ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է 1 ՄԼՆ-ՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների շրջանում կրկին օրակարգային է դարձել այն հարցը, թե, ի վերջո, Հայաստանում քանի քաղաքացի է ապրում, եւ ընտրողների իրական թիվը որքան է:

Անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 566 հազար 733: Հանրաքվեից ընդամենը երկուսուկես տարի առաջ՝ 2013-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, պաշտոնապես ներկայացվեց, որ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822:
Այսինքն՝ երկուսուկես տարում ընտրողների թիվն աճել է մոտ 40 հազարով: Կասկածից վեր է, որ եթե նոր ԸՕ-ով ընտրական ցուցակները մաքրելու խնդիրը չլուծվի, ապա ընտրողների թիվը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ կավելանա եւս 30-ից 40 հազարով եւ կլինի ավելի քան 2 մլն 600 հազար:
Այն, որ ընտրողների թիվը ուռճացված է, բոլորն էլ ընդունում են, սակայն հարցերի հարցն այն է, թե Հայաստանը, ի վերջո, քանի ընտրող ունի: Ինչպես հայտնի է՝ 2011թ-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառվել է 385 հազար 448 ՀՀ քաղաքացի, բացի այդ՝ եւս 122 հազար 740 ՀՀ քաղաքացի էլ անցած տարի երկարացրել է ՌԴ-ում իր կացության իրավունքի ժամկետը: Այսինքն՝ այս տարվա սկզբի դրությամբ միայն Ռուսաստանում բնակվում է Հայաստանի 508 հազար քաղաքացի: Հայտնի է, որ վերջին հինգ տարիներին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արտագաղթել են նաեւ եվրոպական երկրներ եւ ԱՄՆ: Սակայն այդ երկրների միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների հրապարակած, բաց ռեսուրսում գտնվող թիվ չունենք: Ուստի ՀՀ քաղաքացիների թվից հանենք միայն ՌԴ-ում բնակվողների թիվը, եւ կստացվի, որ ՀՀ առկա բնակչության թիվը առավելագույնը կարող է կազմել 2 մլն 260 հազար: Ընտրողների թիվը սովորաբար կազմում է ընդհանուր բնակչության թվի առավելագույնը 65 տոկոսը: Հետեւաբար միայն ՌԴ արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը հաշվի առնելով՝ ստացվում է, որ Հայաստանի ընտրողների թիվը կարող է լինել առավելագույնը 1 միլիոն 530 հազարի սահմաններում:
Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ընտրողների թիվն ուռճացված է առնվազն մեկ միլիոնով: Եվ պատահական չէ, որ ամենակարեւոր հարցին` ինչպես մաքրել ընտրացուցակները, ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ցանկանում լուծում տալ: Իշխանությունների հիմնական փաստարկն այն է, որ եթե ՀՀ քաղաքացին Հայաստանում հաշվառումից դուրս չի գալիս, ապա իրենք չեն կարող նրան ընտրական ցուցակից հանել, քանի որ մշտապես տեսական հնարավորություն կա, որ հեռացած քաղաքացին կարող է վերադառնալ եւ մասնակցել այս կամ այն ընտրություններին:
Իրականում, սակայն, այս խնդիրը շատ պարզ լուծում ունի, եւ ցանկության դեպքում իշխանությունները կարող են այն հեշտորեն լուծել: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել, որ ընտրողը իրավունք ունի քվեարկությանը մասնակցել միայն նույնականացման քարտով: Ըստ այդմ, պետությունը կարող է բոլոր ընտրողներին անվճար տրամադրել նույնականացման քարտեր: Իսկ ընտրացուցակներում կընդգրկվեն միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք կստանան նույնականացման քարտեր: Այսպիսով, բացակա ընտրողների խնդիրը կլուծվի, նրանց անունները պարզապես ընտրական ցուցակներից կզտվեն: Դրանից հետո ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակելու խնդիրը եւս օրակարգից դուրս կգա, քանի որ դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Ավելին՝ տեղամասերում ընտրողների գրանցման համակարգերը կարող են իրար հետ կապ չունենալ, բայց քվեարկության ավարտից հետո դրանց բազաները կարող են մեկտեղվել եւ բացահայտել կրկնակի քվեարկության դեպքերը, այդ թվում` լուսանկարների օգնությամբ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆՔ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այս տարվա փետրվարի 5-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանը ժամանակին իրեն ասել է, որ ինքն այն կարծիքին է, թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպիչ ունի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով Արամ Սարգսյանի ասածները հաշվի առնելով՝ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննել Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, թե ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են իրեն, որ Արամ Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանին հարցաքննելու հիմքեր չկան: Իբրեւ մերժման հիմնավորում մատնանշել են մեկ այլ հարցազրույցում Արամ Սարգսյանի ասածները, որտեղ նա վստահեցրել էր, թե ինքը չի ասել, որ Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների վերաբերյալ տեղեկություն ունի: Ըստ Սաքունցի՝ գլխավոր դատախազությունը մատնված է անգործության, քանի որ Արամ Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանին հարցաքննելու փոխարեն ենթադրություններով են առաջնորդվում: Հիշեցնենք, մեր թերթի նախորդ համարում այս սցենարի մասին գրել էին:

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ 2016 թվականի սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարող են առավել քան հետաքրքիր ընթացք ստանալ: Ի սկզբանե որպես Գյումրիի քաղաքապետի իշխանական թեկնածուներ շրջանառվում էր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունները: Նրանք վաղուց են պայքարում իշխանական թեկնածու դառնալու համար: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գյումրիում պայքարելու մտադրություն ունի նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, որը ծագումով գյումրեցի է եւ անցած տարվա հուլիսին՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո, հաճախակի է լինում իր ծննդավայրում: Սակայն որպեսզի Մանուկյանը կարողանա ընտրապայքարի մեջ մտնել, պետք է հաշվառված լինի Գյումրիում: «Ժողովուրդի» հետ զրույցում նախկին նախարարն ասաց, որ մարտի 15-ից ինքը Գյումրիի հաշվառում ունի: Սակայն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, ինչպես նաեւ հնարավոր ֆորմատի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2015-ին ավելացել են 500 հազար ռուսական ռուբլով: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները կազմել են 65 հազար դոլար, 2 մլն դրամ, 500 հազար ռուբլի եւ 18 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 100 հազար դրամ: Փոխնախարարը անցած տարի 41 հազար դոլարով վաճառել է «Toyota Land Cruiser 4.0» մակնիշի ավտոմեքենա: Քարամյանի կնոջ՝ Կարինե Նազարյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 20 հազար դոլար, 22 հազար եվրո եւ 1 մլն դրամ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱԿ-Ն ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ
«Իմ կարծիքով՝ ՀԱԿ-ը խուսափում է պատասխանից` դրանով իսկ փաստելով, որ իր վերաբերմունքն արդարացի չէ: Հակառակ դեպքում, կհիմնավորեին իրենց մերժողական պահվածքը: Ես չեմ կարծում, որ դա կարող է ՀԱԿ-ին կշիռ բերել կամ նպաստել ընդդիմադիր դաշտի միավորմանը: Սա այն պահն է, որ պետք է բոլոր անձնական խնդիրները մի կողմ դնել եւ աջակցություն հայտնել մի մարդու, ում հետ երկար ճանապարհ ենք անցել»,-Aravot.am-ին ասել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ստեղծված իրավիճակին:

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՄԱԿԱՐԳ
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի անդամ Հայկ Այվազյանի հարցին, թե էլեկտրոնային գրանցման սարքերի, տեխնիկական միջոցների համար որքա՞ն գումար են ծախսելու իշխանությունները, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ օգնության համար դիմում են դոնորներին. «Եթե գնանք միայն նույնականացման ID քարտերով ընտրությունների, գինը կտատանվի 7-8 մլն դոլարի սահմաններում, գրանցման սարքերի արժեքը 2-2.5 մլն դոլար է, եթե հետները հաշվենք մեծ մոնիտորները, մոտ կես մլն դոլար էլ դա է ավելացնելու իր սարքերով, անխափան հոսանքով, եթե էլեկտրոնային քվեարկության համակարգը ներդնենք, դրա գինն էլ մոտ 8 մլն դոլար կկազմի՝ կոպիտ թվերով»:

 

«ՃՆՇՎԱԾԸ»
«Եթե ընդդիմությունն իրեն «ճնշում» բառից լավ է զգում, թող անունը դնի «ճնշել»: Կարծում եմ` ոչ թե ձեւի վրա պետք է կենտրոնանանք, այլ բովանդակության»,-երեկ արձագանքելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը ճնշում է գործադրելու իշխանության վրա, Aravot.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Ես դուրս եմ եկել պատանեկան-երիտասարդական տարիքից, որ բառերին ուշադրություն դարձնեմ: Եթե Լեւոն Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, խնդիր չկա, թող ասի, որ մեզ ճնշել է»:

 

ԲԱՆ ԱՆՈՂՆԵՐՈՎ
«Կհայհոյեն, մի բան էլ ավել, պառլամենտական օրենքներ են»,- անդրադառնալով Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին` երեկ ասել է բուժման նպատակով արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին, այնպես որ նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, մարդու էլ են փորձում ինչ-որ մի բան անել», – մանրամասնել է Գրիգորիչը:

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ երեկ առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ «Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»,-ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում:

 

 

ՄԻԱՎՈՐԵԼ ՋԱՆՔԵՐԸ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: «Այսօր ահաբեկչությունը դարձել է ամենատարածված բարբարոսական գործիքներից մեկը, որն օգտագործվում է ծայրահեղական ուժերի կողմից իրենց նպատակներին հասնելու համար: Դրանք ուղղված են տարբեր տարածաշրջաններում ու աշխարհում կայունության խաթարմանը՝ ի հակառակ միջազգային իրավունքի ու համամարդկային արժեքների»,- նշել է նա:




Լրահոս