ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Թուրքական իշխանությունները պատրաստ են ԵՄ երկրներ ուղարկել 25 հազար սիրիացի փախստականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: «Ներկա պահին Թուրքիայի միգրացիոն ծառայությունն արդեն ստուգել եւ նախապատրաստել է 25 հազար փախստականի փաստաթղթերը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա հավելել է, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ պատրաստ է 72 հազար փախստական ընդունել:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ից: Համաձայնագիրը ենթադրում է, որ Թուրքիան կվերադարձնի բոլոր անօրինական ներգաղթյալներին, ովքեր թուրքական տարածք են ներթափանցել Հունաստանի միջոցով, իսկ Եվրամիությունը կընդունի սիրիացի անօրինական ներգաղթյալներին՝ «մեկը՝ մեկի փոխարեն» սկզբունքով:

 

 

ՀՌԹԻՌՆԵՐ ՄԱԴՐԻԴԻ ՄԶԿԻԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ մի խումբ ակտիվիստներ ազդանշանային հրթիռներ են արձակել Մադրիդի ամենամեծ մզկիթի ուղղությամբ: Դրա հետեւանքով մզկիթին հարակից շրջաններում ուժեղ ծուխ է տարածվել: Հարձակում գործած անձինք պահել են «Այսօր՝ Բրյուսելը, իսկ վաղը՝ Մադրիդը» կարգախոսներով ազդագիր: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է Hogar Social Madrid ուլտրաաջ խմբավորումը, որը լուսանկարներ է տեղադրել սոցցանցերում՝ դրանք ուղեկցելով հետեւյալ գրություններով. «Երեկ՝ Փարիզը, այսօր՝ Բրյուսելը, վաղը՝ Մադրիդը»: Ակցիային անհապաղ արձագանքել է Մադրիդի քաղաքապետարանը: «Նրանք չեն կարող մուսուլման հասարակությանն օրենքից դուրս հայտարարել: Մենք միասին պայքարում ենք ահաբեկչության դեմ: Համատեղ գոյակցում՝ անվտանգ քաղաքներ»,- ասվում է քաղաքապետարանի Twitter-յան էջում:




Լրահոս