ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՐՁԱՆ ՎԱՐՊԵՏ
Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնությունը Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացվեց նոր մրցակարգով: 39 երկրների պատվիրակների թվում էին նաեւ Հայաստանի երեք մարզիկներ:
18-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը հաջող քննություն բռնեց նոր, բազմամարտ անունը կրող մրցափուլում (վեց մրցաձեւ միավորվել, դարձել են բազմամարտ, որն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում): Երեւանցին ընդհանուր արդյունքով գրավեց 9-րդ հորիզոնականը: Մինչեւ 23 տարեկան հեծանվորդների մրցավեճում Վարշամ Դարբինյանը 4 կմ անհատական մրցավազքում 38 մասնակիցների պայքարում գրավեց 14-րդ, Էդվարդ Մաթոսյանը` 17-րդ տեղը:
Ուրախացնում է այն հանգամանքը, որ տղաները լրացրին միջազգային վարպետի նորման: Բացի այդ, նրանց արդյունքները լավագույնն են Հայաստանի մարզիկների մասնակցությամբ Եվրոպայի երիտասարդական բոլոր առաջնություններում:

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ «ՊԱՐՏԻԶԱՆ»-ԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Շիրակ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Բելգրադի «Պարտիզան»-ի հետ առաջին հանդիպումը Գյումրու քաղաքային մարզադաշտում ավարտեց ոչ-ոքի` 1:1: Ընդ որում, հյուրերը կարողացան պարտությունից փրկվել ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:
Սերբական գրեթե բոլոր լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել «Պարտիզան»-ին: Բանն այն է, որ խաղից առաջ Սերբիայում համոզված էին, որ «Պարտիզան»-ը վստահ հաղթանակ է տոնելու Գյումրիում, եւ նման արդյունքն ու հատկապես խաղը զարմացրել են նրանց: Օրինակ՝ Սերբիայի առաջատար մարզական կայքերից մեկը` sportal.rs-ը, գրել է. «Հայկական թիմը կարող էր առաջին խաղում ստեղծել ամրության մեծ պաշար, սակայն գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի: Պետք է ուրախ լինել, որ «Պարտիզան»-ը չպարտվեց 2-3 գնդակի տարբերությամբ»: Իսկ sport.blic.rs-ը գրում է. «Հայաստանի չեմպիոնն ուներ շոշափելի առավելություն եւ մինչեւ 91-րդ րոպեին արձանագրված գոլը կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը: «Պարտիզան»-ը պետք է գոհ լինի, որ նման արդյունք գրանցվեց առաջին խաղում»: Rts.rs-ը նշել է, որ նման խաղով «Պարտիզան»-ը չի կարող անցնել հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Բելգրադում:
Եվրագավաթներում մրցելույթները շարունակող մեր մյուս թիմը` Երեւանի «Փյունիկ»-ը, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում երեկ՝ ուշ երեկոյան, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մրցեց տեղի «Ժալգիրիս»-ի հետ: Խաղի նախորդ օրը «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել էր, որ ուժեղագույն կազմով են ժամանել Լիտվա, թիմում էլ հիմնականում երիտասարդներ են, որոնք, զարգացնելով իրենց ֆուտբոլային մակարդակը, տեղափոխվում են օտարերկրյա ակումբներ: Ցավոք խաղն ավարտվեց 2:0՝ հօգուտ «Ժալգիրիս»-ի:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս