Այս օրերին քննարկվում է Հայաստանի ազգային պատկերասրահը տեղափոխելու հարցը: Դրա ներկայիս շենքի տարածքը փոքր է, եւ այնտեղ չկան բավարար պայմաններ` ցուցանմուշներն անվնաս պահպանելու համար: Պատկերասրահի նոր շենքի համար անհրաժեշտ է 30 հազար քմ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջարկել է ուսումնասիրել Կառավարության ընդունելությունների տան եւ Մատենադարանի հարակից տարածքը: Մի քանի նախագիծ արդեն իսկ պատրաստ է: Նախարարության առաջարկած տարածքը որքանո՞վ է նպաստավոր հանրային այս կառույցի համար, արդյո՞ք պատկերասրահի նոր շենք կառուցելու հարցը առաջ չեկավ գլոբալ քաղաքաշինական նախագծի շրջանակում որոշ խնդիրներ լուծելու համար միայն, եւ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ` նոր շենք կառուցելու եւ գործարկելու համար:
Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջարկվող տարածքը ոչ մի կերպ չի համապատասխանում պատկերասրահի պահանջներին. «Այդ տարածքում արդեն իսկ կա կցակառույց` Կառավարության ընդունելությունների շենքը, որը, ըստ նախնական պայմանների, չպետք է քանդվի: Հիմա ի սկզբանե նույն սխալի առջեւ ենք կանգնած, ինչպես պատկերասրահի ներկայիս շենքի դեպքում. այդ պարագայում էլ պատկերասրահի շենքը փորձեցին հարմարեցնել այն կառույցին, որն արդեն կար եւ չէր բավարարում պահանջներին: Հիմա ճարտարապետները կցակառույցի պարտադրանքի տակ են, պետք է մտածեն` ոնց եղածը պահելով, դրան հարմարեցնելով՝ նոր շենք կառուցեն»,-ասաց նա:
Քանդակագործի դիտարկմամբ` առհասարակ, պատկերասրահի համար նախատեսվող շենքն այժմեական ճարտարապետական լուծումների համաձայն հարթ տարածքներ գրավելու միտում ունի. «Այդ տարածքներն այն բանի համար են, որ մարդ պատկերասրահում 10-15 կմ տարածություն քայլելով` չհոգնի, արհեստական բարձրությունների չհանդիպի, իսկ առաջարկվող տեղում ասածներս իրագործելու հնարավորություն չկա»,-բացատրեց նա:
Ս. Պողոսյանը շեշտեց, որ շատ կարեւոր է պատկերասրահի շենքը նախագծելուց առաջ հաշվի առնել նաեւ, որ այն ունենա ստորգետնյա պահոցներ, օրինակ` պատերազմի ժամանակ էքսպոնատներն անմիջապես էվակուացնելու համար: Բացի այդ, նրա խոսքով, ստրատեգիական իմաստով մեծ սխալ կլինի Մատենադարանը, պատկերասրահը, Գաֆեսճյան մշակութային կենտրոնը մեկ կոմպլեքսի մեջ դնել, մի տեղ կենտրոնացնել, քանի որ հնարավոր վտանգի պարագայում մշակութային արժեքները կարող են դառնալ հեշտ խոցելի:
Արվեստագետի մյուս մտահոգությունն էլ կապված է պատկերասրահի ցուցանմուշները մի շենքից մյուս շենք տեղափոխելու գործընթացի հետ. «Կանխատեսելի է, որ տեղափոխելիս կասեն` տանենք, ինչ-որ պահոցում պահենք, այդ ընթացքում ցուցանմուշները կարող են վնասվել, կառավարման այսօրվա համակարգում կարող են եւ կորչել, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրի»,- նկատեց նա:
Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջերս, երբ արվեստագետները հանդիպել են քաղաքաշինության նախարարի հետ, նրան կոչ են արել լուրջ նախագծերը դնել հանրային քննարկման. «Պատկերասրահը լուրջ կառույց է` 5 տարվա, 10 տարվա համար չէ, որ գան, տեսնեն ինչ-որ տարածքում դատարկ տեղ կա, էդտեղ շենք կառուցեն: Մեկը կարո՞ղ է բացատրել, թե որքանով է նպաստավոր պատկերասրահը Մատենադարանի կողքին կառուցելը: Ասում են` տուրիստների համար այդպես հարմար կլինի. ի՞նչ է` զբոսաշրջիկը պետք է մի օրով մտնի Մատենադարան, հետ դուրս գա, վազելով մտնի պատկերասրա՞հ: Բոլորովին պարտադիր չի այդ շենքերը խիտ-խիտ իրար գլխի հավաքել, առանց այդ էլ այդ տարածքում տրանսպորտային կոլապսի խնդիր կա, ի՞նչ կարիք կա այդտեղ հանրային կառույց տեղակայել. որովհետեւ ոչ մի օլիգարխ այդտեղ շենք կառուցելու հետաքրքրություն չունի՞»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ ավելի լավ է` հիմա պատկերասրահը մնա իր տեղում, եւ նոր շենք կառուցելու հարցը դեռ մնա քննարկման փուլում, քանի որ, նրա համոզմամբ, նման լուրջ հարցերը մեզ մոտ որոշում են մի քանի հոգի միայն:
Մենք զրուցեցինք նաեւ արվեստի անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանի հետ, ով շեշտեց, որ կարեւորելով ճարտարապետական, էսթետիկական հարցերը` այս պարագայում անհամեմատ ավելի կարեւոր է թանգարանի ֆունկցիոնալության հարցը, մինչդեռ, նրա խոսքով, բոլոր քննարկումները մեծ մասամբ վերաբերում են շենքի արտաքին տեսքին եւ քաղաքաշինական խնդիրներին. «Անկեղծ ասած` ես կզարմանայի, եթե մեր երկրում իշխանությունները, օրինակ` մշակույթի նախարարությունը, մտածեր հենց Ազգային պատկերասրահի համար եւ ոչ թե գլոբալ քաղաքաշինական նախագծի… Մինչդեռ խնդիրը վաղուց կար»,-նկատեց նա:
Լ. Սարգսյանը, ուսումնասիրած լինելով թանգարանաշինության աշխարհի փորձը, փաստեց, որ դա բարդ, սպեցիֆիկ եւ ծախսատար ոլորտ է: Նրա խոսքով` մեր պատկերասրահի էքսպոզիան բավական տուժում է վատ նախագծման պատճառով, ուստի նոր շենքը նախագծելուց առաջ պետք է հաշվի առնվի միջազգային փորձը, արտերկրից հրավիրվեն թանգարանաշինության մասնագետներ, ճարտարապետները վերապատրաստվեն, ճիշտ լուծվի էքսպոզիցիոն դիզայնի խնդիրը:
Արվեստի քննադատի կարծիքով` մեր ներքին կադրերի մասնակցությամբ պարտադիր պետք է ստեղծվի էքսպերտային հանձնաժողով, որը կորոշի, թե ինչպես կառուցել էքսպոզիցիան, ինչպիսին պետք է լինեն սրահները, ինչպես պահոցներից հանել եւ ներկայացնել աչքից հեռու պահվող գանձերը: «Խորհրդային տարիներից եկած հին ավանդույթ կա, ըստ որի՝ թանգարանային էքսպոզիցիան բաժանվում է երեք մասի` հայկական, ռուսական եւ եվրոպական: Բայց հարկավոր է այն այնպես կառուցել, որ հայ կերպարվեստը չանջատվի համաշխարհայինից, ռուսականի «ճուտը» չհամարվի: Իսկ որպեսզի դա իրականացնենք, համապատասխան հատակագիծ է անհրաժեշտ»,-մեկնաբանեց նա:
Լ. Սարգսյանը կարեւորեց նաեւ պատկերասրահի նոր շենքում Հայաստանի ժամանակակից արվեստը ցուցադրելու հարցը. «80-ականների վերջի հայկական ավանգարդը անկախ երկրի գեղարվեստական մշակույթի մի հսկայական շերտ է, որն այսօր մենք կորցնում ենք, ուստի հարկավոր է պատկերասրահում հիմնել ժամանակակից արվեստի բաժին: Ես նույնիսկ ունեմ նման նախագիծ եւ պատրաստվում եմ հանդես գալ առաջարկով»,-ասաց նա:
Արվեստի քննադատը ընդգծեց նաեւ պատկերասրահում քանդակներ ներկայացնելու խնդիրը. «Այդ առումով մի շարք տեխնիկական խոչընդոտներ կան: Տեսեք` Փարիզում քանդակի ինչ չքնաղ պուրակներ կան: Կցանկանայի, որ մեզ մոտ էլ լինեին, իսկ դրա համար կանաչ տարածքներ են պետք»,-եզրափակեց նա:
«ԷՈՒԹՅԱՄԲ ԹՌԻ-ՎՌԻ ՄԻ ՃՊՈՒՌ ԵՄ»
Մի շարք սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Սաթենիկ Հազարյանը երկրորդ երեխայի ծնունդից հետո էլ ավելի մեծ եռանդով է սկսել աշխատել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հղիության ինը ամիսների ընթացքում բուռն ստեղծագործական կյանք է վարել, իսկ յոթերորդ ամսում էլ մեկնել է արտերկիր` մասնակցելու փառատոնի: Այժմ արդեն դերասանուհին աղջկանից մեծ ուժ եւ էներգիա է ստանում, ինչն էլ դրդում է հաջողություններ գրանցել կարիերայում:
Սաթենիկը մեզ տեղեկացրեց, որ վերջերս Մոսկվայում մասնակցել է քասթինգի` ռուսական ֆիլմում նկարահանվելու համար. «Սպասում եմ արդյունքին, եթե անցնեմ քասթինգը, ես այդ ֆիլմում կլինեմ միակ հայ դերասանը: Նկարահանումները կսկսվեն աշնանը»: Ի դեպ, Սաթենիկը ներգրավված է նաեւ տեղական երկու կինոկատակերգություններում:
Դերասանուհին նաեւ նշեց, որ պատրաստվում է ներկայանալ մոնո-ներկայացումով, որով ծրագրում է հանդես գալ Չեխիայի եւ Բելգիայի փառատոներում: «Ներկայացումը մի փորձառու կնոջ մասին է, որին շատ եմ նմանեցնում ինձ: Նրա կյանքի խնդիրների մասին մենք իմանում ենք ընկերուհուն, ամուսնուն ուղղված հեռախոսազանգերի միջոցով: Իմ կերպարը արդեն կյանքի փորձ ունեցող կին է, որը հասել է իմաստության: Ի դեպ, ներկայացման սցենարիստը հայ չէ, պիեսը ռուսերեից թարգմանվելու է հայերեն»,-ասաց դերասանուհին` առայժմ չցանկանալով ամբողջովին բացել փակագծերը:
Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել ընտանեկան կյանքը ակտիվ ստեղծագործական գործունեության հետ, Սաթենիկը պատասխանեց. «Ես էությամբ թռի-վռի մի ճպուռ եմ, այլապես չէի հասցնի երկու երեխաներիս խնամելուն զուգահեռ այդ ամենն իրականություն դարձնել եւ բավականաչափ էներգիա հավաքել: Այնուամենայնիվ, նրանք միայն ու միայն օգնում են ինձ իմ գործում կայանալու հարցում»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԲԵՄ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՄԵՐԿ
Բելառուսը ներկայացնող երգիչ IVAN -ը (Ալեքսանդր Իվանովը) մտադիր է իր մարմնով նվաճել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: 21-ամյա տղան բեմ է դուրս գալու ամբողջովին մերկ՝ մի քանի կենդանի գայլերով շրջապատված: Ինչպես փոխանցում է Super-ը, Ալեքսանդր Իվանովը մրցույթի համար էրոտիկ շոու է պատրաստել, որը կդառնա բելառուսական կատարման այս տարվա հիմնական մեխը:
Բայց մինչ այդ նա պետք է հատուկ թույլատվություն ստանա բեմում կենդանիների մասնակցությամբ շոու անելու համար: Այս օրերին ռուս պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը շվեդական կողմի հետ այդ թեմայով բանակցություններ է վարում:
6-ՐԴ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐՈՒՄ»
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու է վեցերորդ «Տերմինատոր»¬ը: Նոր ֆիլմում եւս նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը: «Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան»,¬ ասել է դերասանը` հրաժարվելով կինոնկարի սյուժեի հետ կապված մանրամասներ հայտնել: Նոր «Տերմինատորի» վերաբերյալ հաղորդումը կատարյալ անակնկալ է դարձել «Տերմինատոր. գենեզիս» նախորդ ժապավենի ձախողման պատճառով, որը թողարկվել էր 2015 թվականին: Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Paramount Pictures ընկերությունը Տերմինատորի մասին նոր ֆիլմը հանել է իր վարձութային գրաֆիկից: Ժապավենը պետք է դառնար «Տերմինատոր. գենեզիս»¬ի շարունակությունը եւ կրում էր «Տերմինատոր 2» աշխատանքային անվանումը:
ԱԴԵԼԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ ԵՆ
Երգչուհի Ադելը հայտնվել է հաքերների հարձակման թիրախում: Վերջիններս համացանցում հրապարակել են երգչուհու անձնական, ընտանեկան լուսանկարները: Mirror.co.uk-ի փոխանցմամբ` Ադելը տեղի ունեցածի պատճառով «սարսափած եւ զայրացած է»: Նա արտահոսքի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ երկրպագուներից մեկը կապվել է նրա ներկայացուցիչների հետ, որոնք դրանից հետո փակել են աստղի սոցիալական մեդիայի էջերը:
Գողացված լուսանկարներից մեկն Ադելի սելֆին է հղիության ժամանակ, մեկ այլ լուսանկարում երգչուհին անկողնում շամպայն է խմում:
Նշենք, որ Ադելը որդուն հեռու է պահում ԶԼՄ-ներից, ուստի շատ է վրդովվել լուսանկարների հրապարակման կապակցությամբ։