ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Այս ոչ թույլատրելի հատվածում կայանած մեքենան պատկանում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետ Գոհար Արաբաջյանին: Նա որոշել է համարձակ ձեւանալ եւ կայանել է ոչ թույլատրելի հատվածում: Մնում է հուսալ, որ մայրաքաղաքաղում օր օրի ավելացող տեսախցիկներն ու տեսանկարահանող սարքերը կֆիքսեն այս կարգազանց վարորդի խախտումը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ավանդատուն մահացել է, ապա նրա ժառանգները կարո՞ղ են ստանալ մահացածի ավանդը: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել:
Մուշեղ Իսկանդարյան (54 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ 2016թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ.ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
Համաձայն Կարգի 20-րդ կետի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Իսկ 22-րդ կետով սահմանված է, որ ավանդատուի՝ ՀՀ նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Կարգի 29-րդ կետի համաձայն՝ եթե ավանդատուի տվյալները ներառված են փոխհատուցման վճարման ցուցակում, ապա ավանդատուի մահվան դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի տվյալները:
Վերոգրյալից ելնելով՝ եթե ավանդատուն չի հաշվառվել Ծրագրում, կամ հաշվառված լինելու պարագայում մահացել է, եւ նրա տվյալները չեն ներառվել փոխհատուցման վճարման ցուցակում, ապա նրա ավանդի գումարի նկատմամբ ժառանգը չի կարող ձեռք բերել փոխհատուցման իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ է տրվում ժամանակավոր կացության կարգավիճակ, եւ կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ժամանակով է տրվում եւ երկարաձգվում ժամանակավոր կացության կարգավիճակը:
Հրայր Գեւորգյան (58 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը՝
ա) ուսումը, կամ
բ) աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ
դ) ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
զ) ազգությամբ հայ լինելը:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 1239, որոնցից 128-ը եղել են ՌԴ քաղաքացիներ: