EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի առևանգիչը երկրի իշխանություններից պահանջել է ազատ արձակել բոլոր կին բանտարկյալներին: Այս մասին հայտնում են կիպրական լրատվամիջոցները: Պահանջները ներկայացվել են նամակում, որը նա փոխանցել է Կիպրոսի բնակչուհիներից մեկին:
Ավելի վաղ կիպրական լրատվամիջոցները հայտնել էին առևանգողի անունը՝ ոմն Իբրահիմ Սամահ: Սակայն հստակեցված տվյալների համաձայն՝ առևանգողը Սաիֆ Էլ Դին Մուստաֆան է, ով Կահիրեի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր է:
Ավելի վաղ նա երկրի իշխանություններից պահանջել էր իրեն քաղաքական ապաստարան, թարգմանիչ տրամադրել և ոստիկանական ուժերը հանել Լառնակայի օդանավակայանի տարածքից:
Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում մնում են անձնակազմի 7 անդամներն ու օտարերկրացի ուղևորներ, որոնց քաղաքացիությունը ճշտվում է:
«Եթե պարզվի, որ առևանգողն իր հետ պայթուցիկ սարք է տեղափոխել, Եգիպտոսին մեծ ողբերգություն է սպասվում: Երկրի ավիացիոն անվտանգությունը հարցականի տակ է: Այդ դեպքում արևմտյան ավիաուղիները չեղյալ կհամարեն դեպի Եգիպտոս թռիչքները»,-LifeNews հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի հարցով փորձագետ, եգիպտացի գործարար Թայմուր Դվիդարը: