ՏՈՒՐԻՍՏԸ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Երեւանը ողողված է Իրանից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք Հայաստան են եկել իրենց ամենակարեւոր տոնը` Նովրուզը, նշելու (պարսիկների համար այս տոնը նույնն է, ինչ մեզ համար՝ Ամանորը): Թվում է` բանական մարդուն կարիք չկա բացատրելու, թե զբոսաշրջիկը պետության համար որքան կարեւոր գործոն է: Բայց բավական է դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ, որպեսզի համոզվենք, որ աշխարհի ամենահյուրասեր ժողովրդի տիտղոսին հավակնող մեր բնակչության մի զգալի մասը անհանդուրժող է օտարազգիների նկատմամբ:
Հատուկ փնթփնթան քաղաքացիների համար «Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներ կներկայացնի, որպեսզի հասկանալի լինի, որ ինչքան շատ մարդ գա Հայաստան, ինչքան զբոսաշրջիկների թիվը մեծանա, այնքան կօգտվի ՀՀ քաղաքացին:
Եւ այսպես՝ ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարի Հայաստան է եկել ավելի քան 144 հազար իրանցի զբոսաշրջիկ: Նրանցից 10-ից 15 հազարը հենց մարտի երրորդ տասնօրյակում է նախընտրում Հայաստան գալ: Տեղեկացնենք, որ միջին հաշվով իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 800 դոլար, բայց Նովրուզը նշելու համար եկած զբոսաշրջիկների դեպքում այդ թիվը 1000-ից 1500 դոլար է կազմում: Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով՝ մարտի վերջին տասնօրյակում իրանցի զբոսաշրջիկների այցելության հաշվին Հայաստանի տնտեսությունը ստանում մետ 20 մլն դոլարի «ներարկում»: Ուստի Հայաստանի ցանկացած բնակչի շահերից է բխում, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկ գա: Պետք չէ տուրիստներին վերաբերվել ինչպես պահի տակ շատ փող աշխատելու աղբյուրի: Նրանք պետք է գոհ լինեն յուրաքանչյուրիցս եւ կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան:

 

 
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում հայտարարել է. «Մարտի 1-ը մեր սեւ էջերից մեկն է. այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն է կրում դրա համար»: Սակայն Օսկանյանը, որը 2008-ի մարտի 1-ին նախագահական նստավայրում լրագրողների առջեւ ցուցարարների դատավճիռն էր կարդում, ասել է, թե ինքն այդ իրադարձությունների համար մեղավոր չէ, կիլոմետրերով հեռու է: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է վերաբերվում իր նախկին իշխանակցի նման հայտարարություններին: «Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանություններից մեկն էլ նա (Օսկանյանն) է եղել: Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա ապրիլից Գերմանիայի Բունդեսթագում (խորհրդարանում) շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող միանգամից երեք նախագիծ: Այս տարվա փետրվարի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկվեց Բունդեսթագում, եւ հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվեց: Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նախագծերի քննարկումն ի՞նչ փուլում է գտնվում, հնարավո՞ր է՝ Գերմանիայի խորհրդարանն այս տարի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այն դրված է նախկինի պես Բունդեսթագի օրակարգում, չգիտեմ, թե հաջորդ քննարկումը երբ կկայանա: Դա միայն գտնվում է Բունգեսթագի լիազորությունների շրջանակում, իսկ Գերմանիայի կառավարությունը չի միջամտում այդ հարցին»:

 

 

 
Այս տարվա փետրվարի 15-ին` առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անցած տարվա դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը: Տուժածը եւ նրա հարազատները մինչ օրս չեն կարողանում պարզել, թե վրաերթն ինչպես է տեղի ունեցել, չնայած տարածքում առկա են, այսպես կոչված, «կարմիր գծերի» սպասարկման համար նախատեսված տեսախցիկներ: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրխանյանների ընտանիքի անդամները գրավոր դիմել են քաղաքապետարան` տեսագրության կրկնօրինակը ստանալու համար, սակայն մերժում են ստացել, իբր թե այն խոտանված է: Իրականում, սակայն, խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռու` Միքայել Հարությունյանի հետ «կարմիր գծերի» «գործը դրել են» մարդկանցից գումար շորթելու համար: Թվարկվածները տարրական պատասխանատվություն չեն կրում: Պատկերացնո՞ւմ եք` այդ հատվածում որեւէ մեկի ավտոմեքենան էր կայանված ու առեւանգել են, ումի՞ց պետք է պահանջի կայանելու համար գումար վճարած քաղաքացին: Ի դեպ, «Փարքինգ սիթի սերվիս»-ի տնօրենները, երբ նոր էին սկսում գործել, խոստանում էին օգնել հանցագործությունների բացահայտմանը:

 

 

 

ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆԱԿԱՆ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում կայացվել է երեք ուշագրավ որոշում: Նախ` գործադիր մարմնում որոշվել է հիմնադրել ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոց: Այն, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կկրի կուսակցության նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի անունը: Թե ինչով է պայմանավորված ՀՀԿ քաղաքական դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը, պարզ չէ: Շարմազանովը երեկ ընդամենը նշեց, որ «Եվրոպական երկրներում քաղաքական առաջադեմ կուսակցություններն ունեն քաղաքական դպրոց», եւ իրենք եւս ցանկանում են հետեւել այդ օրինակին:
Անկեղծ ասած` սա այն դեպքն է, երբ ՀՀԿ-ն Եվրոպայից առաջ է անցել` կուսակցական քաղաքական դպրոցների վերածելով գրեթե բոլոր պետական բուհերը, որտեղ խորհրդի նախագահներից մինչեւ ուսխորհրդի նախագահներ բացառապես ՀՀԿ-ականներ են, ովքեր այդ բուհերում դասապրոցեսները վերածել են հանրապետականացման գործընթացի: Բարեբախտաբար, առայժմ միայն՝ մասնակի: Հուսանք, որ ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոցի ստեղծումից հետո գոնե հայրենի բուհերում հանրապետականացման աստիճանը կնվազի, եւ ՀՀԿ-ին անդամակցող երիտասարդները քաղաքականապես ավելի կիրթ կլինեն: Ի դեպ, վատ չի լինի, եթե այդ դպրոցում քաղաքական դասընթացներ անցնեն նաեւ ՀՀԿ հին գվարդիայի որոշ ներկայացուցիչներ, որոնք անգամ ամենատարրական քաղաքական գիտելիքների հարցում անմխիթար կարողություններ ունեն, ինչը պարբերաբար դրսեւորում են Ազգային ժողովում:
ՀՀԿ ԳՄ-ի երեկվա երկրորդ որոշումը վերաբերում է կուսակցական հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելուն: «Կուսակցությունը որոշել է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն մեծ կարեւորություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, թե՛ առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- պարզաբանել է Շարմազանովը: Փաստորեն, եթե մինչ օրս ՀՀԿ-ում այս երկու օտարերկրյա քաղաքական ուժերի հետ հարաբերությունների համակարգումը դրված էր մեկ-երկու ՀՀԿ-ականի վրա, ապա հիմա որոշվել է ընդլայնել պատասխանատուների շրջանակը` այդպիսով փորձելով նվազեցնել վերը նշված կոնկրետ անձանց դերակատարությունն այդ հարցում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի երեկվա երրորդ որոշմանը, ապա դա կուսակցության ծրագրի փոփոխությունն է աշնանը կայանալիք համագումարից առաջ: Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ի ծրագրերը 2006թ.-ից՝ շուրջ տասը տարի, մնացել են անփոփոխ: Մեր կողմից հավելենք, որ այդ ծրագրերի կատարման մակարդակը եւս մնացել է անփոփոխ` գրեթե զրոյականին մոտ:




Լրահոս