Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտարարեց, որ հուլիսի 20-ից մայրաքաղաքի հանրային տրանսպորտը կթանկանա: Միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ուղեվարձը կլինի 150 դրամ նախկին 100-ի փոխարեն: Մետրոյի գինը չի փոխվի (այն արդեն կրկնակի թանկացել էր), իսկ տրոլեյբուսինը կդառնա 100 դրամ 50-ի փոխարեն: “Ժողովուրդ”-ը զրուցեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց կարծիքն այս հարցի շուրջ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, արդեն հստակ որոշված է, որ քաղաքային տրանսպորտը թանկանալու է: Դուք` որպես քաղաքական դաշտում այլընտրանքային ուժ, ի՞նչ եք որոշել անել, ըստ Ձեզ` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ` հասարակության շահերը պաշտպանելու համար:
-Մի քանի ժամ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպել է ավտոփոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նրանք իրենց մտահոգությունն էին հայտնում ու նշում, որ խնդիրը պետք է կարգավորվի հասարակության օգտին, եւ ակնկալում էին խորհրդարանի ու Երեւանի ավագանու մեր խմբակցությունների աջակցությունը: Իրենք տեղյակ էին, որ նման որոշում պետք է կայացվի: Ի դեպ, այդ փոխադրողները, որոնց հետ մենք հանդիպել ենք, նշում էին, որ չեն ցանկանում, որպեսզի տրանսպորտի գինը բարձրանա, ու դրա համար առաջարկում էին հարցը կարգավորելու տարբեր մեխանիզմներ, որպեսզի գինը մնա անփոփոխ ու ժողովրդի գրպանի վրա չազդի: Իրենք նաեւ մի առաջարկ արեցին, որը մենք պատրաստվում ենք Երեւանի ավագանիում բարձրացնել: Պարզվում է, որ ,Երեւան-տրանսե կազմակերպություն գոյություն ունի, որը յուրաքանչյուր միավոր՝ երթուղային տաքսի, տաքսի փոխադրամիջոցներից ամսական գանձում է 16 հազար 500 դրամ: Մենք հետաքրքրվեցինք, թե դա ինչի համար է գանձվում, եւ մեզ տեղեկացրին, որ այդ գումարը գանձվում է սպասարկման ծառայությունների համար: Մեզ ասացին, որ, ըստ էության, ռեալ սպասարկում այդ կազմակերպությունը չի մատուցում, եւ կարելի է այդ սպասարկումից հրաժարվել:
-Իսկ հնարավո՞ր չէր այդ դեպքում այնպես անել, որ թանկացում չլիներ…
-Իրենք մի քանի մեխանիզմներ եւս առաջարկում էին, որպեսզի հնարավոր լիներ վճարը չթանկացնել, ու դրանք մենք խմբակցությունում քննարկելու ենք: Մեկ բան հստակ է. սոցիալական այս լարված պայմաններում, հաշվի առնելով այս գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղի կտրուկ անհամապատասխանությունը, նման բան չպետք է թույլ տալ: Սրա հետեւանքը լինելու է այն, որ երկիրը լքողների բանակն ավելանալու է: Լրջագույն սոցիալական լարվածություն է առաջանալու: Հիմա մեր ավագանին զբաղվում է խնդրով: Չնայած ես ռեալիստ եմ ու չեմ կարծում, որ հնարավոր լինի ազդել այդ որոշման վրա: Բայց գոնե պետք է հասկանալ, թե այդ կազմակերպությունները, որոնք օդից գումար են աշխատում, ինչպես պետք է այդ հարցին լուծում տալ:
-Կոնկրետ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Անկեղծորեն ասեմ` այժմ պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, թե ինչ է հնարավոր անել, քանի որ ես այդ ամենի մասնագետը չեմ, բայց մեր մասնագետներն այդ հարցը քննարկում են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
–Պարո՛ն Սահակյան, իշխանությունները մեկ անգամ եւս մեծ ,հարվածե հասցրին ՀՀ քաղաքացիներին` հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելով: Ի վերջո, սա՞ էր ՀՀԿ-ի խոստացած “ապահով Հայաստանը”:
-Դա եղած պայմաններն են, առավել եւս, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ մատնացո՛ւյց արեք, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է: Այլ բան է, որ ժողովուրդը վճարունակ չէ: Իսկ դրա համար էլ կառավարությունը հայտարարել է՝ 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացումներ կլինեն, այնպես որ, չի կարելի ամեն ինչում լուն դավա դարձնել: Բնական է, որ իշխանությունների համար ամենացանկալին կլիներ, որ երկնքից մանանա թափվեր, ու ամեն ինչ ձրի արվեր, ի՞նչ կապ ունի, որ ամեն ինչը ասվում է իշխանությունները, իշխանությունները…
-Բայց իշխանություններն են մեղավոր, որ այսօր…
-Ես էլ շատ կուզենայի, որ ընդհանրապես չբարձրանա, բայց կան տնտեսական հարաբերություններ: Այսինքն` ի՞նչ եք ուզում, տրանսպորտ չունենա՞նք Հայաստանում: Ես այժմ նախանձով եմ նայում, քանի որ մինչեւ 2000թ. ոչ ավտոբուս կար, երկիրը փոսերի մեջ էր: Իսկ հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում, որ անընդհատ խոսքը գնում է ավտոբուսների, տրանսպորտի հարցի մասին, քննարկվում է դրա թանկացման մասին… Կարծում եմ` Ձեր եւ ժողովրդի ցանկություններն ավելի առաջ են, քան պետության հնարավորությունները: Դա հնարավորությունների խնդիր է, ոչ թե պետությունն է թանկացնում, այլ վիճակն այդպիսին է: Բնական է, որ շատ ցավոտ է: Դրա համար ճիշտ կլինի իշխանություններին գնահատականը տալ ոչ թե այդ ասպեկտով, այլ այնպես անել, որ ժողովուրդը վճարունակ լինի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 583 համար