Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին և դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև երաժշտական թատրոնի դերասան, պարող, պարուսույց Հրաչյա Բադալյանը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի և թատերարվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, դերասան-ռեժիսոր Սամվել Սարգսյանը, Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը և Միմ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ դասախոս Արա Հարութունյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, երեխաների գեղագիտական դաստիարակության, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման և թատրոնի հիմնադրման 80-ամյակի առթիվ «Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է «ԵՐԵՎԱՆ» զինանշան-հուշամեդալով:
Թատերարվեստի մի շարք երիտասարդ գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն:




Լրահոս