Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները դեռ շարունակում են նստացույցը: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` նրանց թիվն աստիճանաբար ավելանում է. «Դեռ անժամկետ շարունակելու ենք նստացույցը: Այս պահին մոտ 250 ազատամարտիկ կա հրապարակում: Շատերն էլ չեն կարողանում գալ, քանի որ ֆինանսական հնարավորություններ չունեն»: Ի դեպ, երկու ազատամարտիկ՝ Խաչիկ Ավետիսյանն ու Անդրանիկ Ղազարյանը, ի ցույց բողոքի, Ազատության հրապարակում հացադուլ են անում: Սրան զուգահեռ` ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու` ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ ՊՆ-ում, ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Դրա խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը եւ սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ