Հայաստանում հատկապես նախընտրական շրջանում, ինչպիսին ներկայումս է, երբ իշխանությունների առաջ խնդիր է բարձրացվում ընտրություններն առավել լավ կազմակերպելու եւ ընտրակեղծիքների կանխարգելման մասին, իշխանությունները բազմաթիվ պատճառաբանություններ են առաջ քաշում՝ հրաժարվելով նոր փոփոխություններից: Մերժման հիմնական պատճառներից մեկը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Այս տեսանկյունից միջազգային կառույցների կողմից ընտրական որոշակի գործընթացների համար ցուցաբերվող աջակցությունը դառնում է շատ կարեւոր:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
-Հայաստանում այս օրերին քննարկվում է ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը: Տեղեկություններ հրապարակվեցին, որ Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ուղին բռնած երկրներին օժանդակել է ընտրությունները էլէկտրոնային տարբերակով իրականացնելու հարցում: Կարելի՞ է իմանալ, թե որ երկրներին է ֆինանսավորել ԵԽ-ն առհասարակ, որքա՞ն գումար է տրամադրվել:
-Եվրոպային խորհուրդը ընդհանրապես էլեկտրոնային քվեարկության համար չի ֆինանսավորում:
-Այսինքն՝ Եվրոպայի խորհուրդը ֆինանսական որեւէ աջակցություն չի ցուցաբերո՞ւմ երկրներին` կլինի էլեկտրոնային կամ այլ տարբերակով ընտրությունը ազատ, թափանցիկ անցկացնելու համար:
-Ինչպես գիտեք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական կարծիք է ներկայացնում մասնավորապես հենց ընտրական օենսգրքի նախագծի վեաբերյալ:
-Իսկ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ փորձե՞լ են ֆինանսական օժանդակություն խնդրել, որպեսզի կարողանան Հայաստանում ընտրական նորարարություններ կիրառել:
-Ինչպես նշեցի, Եվրոպայի խորհուրդը տեխնիկական սարքավորումների հարցերի համար ֆինանսավորում չի տրամադրում: Եվրոպային խորհուրդը տեղական մարմիններին փորձագիտական կարծիք է տրամադրում եւ վերապատրաստումներ իրականացնում:
-Տիկի՛ն Վուտովա, ՀՀ ԸՕ նախագծում ամենախնդրահարույց հարցերից մեկը 65 հոդվածի 7 կետն է, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Արդյո՞ք այս մոտեցումը զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը չի վնասում:
-ԵԱՀԿ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը իրենց փորձագիտական կարծիքը կտրամադրեն նախագծի վերաբերյալ, եւ դրանից էլ պարզ կլինի:
-Ձեր հայրենիքում ընտրությունների ի՞նչ մեխանիզմ է գործում:
-Իմ հայրենքիը Բուլղարիան է, եւ այնտեղ համամասնական ընտրակարգ է կիրառվում, բայց ժողովրդավարությունը բոլոր երկրներում էլ գործընթաց է անցնում: Այսինքն՝ կապ չունի դա Եվրոպային խորհրդի հի՞ն անդամ երկիր է, թե՞ նոր: Դա շարունակական գործընթաց է:
-Անցած շաբաթ Երեւանում կայացած մարդու իրավունքների շուրջ ԵՄ – Հայաստան երկխոսության ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով քաղաքական դրդապատճառներով կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործին, ասել էր, որ նախաքննական փուլում ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: Ի՞նչ կասեք Դուք այս մասին:
-Ես կարծիք չունեմ դրա հետ կապված:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդն, ինչ խոսք, ֆինանսավորող կառույց չէ, սակայն այն կազմակերպությունները, որոնց վրա դրված է ֆինանսավորում տալու գործառույթը, առաջնորդվում են Եվրոպայի խորհրդի գրասենյակի որոշումներով: Այնպես որ, մեծ հաշվով Եվրոպայի խորհուրդն է որոշելու՝ տա՞լ դրամաշնորհ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կիրառման եւ արդար ընտրությունների անցկացման համար, թե՞ ոչ: Մեզ մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԵՆԱՇՆՈՐՀԱՑՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ` ՄԵՆԱՇՆՈՐՀԱՑՎԱԾ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐ ԵՆ
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երեկ ներկայացրեց 2015 թ. պետական գնումների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի արդյունքներից պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակում են լայն տարածում ունենալ «ատկատների» հին ու բարի ավանդույթները, իսկ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «մեծ ձկներն» էլ շարունաում են իրենց կոռուպցիոն լողը պետգնումների՝ շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող ծովում:
Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլն» արդեն 10-րդ տարին է, ինչ ուսունասիրում է Հայաստանի պետական գնումների համակարգը եւ հանդես գալիս ամենամյա զեկույցներով: Երեկվա տեղեկագիրը ներկայացրած ԹԻ գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ պետական գնումների ոլորտում թեեւ որոշ ուղղություններով կա առաջընթաց, սակայն ընդհանուր առմամբ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին խոսք լինել չի կարող: Նրա ներկայացմամբ` 2015թ. մեկ անձից գնման հիմքով կնքվել են մոտ 183 մլրդ դրամի պայմանագրեր, ինչը փաստում է, որ ոչ մրցակցային հիմքով գնումները շարունակում են էական տեսակարար կշիռ ունենալ պետական գնումներում: «Օրինակ՝ մի նախարարություն ունի իր ենթակայության ներքո ՓԲԸ, որից էլ ձեռք է բերում ծառայություններ: Սա բացասական երեւույթ է, եւ կասկածները խորանում են»,- նկատեց փորձագետը:
Լրագրողների պահանջին` ներկայացնել կոնկրետ դեպքեր` կոնկրետ անուններով, Մանուկյանն արձագանքեց. «Օրինակ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) 2015 թվականին 3 միլիոն 107 հազար դրամի մեկ անձից գնումներ է կատարել ԴԱՀԿ-ի ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Քեթրին գրուպից»:
Արտակ Մանուկյանը նշեց, որ ԹԻ կողմից արձանագրվել են ռիսկային շուրջ 30 նման գործարքներ, որոնց ցանկը ներկայացված է կազմակերպության կայքում:
Ասուլիսին ներկա ԹԻ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ նկատեց, որ շարունակվում է փոխկապակցված ընկերություններից ապրանքների ձեռքբերման պրակտիկան, բացի այդ` հաճախակիացել են դեպքերը, երբ պայմանագրում նշված չի ձեռքբերման վերջնաժամկետը:
Արտակ Մանուկյանի խոսքով` մեծ խնդիր են նաեւ ունիվերսալ ֆիրմաները, որոնք կարող են միաժամանակ ե՛ւ լվացքի փոշի մատակարարել, ե՛ւ կանաչապատում անել. «Սրանք միջնորդավորված գնումներ են: Վերահսկիչ պալատի հաշվետվությունում էլ ներկայացված են նման երեւույթներ: Օրինակ՝ պետական գնումներով աղ են ձեռք բերում ոչ թե կոմբինատից, այլ մի ընկերությունից, որը կոմբինատից գնում է եւ վաճառում պետական հիմնարկին: Եթե մեկ անձից գնումներ են անում, ապա մեր սահմանափակ բյուջեով ի՞նչ կարիք կա միջնորդավորված գնումներ անել եւ արհեստականորեն շահույթներ ապահովել»,- տարակուսեց փորձագետը, ինչին արձագանքելով` Վարուժան Հոկտանյանը նկատեց.«Ինչպիսին մեր մենաշնորհացված տնտեսությունն է, այնպիսին էլ պետական գնումներն են»:
Հ. Գ. Ի դեպ, ասուլիսի ընթացքում Արտակ Մանուկյանը նշեց, որ e-gov.am կայքում մեկ անձից կատարվող գնումների ցանկում տեւական ժամանակով հանվել էին 2015 թվականի վերջին ամիսների գնումների հաշվետվությունները: Ուշագրավ է, որ փորձագետի այս բարձրաձայնումից ժամեր անց կառավարության կայքէջում վերականգնվեց այդ գնումների ցանկը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՓՈՒՉԻԿ» ԿԱՐԵՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը անցած տարվա ընթացքում գնել է 28 մլն 800 հազար դրամ արժողությամբ բնակարան: Բացի այս՝ պատգամավորի փոխառության՝ վարկի գումարը տարվա վերջում կազմել է մոտ 85 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները՝ մոտ 13 մլն 250 հազար դրամ: Տեղեկացնենք, որ տակավին ոչ այդքան երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորի աշխատավարձը ամսական կազմել է մոտ 690 հազար դրամ: Նշենք, որ Փուչիկ Կարենի (այդպիսի մականուն նա ձեռք բերեց) մանկապարտեզի տնօրեն կնոջ հայտարարագիրը ներկայացված չէ: Փոխարենը պատգամավորի մայրը՝ Լիլյա Զաքարյանն է հայտարարագրել. անցած տարվա ընթացքում նա որպես նվիրատվություն ստացել է 2.5 մլն դրամ: Նշենք, որ պատգամավորը դեռեւս 2012 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3-ական հողամաս, հողին ամրացված 2 անշարժ գույք, անավարտ կիսակառույց եւ «Gaz 31101» մակնիշի մեքենա: 2012-ին նրա աշխատավարձը կազմել է ավելի քան 5.5 մլն դրամ, իսկ ստացված փոխառությունը՝ 960 հազար դրամ: Ստացվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում Փուչիկ Կարենը հասցրել է բավականին ունեցվածք կուտակել:
ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 29-ին պայմանագիր է կնքել «Իմպերիա Թրավել» ՍՊԸ-ի հետ եւ գնել 4 ավիատոմս՝ Ժնեւ-Փարիզ-Վարշավա-Երեւան ուղղությամբ: Նախարարության կողմից գնված ավիատոմսերից մեկը բիզնես կարգի է եղել, իսկ երեքը՝ էկոնոմ: Դրանց համար պետբյուջեից ծախսվել է 2 մլն 225 հազար 700 դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ 2016-ին ներդրվելու է գործադիրի անդամների թռիչքների կարգավորման նոր ծրագիր: Կառավարությունը որոշել էր սահմանափակել պաշտոնյաների գործուղումների վրա ծախսվող միլիոնավոր դրամների վատնումը: Իսկ եթե որեւէ մեկը կորոշի իրեն սահմանված կարգով չարտոնված ճոխություն թույլ տալ, Դավիթ Հարությունյանի խոսքով, այդ գումարը պետական բյուջեից չի փոխհատուցվի: Բացառությունները միայն նախարարների դեպքում կարող են լինել:
ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը օրերս հայտնել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնելու մասին: Նա նշել էր, որ բանակցություններ են սկսելու ընդդիմադիր ուժերի հետ մի քանի շաբաթից միասին փողոց դուրս գալու համար: Լուրեր էին պտտվում, որ «Նոր Հայաստան»-ի մի մասը, հնարավոր է, միանա «Ժառանգություն» կուսակցությանը, եւ վերջինիս անվանափոխությամբ ստեղծվի նոր քաղաքական ուժ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դեռ նման բան չեն քննարկել, հարցի վերաբերյալ ընդհանրապես խոսակցություն չի եղել: