ՄԻԱՁՈՒԼՎԵ՛Ք, ԽՈՇՈՐԱՑԵ՛Ք ԿԱՄ ԼՈՒԾԱՐՎԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը քննարկելու նպատակով նախօրեին ՀՀ ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ, մի քանի անգամ հնչած բողոքներից մեկը վերաբերում էր խորհրդարանական ընտրությունների առաջարկվող կարգին: Սակայն իրականությունն այն է, որ ԸՕ նախագծով առաջարկվող մոտեցումներից միակը, որն իրականում լավն է եւ կարող է նպաստել Հայաստանում քաղաքական դաշտի զարգացմանը, Աժ ընտրություններին կուսակցությունների մասնակցության առաջարկվող համակարգն է:

Մարդ-կուսակցություն ներկայացնող բանախոսներից մի քանիսը լսումների ժամանակ պնդեցին, որ խորհրդարանի ընտրությունները պետք է կազմակերպվեն համամասնական ընտրակարգի ավանդական տարբերակով: Այսինքն՝ խոսքը մինչ այս Հայաստանում կիրառված համակարգի մասին է, որի ժամանակ համամասնական ընտրակարգի դեպքում հանրապետությունը դառնում է մեկ ընտրատարածք, եւ ընտրողը քվեարկում է ընդհանուր կուսակցության օգտին: Եթե տվյալ կուսակցությունը հաղթահարում է անցողիկ` 5 տոկոսի շեմը, ապա մանդատները համամասնական ցուցակի թեկնածուներին տրվում են հերթականությամբ: Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից պահանջվում է նվազագույնը 25 թեկնածուներից բաղկացած ցուցակ ներկայացնել, ինչպես նաեւ պարտադիր ապահովել, որպեսզի թեկնածուների յուրաքանչյուր տասնյակում առնվազն երկուսը լինեն կանայք: Այս հին համակարգով կուսակցության ղեկավարը կամ ղեկավար անձինք հնարավորություն ունեն միանձնյա որոշել, թե ովքեր պետք է լինեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այսինքն՝ նրանք են որոշում, թե ով պետք է պատգամավորի մանդատ ստանա, իսկ ովքեր ընդամենը ֆոն ապահովեն:
ԸՕ նախագծով առաջարկվող տարբերակով խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետությունը բաժանվում է 13 ընտրատարածքի: Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները ամեն ընտրատարածքում պետք է նվազագույնը 5 թեկնածու առաջադրի, այսինքն՝ հանրապետությունով մեկ ունենա 65 թեկնածուներ: Համամասնական ընդհանուր ցուցակում պետք է լինեն առնվազն 80 թեկնածուներ: Ընտրողը կուսակցության օգտին քվեարկելիս կարող է նաեւ իր ձայնը տալ տվյալ ընտրատարածքում նույն քաղաքական ուժի առաջադրած նվազագույն հինգ թեկնածուներից մեկին: Մանդատների մի կեսը տրվելու է ընդհանուր համամասնական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության, իսկ մյուս կեսը` ընտրատարածքներում առավել քվե ստացած թեկնածուներին, որոնք տվյալ դեպքում լինելու են իրենց քաղաքական ուժի հաղթանակի հիմնական ապահովողները: Այսինքն՝ գործնականում նշանակություն չի ունենա, թե այս կամ այն թեկնածուն, իր հայրենի կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակի որ հորիզոնականում կլինի, նա կարող է ամենաշատ քվեն ապահովել իր քաղաքական ուժին եւ օրենքի ուժով ստանալ իր մանդատը:
Այս առաջարկին դեմ արտահայտվողները պնդում են, թե փոքր կուսակցությունները հնարավոր է՝ ողջ հանրապետությունում չկարողանան թեկնածուներ առաջադրել, բայց միայն Երեւանի կամ մարզերից որեւէ մեկի ընտրողների տված քվեներով անցողիկ շեմը հաղթահարեն: Իսկ ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի ընտրողների մեծամասնությունը եւս հանկարծ որոշի անթեկնածու կուսակցության օգտին քվեարկել: Կստացվի՝ կուսակցությունը կա, որը պետք է իշխանություն դառնա, բայց գործնականում այն չկա: Ուստի լիարժեք արդարացի է իշխանությունների այն մոտեցումը, որ ամեն մի մարզում հինգական թեկնածու չունեցող կուսակցությունը չպիտի ԱԺ ընտրություններին մասնակցի եւ իշխանության հավակնի:
Ավելին՝ առաջարկվող տարբերակի կիրառվելու դեպքում այն պատճառ կդառնա, որպեսզի բոլոր կուսակցություններում, նույնիսկ իշխանական, ներքին մրցակցություն ծավալվի: Իսկ մրցակցությունն ինչպես տնտեսությունում, այնպես էլ քաղաքականությունում, միմիայն դրական արդյունքների կհանգեցնի:
Իսկ ինչ մնում է մարդ-կուսակցություններին, ապա վերջիններս երկու ճանապարհ ունեն. պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ միաձուլվելով խոշորանան կամ էլ պետք է ընդհանրապես լուծարվեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՎՐԱ ԳՑԵԼՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿ-ում խոշտանգման է ենթարկվում: Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարին կալանավորել են 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով: Շիրխանյանի կինը նշել էր, որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, եւ մեկուսարանից դեղորայք են պահանջում: Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանել է, որ բժիշկների կողմից Վ. Շիրխանյանի համար նշանակված բոլոր դեղամիջոցները հատկացվել են, բացառությամբ «Քսարելտո» դեղամիջոցի, որը ներառված չէ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանացանկում: Օրենսդրության պահանջներին համապատասխան դատապարտված եւ կալանավորված անձանց հարազատները իրավունք ունեն վերոգրյալ անվանացանկում չներառված դեղամիջոցը ձեռք բերել եւ փոխանցել դատապատված կամ կալանավորված անձանց, ինչի մասին էլ պատշաճ կերպով իրազեկվել են թե՛ Վ. Շիրխանյանը, թե՛ նրա հարազատները: Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժշկին, ով իբր սխալ ցուցումներ է տվել, հայտնենք, որ հիմնարկի բժիշկը իր որոշումները կայացնելիս առաջնորդվել է բացառապես «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ի կողմից տրված մասնագիտական բժշկական եզրակացությամբ»: Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն Վահան Շիրխանյանի առողջական վիճակի բարդացման ողջ պատասխանատվության հարցը բարդում է «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ի «գլխին»:

 

 

ԿԱՏԱԿՆ ՈՒ ԿՐԱԿՈՑԸ
Մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվել էր 19-ամյա զինծառայող Հովհաննես Հարությունյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ սերժանտ Հարությունյանին կրակել էր նրա ծառայակից ընկերը, որը մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն էր իրականացրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա սպանվածի ծառայակից ընկերոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծառայակից ընկերը իրավապահներին հայտնել է, թե իրենք որեւէ թշնամանք չեն ունեցել: Ընդամենը կատակ են արել զենքով, ինչն էլ դարձել է ճակատագրական:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈՎ Է ՍԱԴՐԻՉԸ
«Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ»,- երեկ ասել է պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլեւ առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում եւ նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին եւ կառույցներին, որոնք սատարել եւ սատարում են այդ առաջարկը», – ասել է Նալբանդյանը։

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է, որ Հրազդանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանի եւ Հրազդանի քաղաքային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հետ. «Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների այս շրջանում օրինականությունը պահպանելու եւ քաղաքում լարվածության աճ թույլ չտալու անհրաժեշտության հետ կապված հարցեր: Իմ կողմից պատրաստակամություն հայտնեցի բոլոր ջանքերը ներդնել օրենքի անվերապահ պահպանումը ապահովելու եւ քրեական տարրերի ակտիվացումը թույլ չտալու համար»,- նշել է ԱԺ պատգամավորը:

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ
«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար։ Մեկ տարի առաջ՝ հունվարին, գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացնողը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», – «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված Էդ Ռոյսի եւ Բրեդ Շերմանի նամակին՝ Ուորլիքը նշել է, որ թեեւ նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել, սակայն Մինսկի համանախագահները աջակցում են խաղաղության պահպանմանն ուղղված այդ գործընթացին։




Լրահոս