«ԻՆՁ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ ԶԱՐՄԱՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոֆի Մխեյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքին առնչվող թեմաների շուրջ, պարզել, թե է՛լ որ ժանրերում կցանկանար դրսեւորվել երգչուհին, եւ թե երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին: Մենք անդրադարձել ենք նաեւ նրա անձնական կյանքին: Սոֆին նշել է, որ գուցե ինքը երկրպագուներին տխրեցնում է անձնականի մասին լռելով, բայց նաեւ հորդորել է չմտահոգվել. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:

-Ձեր վերջին տեսահոլովակը` նկարահանված «Մի քիչ» երգի հիման վրա, մեծ տարածում գտավ համացանցում: Այս երգի, տեսահոլովակի ստեղծման հետ կապված կա՞ որեւէ հետաքրքիր դրվագ, որ կպատմեք Ձեր երկրպագուներին: Առաջիկայում էլի դուետներ կլինե՞ն:
-Իրականում «Մի քիչ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ստեղծման ամբողջ ընթացքն էր հետաքրքիր, սակայն, այնուամենայնիվ, ամենահետաքրքիրն այն էր, որ տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա շեմին. բոլորը պատրաստվում էին Նոր տարուն, իսկ մենք աշխատում էինք: Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին ու նաեւ հնարավոր հետաքրքիր զուգերգերին, ապա ասեմ, որ անակնկալներ, իհարկե, սպասվում են, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել: Եվ եթե հետեւել եք ստեղծագործական կյանքիս, ապա նկատած կլինեք, որ «Մի քիչ»-ը իմ երկրորդ զուգերգն է: Առաջինը «Արժանի է» երգն էր, որ ներկայացրեցինք Սիրուշոյի հետ: Իսկ տասը տարվա ընթացքում ընդամենը երկու զուգերգով հանդես գալը փաստում է, որ դուետների հարցում շատ բծախնդիր եմ: Ձգտում եմ, որ դրանք, ինչպես եւ իմ մնացած ստեղծագործությունները, լինեն յուրահատուկ, տարբերվող ու հիշվող:
-Կա՞ որեւէ ժանր, որի շրջանակներում դեռ հանդես չեք եկել, բայց շատ եք ցանկանում:
-Եթե կա ժանր, որն ինձ հոգեհարազատ է ու համապատասխան, ապա վաղ թե ուշ ինձ այդ ժանրում դրսեւորում եմ: Այս պահին կընդգծեմ ռոքը. դեպքեր եղել են, որ տարբեր նախագծերում ռոքային ստեղծագործություններ եմ ներկայացրել, բայց կուզեմ ինձ պատկանող գործն ունենալ հենց այս ոճում:
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդես գալ մենահամերգով: Ձեր երկրպագուները վաղուց արդեն սպասում են:
-Նախ շնորհակալ եմ, որ կա սպասումը: Ինքս էլ կարծում եմ, որ պահը վաղուց հասունացել է: Սակայն բազմիցս նշել եմ ու եւս մեկ անգամ կնշեմ, որ միայն գաղափարի համար մենահամերգ հաստատ չեմ կազմակերպի: Այն պետք է լինի հստակ մշակված ծրագրով, տեխնիկապես հագեցած, իսկ այդ ամենը բավական ժամանակատար է: Սակայն կուզեմ նշել, որ ապրիլի 5-ին կոլեգաներիս հետ ելույթ կունենամ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ արդեն 10-ին՝ հանրությանը «Մի քիչ» ստեղծագործությունից ծանոթ Վիգեն Հովսեփյանի համերգին, որ կկայանա «Կամի» ակումբում:
-Այժմ կանանց միամսյակն է, եւ թերեւս ճիշտ ժամանակը` խոսելու կանացի հարցերից: Հանդիսատեսը նախկինում սովոր էր տեսնել Ձեզ սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարում: Վերջին շրջանում կերպարային կտրուկ փոփոխություն է նկատվում: Դուք կարծես ընդգծել եք Ձեր կին տեսակը, գրավիչ, սեքսուալ կերպար եք ստացել: Սա շուկայի թելադրա՞նք է, թե՞ մի բան է, որ ներսից է գալիս, կապված է հոգեվիճակի հետ:
-Սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարը դեռեւս կա ու անպակաս է ինձնից, քանի որ այն իմ էության մի մասն է: Պարզապես ժամանակի ընթացքում ծնվում են ստեղծագործություններ, որոնք գուցե թելադրում են ինձ լինել ավելի կանացի, գրավիչ ու սեքսուալ: Իսկ ես միշտ տարբեր եմ, բայց եւ միշտ հավատարիմ ինքս ինձ:
-Ասում են` 30-ից հետո կնոջը դժվար է զարմացնել, նա դառնում է բծախնդիր եւ առավել շրջահայաց: Համաձա՞յն եք: Ձեզ, առհասարակ, հե՞շտ է զարմացնել: Իսկ տղամարդիկ Ձեզ հաճա՞խ են զարմացնում:
-Իհարկե, տարեցտարի ցանկացած կին դառնում է ավելի բծախնդիր, ուշադիր…
Իսկ զարմանալու եւ զարմացնելու ունակությունը, ինչ խոսք, հաճելի երեւույթ է:
Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ասեմ, որ ինձ այդքան էլ հեշտ չէ զարմացնել, բայց հնարավոր է ու թեկուզ ամենապրիմիտիվ տարբերակներով` հարաբերությունների միջոցով, մարդկային տեսակներով. ամեն դեպքում դեռ կարողանում են զարմացնել:
-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը, եւ ո՞րն եք համարում կնոջ երջանկության գատնիքը:
-Կարծում եմ` կնոջ ամենամեծ երազանքը մայրանալն է: Իսկ երջանկության գաղտնիքը շատ ինդիվիդուալ է, բայց գուցե հոգու խորքում բոլոր կանայք էլ ուզում են սիրել ու սիրված լինել եւ ունենալ լիարժեք ընտանիք:
-Վերջին շրջանում լրատվամիջոցներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Դուք ընկեր ունեք, նրան տեսնում էինք Ձեր կողքին տարբեր առիթներով: Երկրպագուներին հետաքրքրում է` հիմա Ձեր կողքին որեւէ մեկը կա՞, Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
-Լրատվամիջոցներում խոսակցություններ միշտ էլ պտտվում են, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական: Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:
-Ասում են` մի կինը երբեմն հազար տղամարդուց ուժեղ է: Թվում է, թե Դուք շատ ուժեղ կին եք, դա երբեմն չի՞ հոգնեցնում, կցանկանայի՞ք լիներ մեկը, որի կողքին կկարողանայիք թուլանալ:
-Համաձայն եմ, կան կանայք, որ բազմաթիվ տղամարդկանցից ուժեղ են: Լավ է, որ իմ մասին նման կարծիքի եք, սակայն պահեր են լինում, որ ես եւս իգական սեռի ցանկացած ներկայացուցչի պես ուժեղ հենարանի կարիք եմ ունենում:

 

 

 

 
ԵՐԵՎԱՆԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Երեւանում մի շարք արձաններ նախ` պահպանության, ապա` վերականգնման կարիք ունեն. այս խնդիրը տարիներ շարունակ մնում է արդիական: Քանդակագործ, մոնումենտալ դրվագող Ներսես Չարխչյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը մի քանի անգամ վերականգնել է Նոր Նորք վարչական շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Տորք Անգեղի հուշարձանը, առաջին անգամ դրա համար ծախսվել է մեկ միլիոն դրամ, երկրորդ անգամ` միլիոն ու կես, երրորդ անգամ` երկու միլիոն. «Եթե այդ արձանի պահպանության գործը մի ոստիկանի հանձնարարեին ու վճարեին նրան, դա ավելի քիչ կարժենար, քան վերականգնման համար արված ծախսը»,- նկատեց նա` հավելելով, որ խնդիրը վերաբերում է մայրաքաղաքում եւ դրանից դուրս գտնվող մյուս բոլոր արձաններին եւս:

Մենք թեմայի շուրջ մեկնաբանություն ստացանք պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանից, ով եւս շեշտեց, որ առաջին հերթին հարկավոր է ապահովել արձանի անվտանգությունը, հետո նոր վերականգնել այն: «ՀՀ անկախության 20-ամյակին Նոր Նորքում տեսախցիկներ էին դնում, մենք դիմեցինք ոստիկանությանը` խնդրելով դրանք տեղադրել այնպես, որ հսկեն ոչ միայն երթեւեկությունը, այլեւ Տորք Անգեղի հուշարձանը: Բայց քանի որ արձանը քաղաքաշինական միջավայրում չի, դրանից հեռու է գտնվում, այդ հարցը մնաց ու մնաց»,-ասաց նա:
Քանդակագործ Ն. Չարչխյանի համոզմամբ` զննության կարիք ունի նաեւ Մայր Հայաստան արձանը, որը ինքը մի անգամ փորձել է ուսումնասիրել, սակայն թանգարանի տնօրենն անվտանգության նկատառումից ելնելով՝ չի թույլատրել. «Ասաց` ես քեզ չեմ ճանաչում, կարող է բոմբ դնես, բան դնես… Երեւի ինքն էլ իր հերթին ճիշտ է ասում: Ուրեմն պետք է մեկը լինի, որ վարպետին լիազորի զննել քանդակը: Եվ, առհասարակ, ճիշտ կլինի, օրինակ` քաղաքապետարանում մի հաստիք բացել, մի վարպետ պահել, որը տարվա ընթացքում կզբաղվի արձանների զննությամբ»- նկատեց նա:
Կ. Այվազյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Մայր Հայաստան քանդակը գտնվում է պաշտպանության նախարարության բալանսում, ուստի դրա պահպանության, վերականգնման, ամրակայման հետ կապված խնդիրները նախարարությունը պետք է լուծի: «Հիմա ես տեղեկություն չունեմ այն մասին, որ Մայր Հայաստանը վատ վիճակում է, բայց վատ բան չեք ասում, կարելի է հետաքրքրվել: Այն մասնագետների հետ պետք է զննել, տեսնել` խնդիր կա, թե ոչ»,-նշեց նա:
Քանդակագործը առանձնացրեց նաեւ արձանների աղտոտվածության եւ դրանք սխալ, անգրագետ կերպով մաքրելու խնդիրը: «Տեսեք` ինչ վիճակում է Գրիբոյեդովի արձանը. ագռավները այնքան են կեղտոտել, որ բան չի երեւում, նույնը վերաբերում է Աբովյանի, Նալբանդյանի եւ մի շարք այլ արձաններին: Լվալու դեպքում էլ ջուր են օգտագործում, փոշին վերցնում են ու վերջ: Այնինչ քաղաքում աղբամաններ եւ նստարաններ տեղադրելու համար ծախսվող գումարի կեսի կեսն էլ որ տրամադրվի, հատուկ նյութեր կգնեն ու քանդակները դրանցով կմաքրեն, որ արձանների կյանքն էլ երկարի»,-շեշտեց նա:
Կ. Այվազյանն այս հարցում եւս համաձայնեց քանդակագործի հետ. «Խորհրդային տարիներին արձաններ մաքրող հատուկ խումբ կար, որը, թերեւս, նման հեղուկներով էր աշխատում: Այսօր այդ գործով զբաղվում է ԱԻՆ-ը: Մի անգամ ուզում էին քանդակներից մեկը «ռախշայով» լվանալ, արգելեցի: Մենք հիմա արձանները ջրով ենք լվանում: Դա վնաս չի տալիս քանդակին, բայց ոչ էլ լիարժեք մաքրում է այն»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ Է
Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

 

 

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում մարտի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը՝ Մ. Լադոյի «Սովորական պատմություն» ներկայացմամբ: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, դերերում` Նարեկ Բայանդուրյան, Արթուր Գասպարյան, Գլորիա Գեւորգյան, Արամ Միքայելյան, Նանո Պողոսյան, Սնեժանա Յագուբովա, Գագիկ Մելքումյան, Էդուարդ Մուրադյան, Քրիստինե Միրզոյան, Սոֆիա Ներսիսյան: «Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդներից է եւ առաջադրված է մի քանի անվանակարգերում: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 9-ին, Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

 

 

Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀԵՐԻ
Բրիտանացի երգչուհի Ադելը լոնդոնյան O2 Arena համերգասրահում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչությունների շարքին` ի հիշատակ զոհերի կատարելով Բոբ Դիլանի Make You Feel My Love երգը: Երկրպագուներից մեկի արած տեսագրությունում երեւում է՝ ինչպես է մութ համերգասրահը ողողվում հեռախոսների լույսերով` մինչ երգչուհու ձայնը տարածվում է սրահով մեկ: «Չեմ կարծում, որ նախկինում ունեցած շոուներիցս որեւէ մեկի ժամանակ ես այսքան հուզված լինեի: Դա ուղղակի սքանչելի էր. կարծում եմ, որ նրանք լսեցին դա»,- իր տպավորություններով կիսվել է Ադելը: Հիշեցնենք, որ օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայանում ու մետրոյի կայարանում մի քանի պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով մահացել է 31 մարդ, 250 հոգի էլ վիրավորվել է։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։




Լրահոս