Ռամազոտիի երևանյան համերգի կազմակերպիչը բանակցություններ է անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրոս Ռամազոտիի հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը`համերգի չեղյալ հայտարարման հետ կապված  պարզաբանում է ներկայացրել:

«Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում են, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում՝ տուրի ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի. «Մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները, որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը: Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պրոդյուսերները իրավունք ունեն դիմելու դատարան ռուսաստանյան պրոդյուսերի դեմ հայցով:

GLOBAL COMMUNICATIONS ընկերությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Էրոս Ռամազոտտի համերգները Մոսկվայում պետք է կայանային ապրիլի 2-ին և 3-ին «Կրոկուս Սիթի Հոլլում», իսկ Երևանում՝ ապրիլի 26-ին: Համերգասրահի կայքում, ինչպես նաև արտիստի պաշտոնական կայքում համերգը չեղյալ հայտարարելու մասին այս պահին տեղեկատվություն չկա, և տոմսերը վաճառվում են:

FORPOSTART PRODUCTION և ООО GLOBAL COMMUNICATIONS ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր: Համերգի պատվիրատուն GLOBAL COMMUNICATIONS ընկերությունն է, իսկ FORPOSTART PRODUCTION-ը՝ կատարողը:

Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից:

Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթիվը. այն կտեղադրվի մեր կայքում՝ www.forpostart.ru:

Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

Համերգի չեղյալ հայտարարվելու դեպքում GLOBAL COMMUNICATIONSընկերությունն անհապաղ պետք է ծանուցի այդ մասին կատարողին: Սակայն մենք պարոն Ա. Ագապովից ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Նշված ծանուցումը ստանալուց անմիջապես հետո, անհապաղ կազդարարենք «Ենթագործակալներին» համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է GLOBAL COMMUNICATIONS ընկերության սեփականությունը:

Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն` Զառա Մխեյան»




Լրահոս