ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ` ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ
Երեկ Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգեւատրման արարողությունը:
Առաջարկված թեման ազգային եւ համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքն էր: Ըստ մրցույթի կանոնների` ընդունվել են միայն չտպագրված, չբեմադրված եւ չհրապարակված, առանց ժանրային սահմանափակման արեւելահայերեն եւ արեւմտահայերեն շուրջ 51 աշխատանքներ: Յոթ հոգուց բաղկացած ժյուրիի անդամներն առաջին փուլում ընտրել են այն 12 լավագույն պիեսները, որոնք պետք է ընդգրկվեն ժողովածուում, իսկ «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսել էր երեք մրցանակ: Առաջին մրցանակին` 1 մլն դրամի, արժանացավ Գուրգեն Խանջյանը «Արտավազդ-Շիդար» պիեսի համար, երկրորդ մրցանակը` 800.000 դրամ, ստացավ Սամվել Խալաթյանը «Գնացքի երկու տոմս» պիեսի համար, երրորդ մրցանակը՝ 600.000 դրամ, բաժին հասավ Արմեն Ճգնավորյանին «Աստվածային կատակերգություն» պիեսի համար: Եվս 2 խրախուսական պարգեւի` 200.000-ական դրամի չափով, արժանացան Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» եւ Նուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները:

ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Ամերիկյան 73-ամյա երգչուհի Թինա Թյորներն ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր 57-ամյա Էրվին Բախի հետ: Քաղաքացիական ամուսնության արարողությունը կայացել է հուլիսի 15-ին Շվեյցարիայում: Երգչուհին եւ պրոդյուսերն ամուսնացել են Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում: Իսկ հարսանիքը կայանալու է հուլիսի 21-ին նորապսակների առանձնատանը: Այն անցկացվելու է ճապոնական Նիտիրեն դպրոցի բուդդիստական ավանդույթներով, քանի որ Թինան արդեն մի քանի տարի բուդդիզմի հետեւորդ է: Հանդիսությանը հրավիրված են Դեւիդ Բոուին, Էրոս Ռամազոտտին, Շադեն, Օփրա Ունֆրին եւ հանրահայտ այլ անձինք:
Հիշեցնենք, որ սա Թյորների ընդամենը երկրորդ ամուսնությունն է: Ընդամենը, որովհետեւ, օրինակ, Ալլա Պուգաչովան ինքն էլ չի հիշում, թե քանի անգամ է ամուսնացել: Եվ նման օրինակները համաշխարհային շոու բիզնեսում բազմաթիվ են: Ավելի վաղ Թյորներն ամուսնացած էր իր գործընկեր, երաժիշտ Այկ Թյորների հետ: Նրանք ամուսնացել էին 1962թ. եւ բաժանվել 1978թ.:
Նշենք, որ Թինան պարողների աշխարհի լավագույն տասնյակում է: «Ռոլինգ Սթոուն» ամսագիրը նրան անվանել է ժամանակակից մեծագույն երգչուհի: 2013թ. ապրիլից Թինա Թյորները Շվեյցարիայի քաղաքացի է, ապրում է Կյուսնախտ քաղաքում:




Լրահոս