ԱՄՆ-ում նախագահական մրցավազքը հատել է իր հասարակածը: Ամեն հաջորդ քվեարկությունից հետո Թրամփի ու Քլինթոնի առճակատումն ավելի է ուրվագծվում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում: Սակայն եթե հանրապետականների մոտ ներկուսակցական պայքարում ձգտում են կանգնեցնել Թրամփին, ապա դեմոկրատների մոտ Քլինթոնը կենտրոնացրել է բոլոր ռեսուրսները` ընտրարշավում ներգրավելով նաեւ իր ամուսնուն` նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որն իր վերջին հայտարարության առթիվ ստիպված հանդես եկավ հատուկ պարզաբանմամբ: Մի բան, որ Հայաստանում խոշորացույցով էլ չես գտնի:
Նախօրեին հերթական քվեարկությունները կայացան Արիզոնա, Այդայո եւ Յուտա նահանգներում, որտեղ երկու կուսակցությունների առաջատարներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը հաղթեցին միայն մեկ նահանգում, ինչն այդքան էլ վատ արդյունք չէ նրանց համար: Հանրապետականների շրջանում Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը տպավորիչ արդյունքներ արձանագրեց երկու նահանագներում, մինչդեռ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը կրկին անկարող եղավ հաղթանակ տանելու: Վերջինս համոզված է, որ առանց քվեարկություններում հաղթելու ինքն ի վիճակի է հուլիսին Քլիվլենդում կայանալիք մեծ համաժողովում դառնալ միասնական թեկնածու` դուրս մղելով Թրամփին ու Քրուզին, որոնք, նահանգապետի համզոմամբ, այդպես էլ չեն կարողանա հավաքել նվազագույն 1237 լիազորները եւ խուսափել ընտրության երկրորդ փուլից: Հարկ է նկատել, որ կուսակցական համաժողովների առաջին փուլում լիազորները պարտադրված են քվեարկել իրենց նահանգում հաղթած թեկնածուի օգտին, սակայն եթե առաջին փուլով միասնական թեկնածու չի ընտրվում, ապա երկրորդ փուլում այլեւս պարտավորվածության հանգամանքը լիովին վերանում է:
Մինչ մարտի 22-ի քվեարկությունը, դեմոկրատների ճամբարում անվիճելի առաջատարը շարունակում էր մնալ նախկին առաջին տիկին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինիս Փենսիլվանիայի հուլիսյան համաժողովի առաջին փուլում ինքնըստինքյան կուսակցության միասնական թեկնածու դառնալու համար հարկավոր է 2383 լիազոր: Այս պահի դրությամբ Քլինթոնը լիազորների քանակով հաղթում է Վերմոնտը ներկայացնող Բեռնի Սանդերսին: Եթե նախկին առաջին տիկինն ունի 1681 լիազոր, ապա սենատորը տիրապետում է լոկ 927 ձայնի: Հարկ է շեշտել, որ Հիլարի Քլինթոնը Սանդերսին հաղթում է անգամ կուսակցական վերնախավի աջակցության բացակայությամբ, եթե վերցնենք միայն նահանգային քվեարկությունների արդյունքները: Եվ, իսկապես, Քլինթոնի գործերը լավ են ընթանում, եթե հաշվի առնենք, որ նա ունի ֆինանսական հսկայական լծակներ, պետական աշխատանքի մեծագույն փորձառություն եւ նախկին նախագահի կնոջ կարգավիճակ: ԱՄՆ-ում առաջին տիկինները հաճախ ավելի մեծ սեր ու հարգանք են վայելում քաղաքացիների մոտ, քան անձամբ նախագահները: Ի դեպ, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ակտիվորեն ներգրավված է կնոջ քարոզարշավում: Սակայն նրա վերջին հայտարարությունը զայրույթ եւ զարմանք էր առաջացրել դեմոկրատների շրջանում: Նախկին նախագահը պնդել էր, որ վերջին 8 տարիների «սարսափելի ժառանգությունը» տեսնելով` քաղաքացին պետք է ընտրի հենց Հիլարիին եւ ոչ որեւէ այլ թեկնածուի: Տպավորություն էր, որ Քլինթոնը քննադատում է Օբամայի քաղաքականությունը, որը մշակել ու վարել է դեմոկրատական կուսակցությունն, ու որում գերագույն ներդրում է ունեցել գործող նախագահի գործունեությունն ամեն քայլափոխի արդարացնող ու սատարող Հիլարին: Սակայն Բիլ Քլինթոնի մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ նախկին նախագահը նկատի չուներ Օբամայի կառավարումը, եւ խոսքը վերաբերել է հանրապետականների գործելակերպին, որոնք մեծամասնություն են եղել խորհրդարանում եւ ամեն ինչ արել խոչընդոտելու համար նախագահ Օբամայի քաղաքականությանը: Կարծես այս բացատրությունը տրամաբանական է թվում, քանզի Քլինթոնը հազիվ թե իր իսկ կուսակցության հասցեին հրապարակայնորեն նման կերպ արտահայտվեր, հատկապես, որ իր կինը հավակնում է առաջնորդել կուսակցությունը առաջիկա ընտրություններում:
Այդուհանդերձ, փաստ է, որ ԱՄՆ-ում քաղաքական գործիչների հակասական հայտարարությունները մեծ արձագանք են գտնում` ստիպելով նրանց պարզաբանումներ ներկայացնել իրենց մտքերի կապակցությամբ: Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը պատասխանատու չէ իր հայտարարությունների համար: Օրինակ` դեռ 2007թ. Սերժ Սարգսյանը, վարչապետի կարգավիճակում օտարերկրյա պարբերականներից մեկին տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նկատել էր, թե այն իրականում կրոնական է: Թեեւ Հայաստանում տպագիր մամուլը աղմուկ բարձրացրեց, սակայն Սարգսյանը ոչ միայն չարձագանքեց, այլեւ հստակ արհամարհանք ցույց տվեց իր անպատասխանատու հայտարարության առթիվ ծավալված հասարակական անհանգստության նկատմամբ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
6 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի բնակիչ Սումբատ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբին իր ծանոթ, Վրաստանի քաղաքացի Զազա Կվիրկաձեից առաջարկ ստանալով Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու վերաբերյալ, հանցավոր համագործակցություն է առաջարկել իր ծանոթ Հրանտ Օհանյանին եւ վերջինիս հանձնարարել ռադիոակտիվ նյութը հայթայթելու համար դիմել ուրանի մաքսանենգության գործով մի քանի տարի առաջ դատապարտված, այժմ ազատության մեջ գտնվող Գարիկ Դադայանին: Դրանից հետո Հրանտ Օհանյանը հեռախոսազանգով կապվել է Մոսկվայում գտնվող Գ. Դադայանի հետ՝ նրա Երեւան վերադառնալու եւ ռադիոակտիվ նյութն իրենց տրամադրելու համար: Այդ նպատակով Գ. Դադայանի պահանջով Ա. Տոնոյանն իր անունից բանկային փոխանցումով Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար: Հ. Օհանյանը 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երեւան ժամանած Գ. Դադայանին՝ նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված, 17 գրամ քաշով գերհարստացած ուրան՝ ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով: 2010թ. մարտի 11-ին Ս. Տոնոյանը եւ Հ. Օհանյանը ռադիոակտիվ նյութը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Թբիլիսի եւ նույն օրը փորձել են իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Նախկինում չդատապարտված Ս. Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ խիստ ներգործող, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի մաքսանենգությունը»): Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ս. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 25-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ՞
ՀՀ կառավարությունը առաջիկայում Արարատի մարզպետարանին կհատկացնի 11 մլն դրամ՝ Դիտակ գյուղի մանկապարտեզի շահագործման նպատակով: Բանն այն է, որ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը շվեյցարական «Sourie vers I’Avenir» հիմնադրամի կողմից տրամադրած ֆինանսական աջակցությամբ Դիտակ գյուղում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցման եւ վերանորոգման աշխատանքներ: Սակայն մանկապարտեզի գործարկումը հնարավոր չէ, քանի որ գյուղապետարանը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ եւ հարկավոր է եւս 11 մլն դրամ: Հուսանք՝ կառավարության կողմից տրամադրված գումարները կծառայեն իրենց նպատակին, եւ դիտակցի երեխաները, ի վերջո, կունենան իրենց մանկապարտեզը:
3 ՏԱՐՈՎ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
«Սեւան Ակվա» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կառավարությունը այսօրվա նիստում կբավարարի ընկերության հայտը եւ «Սեւան Ակվա» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 25-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Նշենք, որ այս ընկերությունը նախատեսում է Սեւանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: