2012թ. hոկտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել Վարդենիս քաղաքի բնակիչ Էդգար Խլոյանի եւ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանի միջեւ: Արդյունքում` ընկերության աշխատակից Էդգարը տնօրենի հարցերը որոշել է լուծել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նրան առեւանգելով:
Ի՞նչ խնդիրներ են ունեցել «ԷԿԼՕՖ» կազմակերպության արդեն նախկին գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանն ու Էդգար Խլոյանը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Ա. Պապիկյանի հետ, որը մեզ հորդորեց այդ հարցով դիմել Է. Խլոյանին` պատճառաբանելով, թե նա մեզ ամեն ինչ կպատմի, քանի որ դա իրեն այդքան էլ չի հետաքրքրում. «Միջադեպ տեղի չի ունեցել, այդ ամենը թյուրիմացություն է, ու Ձեզ էլ ոչինչ չեմ կարող ասել»:
Արդյո՞ք կարող էր մարդու առեւանգումը դիտվել թյուրիմացություն: Զրուցեցինք նաեւ Է. Խլոյանի հորեղբոր տղայի` Կարենի հետ: Վերջինս, ի տարբերություն տնօրեն Պապիկյանի, մանրամասն պատմեց դեպքի մանրամասները. «Մինչ այս դեպքն Էդգարն աշխատում էր «ԷԿԼՕՖ» ընկերությունում եւ շատ լավ հարաբերությունների մեջ էր տնօրեն Արայիկ Պապիկյանի հետ: 2012թ. սեպտեմբերի 12-ին ծնվել էր Էդգարի առաջնեկը` Դավիթը: Երեխայի ծնվելու փաստը մեծ ուրախություն էր մեզ համար. ու նա ցանկացել էր իր ուրախությունը կիսել տնօրենի եւ իր գործընկերների հետ: Զանգահարել էր Պապիկյանին, որպեսզի հրավիրի կերուխումի, սակայն Պապիկյանի հեռախոսն անջատված է եղել, եւ Էդգարը որոշել է գնալ ընկերություն: Այնտեղ հանդիպել էր Պապիկյանին: Համոզել, թե գնանք ուրախությունը նշելու: Պապիկյանն էլ ասել, թե հիմա չի կարող, ու մի տեսակ ընկերական քաշքշուկ էր եղել: Ապա Պապիկյանը նստել էր Էդգարի մեքենան: Ճանապարհին ասել, թե քշի՛ մեքենան ընկերության մոտ, որպեսզի «կոստյումս վերցնեմ»: Եվ ահա այստեղ՝ ընկերության բակում, նրանց դիմավորել են արդեն Վաղարշապատի ոստիկանները»:
Մարդ առեւանգած Էդգարն արդյո՞ք կարող էր ոստիկանների կողքին կանգնել: Ինչպե՞ս է նման բան հնարավոր: Ինքն իրեն հարց տվեց հորեղբոր տղա Կարենը` շարունակելով պատմել եղելությունը. «Ոստիկանն այդտեղ Էդգարին ասել է, թե պետք է գնանք բաժին: Էդգարը հանգիստ համաձայնել է ու ոստիկանությունում պատմել ամեն ինչ: Սակայն Էդգարին նշված օրը կալանավորել են` պատճառաբանելով, որ «ԷԿԼՕՖ»-ի գրասենյակում գտնվող բանկի ոստիկան աշխատակիցը տեսել է, թե ինչպես են Պապիկյանն ու Էդգարը քաշքշել միմյանց: Մեզ համար տարօրինակ էր նաեւ այն փաստը, որ ՎՏԲ բանկն ունի տեսախցիկ, սակայն այդ օրը, չգիտես ինչու, տեսախցիկները չեն աշխատել կամ իրենց ձեռք չի տվել, որ աշխատեն»:
Հորեղբոր որդու վստահեցմամբ` Արայիկ Պապիկյանը եւս Վաղարշապատի ոստիկանությունում պատմել է, թե իրեն ոչ ոք չի առեւանգել. «Բայց ոստիկանությունում չեն համոզվել, եւ Էդգարին կալանավորել են»:
Սակայն այս «անմեղ» պատմության մասին մամուլը տարբեր վարկածներ է շրջանառել: Մասնավորապես նշվում էր, թե Էդգարն այդ օրը «Ռեք» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով է փորձել «հաշիվ մաքրել» Պապիկյանի հետ, դրա համար էլ ոստիկանները նրան բերման են ենթարկել: «Զենքի մասին ի՞նչ կասեք»,-հետաքրքրվեցինք Կարենից: «Նշված օրը Էդգարը եղել է իր եղբոր մեքենայով, եղբայրն օրինական գազային ատրճանակ ունի, որը մեքենայի մեջ է եղել: Ու այդ ատրճանակը մեքենան զննելու ընթացքում են գտել ոստիկանները: Ընդամենն այդքանը: Ու այդպես Էդգարին կալանավորելով` անիմաստ տեղը երեք ամիս է` պահում են բերդում,-ասաց նա ու հավելեց,-այն, ինչ Էդգարի նկատմամբ արել են, անարդարություն է, եւ բոլորը զարմացած են: Մենք չենք կարծում, որ այս ամենը դիտավորյալ սարքում են Էդգարի դեմ: Ուղղակի թյուրիմացության արդյունքում Էդգարը հայտնվեց նման իրավիճակում, ու մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»:
Նշենք, որ այժմ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արթուր Ադամյանի, շարունակում է քննել Էդգար Վանուշի Խլոյանի վերաբերյալ քրգործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 235-րդ հոդվ. 4-րդ մասով (ապօրինի կերպով գազային զենք կրելը` նախատեսում է ազատազրկում 2 տարի ժամկետով) եւ 131 հոդվ. 2-րդ մասի 3-րդ կետով (մարդու առեւանգումը զենքի սպառնալիքով` ազատազրկվում է 7-10 տարի ժամկետով):
Համաձայնե՛ք, որ իսկապես անհասկանալի պատմություն է. եթե իրականում Էդգարը առեւանգել է Պապիկյանին, ինչո՞ւ այդ մարդը չի բողոքում Էդգարի դեմ:
ՔԱՇՔՇԵԼ Է ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ