Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները թեւակոխել են կարեւոր փուլ, որի ընթացքում իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք ականջալուր են ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացրած պահանջներին ու առաջարկներին: Սական, կարծես թե, երկրորդային կարեւորության եւ ակնհայտորեն անհեթեթ թվացող դրույթների դեպքում: Իսկ, ահա, իշխանությունների վերարտադրությունն ապահովող դրույթների դեպքում նախագծի հեղինակներն անդրդվելի են: Նոր ընտրական օրենսգրքի նախագծում հնարավոր փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ընդդիմությունը պահանջում է հրապարակել ստորագրված ընտրացուցակները, ինչը Դուք կտրուկ բացառում եք: Հնարավո՞ր է՝ որպես այլընտրանքային տարբերակ ամրագրվի, որ ընտրություններին կարելի է մասնակցել բացառապես նույնականացման քարտերով, եւ բոլոր ընտրողներին նույնականցման քարտեր բաժանվեն, ինչի արդյունքում ցուցակներն ինքնաբերաբար կզտվեն:
-Հնարավոր է: Ամեն ինչը ռեսուրս է, գումար, եթե գտնվեն կազմակերպություններ, որոնք մեզ կաջակցեն, ապա, բնականաբար, մենք եւս կնախընտրենք, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա նույնականացման քարտ, այդպիսով վստահ կլինենք, որ քարտերը ստացել են, բնականաբար. նրանք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ավելին՝ այդ պարագայում էլեկտրոնային ստուգումը ավելի կհեշտանա:
-Իսկ ինչ կասեք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համամասնական ցուցակներում ընդգրկելու պարտադիր պահանջի մասին, հնարավո՞ր է այն եւս վերանայվի, եւ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ԱԺ-ում այլ տարբերակով ապահովվի:
-Տարբերակները կարող են շատ լինել, բազում եղանակներ կան: Ուղղակի շատերը ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Ինձ թվում է, որ մենք առաջարկել ենք առավել նպատակահարմար տարբերակը: Խնդիրն այն է, որ կուսակցությունները առաջարկում են, որպեսզի պարտադիր չլինի ունենալ ազգային փոքրամասնություններ իրենց ցուցակում, մենք համաձայնել ենք:
-Գործող ընտրական օրենսգրքով կուսակցությունը փաստացի կարող է ընտրատեղամասում ունենալ 2 ներկայացուցիչ՝ մեկը համամասնական, մյուսը մեծամասնական ընտրակարգով: Նոր տարբերակով, սակայն, Դուք առաջարկում եք ունենալ մեկը: Հնարավո՞ր է՝ թույլատրվի տեղամասերում 2-ական ներկայացուցիչներ ունենալ:
-Հնարավոր է, որ ընդունենք այդ առաջարկը:
-ԸՕ նախագիծը մշակելիս Դուք քննարկե՞լ եք ընտրատեղամասերում պարտադիր նկարահանում իրականացնելու հնարավորությունը, եւ ի՞նչ արդյունքներ կան այս մասով:
-Ես դա քիչ հավանական եմ համարում: Դա հնարավոր չէ երկրի ողջ տարածքում արդյունավետ կազմակերպել, սակայն քանի որ մեր գործընկեր Լեւոն Զուրաբյանն առաջարկեց 40 հազար դոլարով դա անել, ապա մենք պատրաստ ենք այդ 40 հազար դոլարը տրամադրել, որպեսզի նա այդ գործընթացը կազմակերպի:
-Պարո՛ն Հարությունյան, ԸՕ նախագծում ամենախնդրահարույցներից է 65 հոդվածի 7 կետը, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Արդյո՞ք այս դեպքում եւս կվերանայեք Ձեր մոտեցումները:
-Լրագրողների թվի հետ կապված հիմա քննարկումները ընթանում են: Լրագրողները այլընտրանքային լուծում են առաջարկել, եւ, ամենայն հավանականությամբ, այն կընդունվի:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՍՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ
Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը, ինչպես եւ կանխատեսել էինք, ըստ ամենայնի, կտեղափոխվի ՀՔԾ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ գործն ուղարկել են դատախազություն, որտեղ ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով կարեւորագույն վկաները պաշտոնյաներ են:
Նկատենք, որ ArmLur-ի հրապարակած տեսանյութն անասելի աղմուկ է բարձրացրել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գորիսում: Փորձ է արվում անել շատ վերլուծություններ եւ ենթադրություններ, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչպես է «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել բացահայտել տեղի ունեցածը: Նշենք, որ մենք շարունակելու ենք այս գործով հետաքննությունը, որպեսզի գործող անձանցից որեւէ մեկը «չպլստա»:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս օրերին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն իր մոտ է կանչում իր ենթականերին` արդարացնելու համար իր արածը, ցույց է տալիս դեպքի օրը տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում պատառոտված հագուստը: Ու երբ նրան հարցրել են, թե ինչ է տեղի ունեցել, նա արդարացել է, թե ամեն ինչի թիկունքում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քանի որ ինքը Գորիսի ոստիկանապետ աշխատելու ընթացքում չի ենթարկվել Սյունիքի մարզպետին: Բայց Երեւանից Գորիս գործուղված ոստիկանապետը մոռանում է, որ կա դեպքի տեսագրությունը, եւ այնտեղ ակնհայտ երեւում է, թե ինքն ինչպես է բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Ավելին՝ եթե իսկապես ոստիկանապետը ազնիվ եւ բարեխիղճ պաշտոնյա է, ապա նա կարող էր ընդամենը հրահանգել իր աշխատակիցներին, որպեսզի ձերբակալեին անհնազանդ Արթուր Գեւորգյանին, Նարեկին եւ մյուսներին: Բայց նա չի ներկայացել, չի ասել, որ ոստիկանապետն է, այլ փողոցային վարք է դրսեւորել, ինչն էլ ամբողջ պատմությանը հնչեղություն տվեց:
Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պաշտոնապես տեղեկացրեց, որ «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, մինչեւ ծառայողական քննության ավարտը, ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»:
Թե երբ կավարտվի ծառայողական քննությունը, դժվար է ասել, բայց չի բացառվում, որ երբ այսօր կամ վաղը այդ առիթով հարուցված քրգործը տեղափոխվի ՀՔԾ, ոստիկանությունում ծառայողական քննությունը կասեցվի, մինչեւ հատուկ քննչական ծառայությունը ավարտի նախաքննությունը:
Նկատենք, որ այս ընթացքում մինչ իրավապահները իրար պաս տալով կփորձեն հասկանալ, թե գործի քննությունը ով պետք է իրականացնի, Արթուր Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ, մինչդեռ հնարավոր է՝ քննությամբ պարզվի, որ նրան ընդամենը տուգանք է «հասնում», որովհետեւ ոստիկանապետը մարմնական որեւէ վնասվածք չի ստացել, եւ որեւէ ապացույց չկա, թե Արթուր Գեւորգյանը ինչպես է դիմադրել ոստիկանապետին:
Այնուամենայնիվ, այս պատմության մեջ ամենասպասված որոշումն, իհարկե, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն էր: Նա ոստիկանի բարի համբավը վերականգնելու պահպանելու համար զոհաբերեց Գորիսի ոստիկանապետին: Եւ հանուն ճշմարտության, պետք է ասել, որ արդար որոշում էր: Ոստիկանապետն արեց իրենից կախվածը:
Հիմա մնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը իրենց մարզային ենթականերին պատժեն, Արթուրի գլխին «գործ սարքելու» համար:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԳՈՐԾԸ
ՀՀ քննչական կոմիտեն 2015 թվականի նոյեմբերին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը խարդախությամբ հափշտակություն էր կատարել: Ավելին՝ բացահայտվել էր նույն մեխանիզմով հափշտակության շուրջ 40 դեպք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սպարտակ Դանիելյանին վերագրվող հափշտակության դեպքերից իրավապահները կարողացել են ապացույցներ գտնել միայն 20 դեպքի մասով, եւ այդքանով էլ գործն ուղարկվել է դատարան: Նկատենք, որ դատապարտյալը միայնակ չի գործել, նրանից բացի նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող եւս մեկ դատապարտյալի՝ Էդվարդ Հայրապետյանին: Նշենք, որ գործը քննվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ դատավորն էլ հանրահայտ Մնացական Մարտիրոսյանն է, նույն ինքը` Մացոն:
«ՅՈՒՔՈՄԸ» ԿԳՐԱՎԱԴՐՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մարտի 17-ին, իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն մարտի 12-ին գրություններ են ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դիմումատուները խնդրել են համաձայնություն տալ, որպեսզի ընկերության բաժնետեր Արամ Խաչատրյանը կարողանա գրավադնել իրեն պատկանող բաժնեմասի 5.5 տոկոսը: ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում նախատեսվում է համաձայնություն տալ: Ի դեպ, բաժնետոմսերը գրավադրվելու են «Արարատբանկ»-ում: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին հանձնաժողովը «Յուքոմ» ինտերնետ-օպերատորի բաժնետիրոջը նույնպես թույլատրեց գրավադրել ընկերության բաժնետոմսերի 71 տոկոսը: «Յուքոմ»-ը անցած տարի գնեց «Orange Armenia» ընկերությունը: Իսկ մի քանի օր առաջ էլ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից «Օրանժ» ապրանքանիշն այլեւս չի լինի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանում պտղատու ծառերի եւ հատապտուղների այգիների մակերեսը կազմել է 40 հազար 582 հեկտար: Պտղատու այգիների եւ հատապտուղների անցած տարվա բերքը, ըստ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 386 հազար 502 տոննա: Հայաստանի խաղողի այգիներն անցած տարվա դրությամբ կազմել են 17 հազար 296 հեկտար: Անցած տարի խաղողի բերքի ծավալը Հայաստանում կազմել է 308 հազար 401 տոննա: