Այս օրերին քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում: Եթե ոչ, ապա կուսակցությունը կարող է չգրանցվել ԿԸՀ-ի կողմից: «Ժողովուրդ»-ն արդեն ահազանգել էր այս խնդրի մասին` արձանագրելով, որ պարտադիր այս նորմը, եթե ընդունվի, ընդդիմադիր կուսակցությունների համար կարող է պատուհաս դառնալ, քանի որ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մշտապես քաղաքական առումով չեզոքություն են պահպանում եւ դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որեւէ կուսակցությունում ընդգրկվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու պարտադիր նորմը հանել: Կթողնվի հայեցողական. քաղաքական որ ուժը ցանկանա ազգային փոքրամասնության որեւէ ներկայացուցչի ընդգրկել իր ցուցակում, կարող է անել: «Համենայնդեպս դա չի կարող կուսակցությունների գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ»,- տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը:
Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ»: Պատգամավորը ակնկալում է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը՝ ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել եւ այլն: ԱԱԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյո՞ք իրենք են իրականացրել նկարահանումը: ԱԱԾ-ի հարցմանը դրական է տրվել շտաբից` խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, մեզ չհաջողվեց պարզել: Հիմա ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը:
Անցած շաբաթ Երեւանում կայացած մարդու իրավունքների հարցերի շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով քաղաքական դրդապատճառներով կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործին, ասել էր, որ նախաքննական փուլում ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: «Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայից պարզել, թե ի՞նչ կարծիք ունի Գեւորգի գործի մասին, կիսո՞ւմ է պարոն Սվիտալսկու տեսակետը: Սակայն Նատալյա Վուտովան բավականին հակիրճ պատասխանեց մեր հարցին` ասելով. «Ես կարծիք չունեմ դրա հետ կապված»: Զրույցի շարունակությունը 2-րդ էջում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահող Արթուր Սմբատյանի, դատավորներ Աստղիկ Խառատյանի եւ Ալվարդ Հունանյանի կազմով, երեկ որոշում է կայացրել բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացրած վճիռը: Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ին Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի բռնագանձել մոտ 2 մլն դրամ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է, որ գործը քննած դատարանը վճիռը կայացնելիս հաշվի չի առել պատասխանողի ֆինանսական հնարավորությունները եւ ճիշտ վճիռ չի կայացրել: Ըստ այդմ, դատարանը որոշել է, որ այս գործը պետք է վերադարձվի առաջին ատյանի դատարան եւ եւս մեկ անգամ քննարկվի: Վերաքննիչ դատարանի որոշումը կողմերը կարող են բողոքարկել մեկ ամսվա ընթացքում:
ԶԱՎԵՇՏԱԼԻ ՄԱԿԱՐԴԱԿ
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից բացի` նախատեսվում է նաեւ Ջանելիձեի հանդիպումը Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սա այն ամբողջ տեղեկատվությունն է, որն այս պահին հայտնի է: Իսկ թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են բանակցելու ՀՀ եւ վրաց արտգործնախարարները, կարելի է միայն ենթադրել:
Ի թիվս հայ-վրացական քաղաքական օրակարգի ավանդական հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված նոր մարտահրավերների, ներկայումս ակտուալ են հատկապես տնտեսական համագործակցության հետ կապված ծրագրերը: Մասնավորապես արդեն տեւական ժամանակ է` խոսվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու նախագծի մասին, որի շուրջ հայկական կողմի համաձայնությունը ստանալու անհրաժեշտության մասին շուրջ մեկ ամիս առաջ Թեհրանում բարձրաձայնել էր Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Պակաս հրատապ չէ նաեւ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի հետ կապված վերջին շրջանում ստեղծված ոչ միանշանակ իրավիճակը ինչպես ռուս-վրացական, այնպես էլ ռուս-հայկական բանակցությունների համատեքստում: Կան նաեւ մշտապես քննարկման կարոտ Լարսի օրումեջ փակվող անցակետի, աբխազական երկաթուղու, Ջավախքի, Թբիլիսիի հայկական համայնքին պատկանող շինությունների եւ էլի բազմաթիվ հարցեր, որոնց մասին բարձրաձայնվում են նման բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների ընթացքում, սակայն լուծումներն այդպես էլ չեն գտնվում:
Այդ հարցում, բնականաբար, կարեւոր դերակատարություն ունի Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, որի ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում, որի հետ մենք ունենք ինչպես հնարավորությունների, այնպես էլ շատ լուրջ խնդիրների մեծ շրջանակ: Մինչդեռ Վրաստանում Հայաստանի դեսպանի գործունեության մասին ժամանակ առ ժամանակ մամուլ սպրդող տեղեկատվությունը ստիպում է մտածել, որ Վրաստանը Հայաստանի համար որեւէ նշանակություն չունի: Ընդ որում, առավել մտահոգիչ է այն, որ նման տեսակետ է ձեւավորվում նաեւ վրացական կողմի մոտ:
Թե ինչով է պայմանավորված Հայոց ցեղասպանությունը «զավեշտալի իրադարձություն» որակած Յուրի Վարդանյանին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների ընթացքը վստահած Սերժ Սարգսյանի` նման անլուրջ մոտեցումը, թերեւս գիտի միայն Սարգսյանն ինքը, բայց որ դրա արդյունքում ակնհայտորեն տուժում են հայ-վրացական հարաբերությունները, այլեւս դժվար է չտեսնել:
Ինչեւէ, հուսանք այսօր այս հարցը չի լինի Մ. Ջանելիձեի եւ Է. Նալբանդյանի բանակցային օրակարգի ամենակարեւոր կետը: