսկ մայրաքաղաքից Նոյեմբերյան հասնելու ծախսերն էլ հոգում է իրենց կազմակերպությանը տրված դրամական նվիրատվությունների գումարով: Ինչպես հայտնի է` Եհովայի վկաները մերժում են զենքը, ուստի Ադրբեջանին սահմանակից Տավուշում Եհովայի վկաների շատանալը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ Տավուշի մարզում Եհովայի վկաների հավաքույթներին մասնակցում են փոքրիկ երեխաներ, որոնց դեռեւս խախուտ գիտակցության մեջ սերմանում են կրոնական այդ ուղղության պաշտամունքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ