ՕՍԿԱՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, հայտարարել էր, որ ամբողջ պատասխանատվությունը կրում է այդ օրվա իշխանությունը` միեւնույն ժամանակ փորձելով արդարացնել անձամբ իր գործողությունները:

«Մարտի 1-ը մեր սեւ էջերից մեկն է. այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը պետք չէ թողներ, որ նման բան տեղի ունենար: Ես այդ իշխանության մաս եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ նաեւ մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ կոչ անել ե՛ւ հանրապետության նախագահին, այսինքն՝ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,- ասել էր Օսկանյանը:
Թե ինչ էր փորձում ակնարկել պատգամավորն իր այդ հայտարարությամբ, «Ժողովուրդ»-ը երեկ փորձել է պարզել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:
-Պարո՛ն Բաղդասարյան, օրեր առաջ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նշել էր, որ ինքը ոչ մի մեղավորություն չունի, եւ ամբողջ պատասխանատվությունը այդ օրվա իշխանությունն է կրում: Ըստ Ձեզ՝ Վարդան Օսկանյանը այս ձեւակերպմամբ ի՞նչ էր ցանկանում ակնարկել:
-Պետք չի մեղավորներ փնտրել եւ նման հայտարարություններ անել: Ես դեմ եմ նման հայտարարություններին: Նա պետք է հիմնավորի, թե ինչով կարող են ներկա իշխանությունները մեղավոր լինել մարտի 1-ի իրադարձություններում: Ընդհանուր առմամբ, դա բավականին նուրբ հարց է: Եւ իրավապահները պետք է մեղավորների անունները տան, ոչ թե քաղաքական գործիչները: Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանավորներից մեկն էլ նա է եղել: Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր: Ես դեմ եմ, որ մարդիկ փորձում են արդարանալ որեւէ պրոցեսի շուրջ, դրան կողմնակից չեմ:
Եթե ցանկացած իրավիճակի մեջ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը տեսնի, ինձ թվում է, որ ցանկացած իրավիճակ ավելի շուտ կարելի է շտկել: Խուսափելը մոդայիկ երեւույթ է դարձել: Վերջ ի վերջո իշխանություն նշանակում է, որ բոլորը մասնակից լինեն իշխանական բոլոր գործողություններին: Եւ եթե կա մեղավորություն իշխանության մեջ, ուրեմն յուրաքանչյուրը, ամեն մեկն ունի իր մեղավորության չափը:
-Իսկ Ձեր մեղավորությունը Դուք տեսնո՞ւմ եք:
-Ես չեմ եղել իշխանություն, ես եղել եմ այդ ընթացքում սովորական քաղաքացի, նույնիսկ պատգամավոր չեմ եղել, բայց, համենայն դեպս, ես իմ մեղավորության բաժինը նույնպես գտնում եմ: Ինձ թվում է՝ դրանք պարզապես ինքնապաշտպանական եւ հանրության մեջ ավելի մաքուր երեւալու արտահայտություններ են:
-Իսկ Ձեր գնահատմամբ` արդյո՞ք Վարդան Օսկանյանն իսկապես մեղավոր է մարտի 1-ի իրադարձություններում:
-Ես մեղավորներ փնտրելու ցանկություն չունեմ, դա իրավապահների գործն է: Բայց ամեն դեպքում` ինչու են մենակ իշխանությունների անունը տալիս: Իսկ կազմակերպիչների անուննե՞րը, ովքեր էին կազմակերպում այդ հավաքները, ովքեր էին պատերազմական, հեղափոխական կոչեր անում, ինչ է՝ այդտեղ մեղավորներ չկա՞ն: Այդ իսկ պատճառով այն գերատեսչությունը, որը զբաղվում է այդ խնդիրներով, պատասխանը կտա:

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՄԱՐՏԻ 1-Ը ՃԱՆԱՉԵԼ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Երեկ կառավարության հերթական նիստում պարզ դարձավ, որ իշխանությունները չեն ցանկանում հիշել 2008 թ. մարտի 1-ի արյունալի դեպքերը` մերժելով համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր` հաշվի առնելով այն փաստը, որ մեր իշխանությունները մարտի 1-ի տարելիցի օրերին անգամ ծաղիկներ չեն ցանկանում դնել Մյասնիկյանի արձանին` ի հիշատակ զոհերի:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նիստի սկզբում ներկայացրեց դեղերի շուկայում մշտադիտարկման արդյունքները՝ հայտնելով, որ 2016 թվականի մարտին պահանջարկ ունեցող մի շարք դեղերի գները նվազել են՝ 2015 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ: «Առիթից օգտվելով ցանկանում եմ տեղեկացնել նաեւ, որ ԱԺ առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ ԱԺ նիստում պատգամավորների հնչեցրած շուրջ 40 հարցերից բացի՝ ստացվել են թվով 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է եւ նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Արդյունքում նախագիծն էականորեն բարելավվել է, եւ ընդունման դեպքում կկարգավորվի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչեւ սպառողին հասնելը»,- ընդգծեց նախարարը:
Այնուհետեւ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ մարտի 1-ը որպես 2008 թվականի նույն օրվա զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշել: Սակայն այս նախագիծը, ինչպես եւ սպասվում էր, ՀՀ կառավարության կողմից մերժվեց:
«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես նախագծի հիմնավորման համաձայն, թեեւ, ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է եւ հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, փաստորեն, չեն կատարվում»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:
Իսկ, ահա, «Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին» որոշման նախագիծը կառավարության կողմից հավանության արժանացավ: Հարցը կառավարությանը ներկայացնող աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար եւ 3 բեռնատար ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաների` 12-ից 25 տարվա մաշվածության պատճառով: «Մեքենաների կազմերը պետք է վերանայվի, ձեր հանձնարարականը կտրվի նաեւ այլ մարմիններին, որպեսզի կատարենք օպտիմալացում, առաջին քայլը չօգտագործված մեքենաների օտարումն է, որից հետո գնալու է մեքենաների կրճատման փուլը»,- ասաց Դ. Հարությունյանը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԵՄ-ԻՆ ՔՑԱԾ ՀԿ-ՆԵՐԸ
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել են Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհը հափշտակելու մեջ: Ըստ նախաքննության՝ 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հափշտակել է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհը՝ առանձնապես խոշոր չափերի գումար: Ձերբակալումից հետո իրավապահները սկսել են քննել նաեւ նախկին տարիներին տրամադրված դրամաշնորհների ծախսման պատմությունը, որպեսզի պարզեն՝ արդյոք նախորդ տարիների գումարները ծախսվել են իրենց նպատակին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաեւ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼ
Երեկ՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Նշենք, որ երեկ ողջ օրը զորամասում քննություն էր ընթանում՝ պարզելու համար զինվորի վիրավորվելու հանգամանքները: Զորամասի հրամանատարությունից եւս դժվարացան կոնկրետ տվյալ հայտնել: «Քննություն է ընթանում, ոչինչ չեմ կարող ասել», – այսպիսինն էր զորամասի հրամանատարությունից «Ժողովուրդ»-ին տրված պատասխանը: Ըստ լուրերի՝ իրավապահները որպես նախնական վարկած քննում են ինքնասպանության տարբերակը:

 

 

ԿԱՅՔՈՎ  ԿԶԲԱՂՎԵՆ
Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել է xopan.am հասցեից մարդկանց բջջային համարներին հաղորդագրություններ ուղարկելու խնդրին: Ըստ նախարարի՝ այդ հաղորդագրություններով խախտվել են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այս հաղորդագրությունների խնդրի մասին անցած շաբաթ հայտարարել էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես միանշանակ համաձայն եմ արդարադատության նախարարի հետ, որ այս դեպքում խախտվել է քաղաքացու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իրավունքները եւ կարծում եմ, որ կա անհրաժեշտություն, որպեսզի մեր գործընկերների հետ քննարկենք տվյալ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը»: Հիշեցնենք՝ xopan.am-ը հաղորդագրությունների միջոցով ցանկացողներին աշխատանք է առաջարկում արտերկրում, կամ այլ կերպ ասած՝ կազմակերպում է մարդկանց «խոպան» մեկնումը:




Լրահոս