«ԹՈՂԵ՛Ք ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն գործում են վճարովի ավտոկայանատեղիներ: Կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիները երեւանցիների համար դարձել են իսկական պատուհաս: Վարորդներից շատերն ընդհանրապես չեն կարող մեկ ժամ կայանելու համար վազել բանկ ու կատարել դրամական փոխանցումները: Բացի այդ, նոր կայանատեղիների  գործարկման հետեւանքով հարյուրավոր մարդիկ կորցրին իրենց աշխատատեղերն ու դարձան գործազուրկ:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մայրաքաղաքում գործում է վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր ընթացակարգ: Վճարովի ավտոկայանատեղիների ծառայությունը մատուցում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը: Երեւանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի` մինչեւ մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2000, իսկ մեկ տարվա համար՝ 12.000 դրամ: Այստեղ կայանման դիմաց գումար չի գանձվում մինչեւ 5 րոպե տեւողությամբ կանգառ կատարելու դեպքում: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաեւ SMS հաղորդագրության միջոցով: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում: Իսկ բակային, մշակութային, կրթական օջախների, պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Ի դեպ, քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որեւէ տույժ կամ տուգանք չի գանձվելու: Եվ Երեւանում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով արդեն ձեռնարկվել են ծանուցողական եւ հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Հաշվի առնելով օրենսդրության ու Երեւանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները:
Սակայն պարզվում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավտոպահեստամասերի եւ բանջարեղենի շուկաների մոտ գտնվող երկու ավտոկայանատեղիների թեւկապավորները դեռ շարունակում են աշխատել: «Ժողովուրդ»-ը զրուցեց բանջարեղենի շուկայի ավտոկայանատեղիի տնօրեն Նորայր Հարությունյանի հետ, որը նշեց, որ իրենք այս պահին գտնվում են անորոշ վիճակում, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու այս կայանատեղիի ճակատագիրը:
Նշված կայանատեղիի թեւկապավորների խոսքով՝ Ն. Հարությունյանն «օրվա պլան» հավաքողն է եւ ավտոկայանատեղիի տնօրենը, իսկ սեփականատերն այլ մարդ է, որի անունը նրանք հրաժարվեցին ասել: Իսկ Նորայրի խոսքով՝ սեփականատերը «հայրենիքի համար կռված տղա է»:
«Բայց այստեղ հնարավոր չէ այդ ընթացակարգով կայանատեղի ստեղծել: Հիմնականում այս շուկայից օգտվում է գյուղացիների մեծ մասը, եւ դժվար թե նրանք կարողանան այդ կանոնակարգից օգտվել, արագ հաղորդագրություն գրել, վազել բանկ կամ տերմինալ գտնել եւ վճարում կատարել: Բացի այդ, ոչ ոք չի կարողանա վերահսկել, քանի որ այդ ժամանակ գողությունն էլ կշատանա: Եթե մեկի մեքենայի լուսարձակը գողանան, ո՞վ է պատասխան տալու, ոչ ոք»,-նշեց ավտոկայանատեղիի տնօրենը:
31-ամյա Էդգար Խաչատրյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է այս ավտոկայանատեղիում որպես թեւկապավոր: Նրա խոսքով՝ ինքն ամեն օր 3 հազար դրամ է վաստակում: Եթե այս տարածքում վճարովի ավտոկայանատեղի ստեղծվի, ապա նա եւ էլի մեկ տասնյակ մարդ մնալու են առանց աշխատանքի. «Քո՛ւր ջան, չգիտեմ, թե ինչ եմ անելու: Աստված, որ մի դուռը փակում ա, մի պատուհանը բաց ա թողնում: Տեսնենք՝ ինչ կլինի, Աստված մեծ է: Արեւի տակ ամբողջ օրը հազիվ կարողանում եմ մի կտոր հացի գումար վաստակել, չեմ գնում, ուրիշի դռները թակում ու գումար խնդրում: Անցյալ տարիներին 5 հազար դրամ էինք տուն տանում, հիմա երեք հազար դրամ հազիվ ենք հավաքում, այն էլ ոչ ամեն օր: Այսքան էլ մնա, էլի գոհ ենք, միայն թող մի կտոր հացից չկտրեն մեզ»:
Իսկ 62-ամյա Գառնիկ Բաղդասարյանը մեկ տարի է աշխատում այս կայանատեղիում: Այդտեղ վճարովի ավտոկայանատեղի ստեղծվելու դեպքում նա ստիպված հեռանալու է Ռուսաստանի Դաշնություն: «Երկու երեխա ունեմ, տղաս ամուսնացած է, բայց հացի խնդիր լուծելու համար երեխաներին թողել է այստեղ ու հիմա Ռուսաստանում աշխատում է: Ես էլ 16 տարվա ինժեների աշխատանքային ստաժ ունեմ, բայց այսօր եկել եմ ու արեւին, անձրեւին, ցրտին կանգնում եմ այստեղ, որ մի կտոր հացի գումար վաստակեմ: Թողե՛ք մի կտոր հացի գումար վաստակեմ»,-զայրացած ասաց Գառնիկը:
Զրույցի ընթացքում թեւկապավորներին փոխանցեցինք, որ Երեւանի քաղաքապետարանն այլընտրանքային աշխատանք է առաջարկում կանաչապատման ձեռնարկություններում եւ կոմունալ տնտեսություններում, ինչից նրանք ավելի զայրացան: «Կանաչապատման ձեռնարկություններում հազիվ 60-70 հազար դրամ գումար են տալիս, դրանով ինչպե՞ս ընտանիք պահենք, այն դեպքում, երբ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն այսքան բարձրացել են»,-ասացին գործազրկության վտանգի առջեւ հայտնված տղամարդիկ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս