ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԱՐԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դպրոցների մանկավարժներից: Նրանց պատմելով՝ դպրոցների տնօրեններն իրենց զգուշացրել են, որ իրենք այլեւս չեն ստանալու նախատեսված լրավճարները: Խոսքը բարձր լեռնային վայրում աշխատող մանկավարժների համար նախատեսված հավելավճարի մասին է:

Մանկավարժներին ու մյուս աշխատակիցներին բացատրվել էր, թե ՀՀ վարչապետը նոր հրաման է ստորագրել՝ համաձայն որի 1 դրույք ունեցող աշխատակիցները 8000 դրամ լրավճարները կստանան, իսկ 1-ից ցածր դրույքաչափով աշխատող մարդիկ կզրկվեն հավելավճարներից: Տպավորություն էր, թե ովքեր 1 դրույքով չեն աշխատում, ոչ թե բարձր լեռնային գոտում են աշխատում, այլ հարթավայրում:
«Ժողովուրդ»-ը մանկավարժների դժգոհությունը փոխանցեց ՀՀ կառավարություն: Պարզվեց, որ ոչ թե չեն ստանալու, այլ կառավարության որոշման փոփոխության հետ կապված այդ լրավճարների չափը նվազեցվել է: Ինչի մասին մանկավարժներին դպրոցների տնօրենները պատշաճ չեն իրազեկել: Այս պահվածքը կասկած է հարուցում, որ դպրոցների տնօրենները այսպես փորձել են գրպանել այդ լրավճարների հետագա վճարումը:
Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի հետ, ով փոխանցեց, որ բոլոր բարձր լեռնային վայրում աշխատող մանկավարժներն իրենց դրույքի հաշվարկային թվին համապատասխան հավելավճարները ստացել են:
Նրա խոսքերով՝ մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 22-ի 1222-Ն որոշման ուժի մեջ մտնելը բարձր լեռնային վայրում աշխատողների հավելավճարների հաշվարկը կատարվում էր ՀՀ վարչապետի՝ 1999 ապրիլի 16-ի 226 որոշմամբ: Այսինքն՝ հավելավճարը վճարվում էր հաշվարկային աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 8000 դրամ: Այսինքն՝ 8 հազար դրամից ավել չի վճարվել: Իսկ հիմա 1222-Ն որոշումը հստակ կանոնակարգում է, որ աշխատաժամանակի նորմալ տեւողության, այսինքն՝ 1 դրույքի դեպքում բարձր լեռնային վայրում աշխատողի հավելավճարը ամսական կազմում է 8 հազար դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում, այսինքն՝ կիսատ աշխատելու դեպքում, դա արդեն նախատեսում է ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
Ի դեպ, նշենք, որ կառավարության՝ 2015 թվականի հոկտեբերի 22-ի 1222-Ն որոշման 1-ին կետը սահմանում է, որ պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձր լեռնային վայրում աշխատելու համար տրվում է հավելավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տեւողության դեպքում կազմում է ամսական 8 հազար դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տեւողության եւ տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
Օրինակ՝ 1 դրույք ունեցող բարձր լեռնայինը ստացել է 8 հազար դրամ, 0.75-ը՝ 6 հազար դրամ, 0.5-ը՝ 4 հազար դրամ հավելավճար եւ այսպես շարունակ: «Փետրվար ամսին որոշումը դրվել է գործածության մեջ. ես ինքս տեղում եղել եմ, ստուգել եմ. բոլոր վճարումները կատարված են: Չկա որեւէ մեկը, որ ստացած չլինի: Նվազեցում է եղել, հավանաբար մարդիկ մտածել են, որ իրենց գումարի մի մասը պահվել է: Տնօրեններին հանձնարարվել է բոլոր աշխատակիցներին կառավարության վերոնշյալ որոշումը մանրակրկիտ բացատրել: Դա զգուշացվել է բոլոր տնօրեններին: Հաշվապահներին հանձնարարվել է վերահաշվարկ կատարել եւ համապատասխանեցնել 1222-Ն որոշմանը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց Մուշեղյանը:
«Ժողովուրդ»-ը կհետեւի իրավիճակին, որպեսզի որեւէ մանկավարժի գումար «տակով չարվի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իրականացված 5 պայթյունների հետեւանքով ժամը 16:00-ի դրությամբ զոհվել էր 28 մարդ, եւս 80-ը վիրավորվել էին: Ահաբեկչությունների հետեւանքով բոլոր չվերթները չեղյալ էին հայտարարվել, երկիրը փակել էր սահմաններն ու ուժգնացրել անվտանգության միջոցառումները, մարդիկ տարհանվում էին, փակվել էին դպրոցներն ու մանկապարտեզները, մեքենաների տեղաշարժը դադարեցվել էր:

Հայտնի դարձավ նաեւ, որ Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հետեւում կանգնած է փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը, ում օրեր առաջ ձերբակալել էր Բելգիայի ոստիկանությունը: Հիշեցնենք, որ 2015 թվականին փարիզյան «Բատակլան» թատրոնում ահաբեկչություն կազմակերպելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը թիրախավորել էր մի քանի երկրներ, որոնց մեջ նաեւ Բելգիան էր: Փաստորեն, դա կատակ չէր. ինչպես ասացին, այնպես էլ արեցին:
Մեր գործընկեր, Բելգիայում բնակվող Մարգարիտ Սարգսյանից տեղեկացանք, որ մարդիկ սովորականի պես զբաղված են իրենց գործերով, պարզապես փողոցներում եւ մետրոյի կայարանները լեցուն են ոստիկանության աշխատակիցներով եւ զինվորականներով:
Տեղեկացնենք, որ Բրյուսելում էին գտնվում ՀՀ Ազգային ժողովի ութ պատգամավորներ, ովքեր մասնակցում էին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-24¬ը Բրյուսել էր մեկնել ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, իսկ ՀՀ ԱԺ հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը մասնակցում էին նույն վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին:
ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նաեւ Բրյուսելում Հայաստանի դեսպանատունը, պարբերաբար հետեւում էին դեպքերի նոր զարգացումներին՝ հայտնելով, թե ինչպես են պատգամավորները, եւ թե արդյոք զոհվածների մեջ հայեր կան: Բրյուսելում ՀՀ դեսպանատունը նաեւ սոցցանցի իր էջում տեղեկացրել էր, որ քաղաքի մետրոյի բոլոր կայարանները փակվում են, եւ կոչ են արել ձեռնպահ մնալ օդանավակայան մեկնելուց ու խցանումներ չստեղծել, իսկ Թեւան Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել էր, որ նիստի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, պատվիրակության անդամների հետ ամեն ինչ նորմալ է:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ, ով տեղեկացրեց, որ աշխատանքները միառժամանակ դադարեցված են:
«Դա բնական է, քանի որ ներքուստ այդ անհանգիստ վիճակն է տիրում: Ամեն դեպքում ունենք որոշ գործառույթներ, որոնք ճիշտ կլինի թեկուզ ավելի ուշ, բայց քննարկենք: Մինչ այժմ մենք բավականին արդյունավետ ենք աշխատել, հանձնաժողովի նիստերն ենք անցկացրել, նիստի ընթացքում մեր կատարված առաջարկությունների մեծ մասը ընդունելի են եղել բոլոր երկրների պատվիրակությունների կողմից: Այո՛, ցավալի երեւույթ է, այժմ քննարկում են համատեղ ցավակցական հայտարարությամբ հանդես գալու հարցը: Իսկ այժմ սպասողական վիճակում ենք, սակայն մեզ հետ ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա»:
Քիչ ավելի ուշ փորձեցինք կապ հաստատել պատվիրակության մեկ այլ անդամ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ ամեն դեպքում որոշվել է արագ կազմակերպել պլենար նիստի քվեարկությունը:
«Երկու անգամ հետաձգեցին, քանի որ եվրոպացի պատգամավորներից շատերը գնացել էին շենքից, բայց մենք երեկ քվեարկություններ արել էինք, այսօր պետք է պլենար նիստին քվեարկեինք: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ է, ի վերջո, այսքան աշխատանք էինք կատարել: Գոնե այսօրվանը անենք, վաղվանը տեսնենք՝ ինչ է լինելու: 24-ին ավարտվում է մեր գործուղումը, տեսնենք՝ օդանավակայանը ինչ վիճակում կլինի»:
Հուսանք՝ ամեն ինչ նորմալ կլինի, եւ հայկական պատվիրակությունը անփորձանք կվերադառնա Երեւան:

ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 
ԱՆԱՍՆԱԳՈՂՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է գյուղի բնակիչ, Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ նա Լուսահովիտի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Դատաքննության ընթացքում Գ. Սարհատյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը համարել է, որ այդ կերպ նա ցանկանում է խուսափել քրեական պատասխանատվությունից եւ նրա մեղքն ապացուցված է համարել տուժողի եւ վկաների ցուցմունքներով: Որպես Գ. Սարհատյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա խնամքի տակ ունի մինչեւ տասնչորս տարեկան երկու երեխա, երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով տուժող Գրետա Թիրաբյանը հանցագործության արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջով իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել:

 

 

ՔԱՐՈՒՔԱՆԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները Երեւանից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաք շուրջ 200 կմ ավտոճանապարհը հաղթահարում են երեքուկես ժամում: Պատճառն այն է, որ Հրազդանի տարածաշրջանում, Սեւանի մայրուղում հարյուրավոր փոսեր կան, որոնք խանգարում են երթեւեկին, մեքենաները դրանք շրջանցելով՝ «լամբադա են պարում»: Բանն այն է, որ ճանապարհաշինարարները փոսերը խորացրել եւ լայնացրել են, որպեսզի հետագայում փոսային նորոգումներ կատարեն, սակայն տեղացած ձյունն ու անձրեւները փոսերը լցրել են ջրով: Հատկապես գիշերային ժամերին ջրառատ այդ փոսերը վատ տեսանելի են, ինչի արդյունքում շատ վարորդներ վնասում են մեքենաները` ընկնելով այդ խորը փոսերի մեջ: Վարորդները հույս չունեն, որ փոսային նորոգումները շուտ կկատարվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ այդ գործընթացը մեզ մոտ երբեմն ամիսներ է տեւում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս