ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՎԵՐԱԴԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթի եւ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի միջեւ սկսված դատավարությունը նոր փուլ է թեւակոխում: Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը եւ նույն դատարանում նոր քննություն իրականացնել: Ասել է, թե գործարարի` օրաթերթից 2 միլիոն դրամ բռնագանձելու ցանկությունը չիրականացավ:

Հիշեցնենք, որ պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ»-ում լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է գործարար Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի, ինչը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր գործարար Խաչատրյանին, ով հանդգնել էր վիրավորել եւ անվայել խոսքեր ասել լրագրողին, ինչն էլ դատական գործընթացների պատճառ հանդիսացավ:
Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության: Այնուհետեւ դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անտեսելով դատարանի կողմից կայացրած որոշումը, վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ, ինչի պատճառով օրաթերթի հաշիվները ամիսներ շարունակ արգելանքի տակ էին գտնվում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացրած որոշումն օմբուդսմենի գրասենյակի աչքից եւս չէր վրիպել: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ ընդդեմ դատավոր Ներսիսյանի: Օմբուդսմենի գրասենյակը կարծում էր, որ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտությամբ պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ, ըստ Օմբուդսմենի՝ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել: Նշվածը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանը դատարանին չի ներկայացրել զրպարտության պատճառով իրեն պատճառված վնասը հստակորեն հիմնավորող փաստեր եւ համապատասխանաբար այդ փաստը հավաստող ապացույցներ, այլ պարզապես դատարանից պահանջել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող զրպարտչական տեղեկություններ տարածելու համար օրաթերթից բռնագանձել 2 մլն դրամ, իսկ վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելու համար՝ 1 մլն դրամ որպես փոխհատուցում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՅՑԸ
Ինչպես հայտնի է՝ մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչեւ ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր հայտարարվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը: Երեկ առավոտյան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շտապեց Գորիս:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի երեկոյան Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբորը` Արթուր Գեւորգյանին: Վիճաբանությունը սկսվել էր նրանից, որ ոստիկանապետն առանց ներկայանալու փորձել էր կարգի հրավիրել գինովցած երիտասարդներին, ինչից հետո գործի էր դրել բռունցքները: Միջադեպին ականատես էին եղել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահան Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը եւ նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը:
«Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ոստիկանության Սյունիքի մարզի իրավապահների ներկայությամբ կայացած քննարկման ընթացքում ՀՀ փոխոստիկանապետը գովեստի խոսքեր է ասել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասին: Նա, իհարկե, չի արդարացրել Ազիզյանի արարքը, բայց միաժամանակ տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ազիզյանը նման վարքագիծ դրսեւորել: Պողոսյանն ասել է, որ Գորիսի բաժնի պետի տեղակալին աշխատանքից չեն հեռացրել այս միջադեպի արդյունքում: Իսկ թե ինչու են իրականում հեռացրել, չի մանրամասնել: Բայց ոստիկանապետ Ազիզյանն արդեն հավաքել է իրերը:
Նկատենք, որ Հունան Պողոսյանի այցը պայմանավորված էր նաեւ Սյունիքում կատարված կադրային մեկ այլ փոփոխության հետ: Ոստիկանության Մեղրիի բաժնում եւս նոր պետ է նշանակվել՝ Վարդան Ծատրյանը, որը նախկինում զբաղեցրել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ինչ արդյունք կտան այս փոփոխություննեը, ցույց կտա ժամանակը: Թերեւս բոլոր տեղափոխություններն իրականում մեկ նպատակ ունեն. ոստիկաններին դուրս հանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցության ոլորտից:
Հավելենք, որ մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանում կքննվի Գորիսի ոստիկանապետի տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի ծեծված եղբոր կալանքի հարցը: Այդ օրը կպարզվի` արդյո՞ք նրան գրավի դիմաց ազատ կարձակեն, թե կալանքի որոշումը կմնա անփոփոխ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԵՏԱԿՈԾՈՒՄ ԵՆ
Մարտի 22-ին եւ լույս 23-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

 

 

ՔԵՐԻՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Երեկ Մոսկվա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` բանակցելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կրեմլից հայտնել են, որ Քերիին կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Օրակարգի ամենակարեւոր եւ առաջնային հարցերը Սիրիան եւ Ուկրաինան են», – ասել է Վ. Պուտինի մամլո խոսնակ Դ. Պեսկովը։

 

ՆՈՐ ՇՈՒԿԱ
ԱՄՆ արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը, ով Հայաստանում է՝ քննարկելու հայաստանյան արտադրանքը արտոնյալ պայմաններով ամերիկյան շուկա տանելու հնարավորությունները, երեկ ասել է. «Զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար նախատեսված այս ծրագրից օգտվելով՝ հայ գործարարները կարող են առանց տուրքերի 3500 ապրանքատեսակ արտահանել Նահանգներ: Արտոնյալ այս պայմաններով ԱՄՆ-ը կարող է նոր շուկա դառնալ հայաստանյան մի շարք ապրանքների, օրինակ՝ ձկնկիթի համար, եւ ես հույս ունեմ, որ մեր հանդիպումից հետո հայ գործարարները կկիրառեն այս գործիքը՝ ընդլայնելով առեւտուրը Միացյալ Նահանգների հետ»: Նշենք, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ից արտոնյալ համակարգով ԱՄՆ է արտահանվել շուրջ 63 միլիոն դոլարի ապրանք:

 

ՉԵՆ ԽԱՂԱ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաեւ դարպասապահ Գեւորգ Կասպարովը հավաքականի կազմում այլեւս չեն խաղա։ Այդ մասին «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հայտարարելով, որ այդ ֆուտբոլիստները, չնայած իրենց բարձր խաղային որակներին, հավաքական էին գալիս զվարճանալու։ «Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչեւ ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ»:

 

ՆՈՐ  ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստան: Նախորդ տարի տարածաշրջան ներթափանցած Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռք բերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:

 

ՀԱՅԵՐ ՉԿԱՆ
Բելգիայում Հայաստանի դեսպանությունը, վկայակոչելով Բելգիայի իշխանություններին, տեղեկացնում է, որ Բրյուսելի ահաբեկչություններից զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Դեսպանությունը նաեւ տեղեկացնում է, որ Բրյուսելի օդանավակայանից վաղը՝ մարտի 24-ին, ուղեւորափոխադրումներ չեն իրականացվելու:




Լրահոս