ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակում ենք ներկայացնել մեր հայտնիների ամառային հանգստի ծրագրերը: Այս անգամ “Ժողովուրդ”-ը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի, դերասանուհի Եվա Բաղդասարյանի,  երգչուհի Արմինե Գրիգորյանի եւ դերասանուհի Իրինա Դանիելյանի  հետ:
Երգիչ ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց, որ ամբողջ ամառ կհանգստանա իր տանը. “Ես առանձնատուն ունեմ՝ լողավազանով, ամառային խոհանոցով: Լավ հանգիստ կստացվի` չնայած կարող ենք նաեւ որեւէ ծովային երկիր մեկնել: Այս պահին դեռ չենք պլանավորել”:
Արսենը նախընտրում է հանգստի մեկնել ընտանիքով, բայց եւ կատակով նշում է, որ երեխաների հետ հանգիստն այդքան էլ հանգիստ չի լինում: Ինքն անձամբ հանգստանում է, երբ միայն կնոջ հետ է մեկնում որեւէ տեղ: Երգիչը նաեւ նկատեց, որ քչերի մոտ է ստացվում հանգիստ կազմակերպել, քանի որ մարդիկ չունեն համապատասխան պայմաններ. “Երեւի մի 10 տոկոսը կկարողանա հանգիստն իր ուզած ձեւով կազմակերպել”: Արսենը նաեւ հետաքրքիր տարբերակ առաջարկեց բոլոր նրանց, ովքեր չեն կարող երկրից դուրս գնալ. “Այն մարդիկ էլ, որոնք ապահովված չեն, կարող են մեր բնության գրկում կազմակերպել իրենց հանգիստը, թեկուզ գետի մոտ, վրաններում: Շատ լավ տեղեր ունենք, ուր կարելի է գնալ վայրի հանգստի եւ օրերով մնալ”:
Երգիչը պասիվ հանգստի կողմնակից է: Սիրում է հանգստանալ առանց ժամացույցի ու հեռախոսի: Հանգստի մեկնելիս էլ ոչ մի տեխնիկա չի վերցնում իր հետ: Նա նաեւ հիշեց, թե ընտանիքով ուր են մեկնել՝ մի քանի անգամ Սեւ ծով, անցած տարի՝ Կիպրոս, իսկ Ղարաբաղ տարվա մեջ մի քանի անգամ են գնում: Բնականաբար, չէինք կարող շրջանցել նաեւ հարցը, թե իր չորսհոգանոց ընտանիքի համար որքան գումար է ծախսվում, ինչին Արսենը պատասխանեց. “Նայած` ուր ես գնում, ինչ հյուրանոց է, ինչ երկիր, չեմ կարող հստակ ասել: Դե դուրս գնալու համար շատ է պետք: Բայց դե ներսում էլ հեշտ չէ, մեր հանգստյան տներն այդքան էլ մատչելի չեն, որ, օրինակ, մեր մեծերը կարողանան իրենց թույլ տալ հանգիստ Ջերմուկում, Արզնիում, Դիլիջանում կամ որեւէ այլ առողջարանում”:
Դերասանուհի ԵՎԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ամառվա պլաններն այս տարի խափանվեցին, քանի որ օրեր առաջ նրան առաջարկել են նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: “Գլխավոր դեր եմ խաղալու: Մեկ ամիս պետք է աշխատենք դերիս վրա, որ հետո երեք ամիս նկարահանվեմ”,-ուրախությամբ նշեց դերասանուհին, ապա հավելեց, որ առանց հանգստի չի կարող, հավանաբար կխնդրի, որ իրեն գոնե մեկ շաբաթով թույլ տան ծով գնալ: Եվան անցած տարիներին էլ ընտանիքով հանգստացել է Բաթումում: Ակտիվ հանգստի կողմնակից է, սիրում է ճանապարհորդել, պտտվել խանութներում, ակումբներում, սրճարաններում, գնալ փարթիների…
Իսկ երգչուհի, հաղորդավարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ օրեր հետո կգնա Նովոռոսիյսկ, որտեղ “ԾՏՐրՍՏռ ցջպս” մրցույթ-փառատոնում լինելու է Հայաստանի ներկայացուցիչը ժյուրիի կազմում: Արմինեն նշեց, որ այս տարի Հայաստանը կներկայացնի Անահիտ Շահբազյանը: Իսկ թե որքանով կարելի է փառատոնի մեկնելը հանգիստ անվանել, Արմինեն պատասխանեց. “Դա ծովային քաղաք է, հետո կվերադառնամ ու կգնամ երեւի այլ լավ երկիր, բայց հետո կասեմ”: Երգչուհին նաեւ խոստովանեց, որ ամառային հանգիստը սիրում է անցկացնել ծովափին` ջրի մոտ, պասիվ վիճակում: Քանի որ տարվա ընթացքում միշտ ակտիվ է լինում, գերադասում է խաղաղ ձեւով հանգստանալ. “Իմ բոլոր արձակուրդները շատ վառ են անցնում ու հիշվում են: Հետո էլ իմ բախտը բերել է այնքանով, որ մասնագիտությունից ելնելով` տարբեր երկրներում ենք լինում, դրա մեջ մտնում է նաեւ մեր հանգիստը: Դե հրավերները, սովորաբար, իրենց հաշվին են լինում, մենք էլ օգտվում ենք դրանից”:
Դերասանուհի ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ շատ է ուզում մեկնել հանգստի ու կատակով նկատեց. “Մտածում եմ` ոնց փող ճարեմ, որ գնամ, հանգստանամ: Կոնկրետ ցանկություններ կան լավ տեղեր մեկնել: Ձմռանը գնացի ԱՄՆ, այս տարի դեռ չգիտեմ` ոնց եմ անցկացնելու ամառը: Քաղաքից դուրս ինչ-որ բան կարելի է կազմակերպել, դա խնդիր չէ, բայց երկրից դուրս արդեն բարդ է”:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 583 համար




Լրահոս