ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը` նախագահականի կայքից
Սերժ Սարգսյանը պարգեւատրում է հարազատ եղբորը: Իհարկե, Լեւոն Սարգսյանն իսկապես մեծ աշխատանք է կատարում, բայց արդյոք արժեր պարգեւատրել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը երկքաղաքացի է, ապա ինչպե՞ս է իրականացվում նրա պարտադիր զինավորական ծառայության հարցը:
Իրինա Մանուչարյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից եւ վարժական հավաքներից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որի նպատակն է 1992թ. աշնանային զորակոչից մինչեւ 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ եւ հաշվառել պահեստազորում:
ՀԱՐՑ. Եթե անձը ապրում է այլ երկրում (Ռուսաստանի Դաշնությունում) եւ ստանում է այնտեղի թոշակը, նա իրավունք ունի՞ թոշակ ստանալ նաեւ ՀՀ-ից: Նշեմ, որ նա ունի ՀՀ քաղաքացիություն:
Նազիկ Գեւորգյան (53 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 33-րդ կետի համաձայն` համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու եւ ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:
Ըստ Ձեր գրության` Դուք կենսաթոշակ ստանում եք Ռուսաստանի Դաշնությունից: Ելնելով ասվածից` Հայաստանի Հանրապետությունում Ձեզ կենսաթոշակ կարող է նշանակվել (վճարվել) ՀՀ-ում հաշվառում ունենալու, ՌԴ-ում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու եւ նախկին բնակության վայրի իրավասու մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակի հիմնական չափը կազմում է 16.000 դրամ: