Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում կայանալիք համերգները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսանք են հայտնում, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են եղել հայտնել Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում շրջագայության ընդհատման մասին:
Ընկերությունը նշում է, որ համերգի ռուս կազմակերպիչները «բազմիցս խախտել են համաձայնեցված գումարային պարտականությունները, որոնք նախատեսված էին բարձր միջազգային մակարդակով շոուի անցկացման համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանում Էրոս Ռամազոտիի համերգը պետք է կայանար ապրիլի 26-ին: