ԴԵՍՊԱՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, հայտնել էր, որ Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունները համաեվրոպական խնդիր են. «Հնարավոր չէ նման իրադարձությունները բացառել նաեւ Գերմանիայում: Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարներն այսօր քննարկում են ահաբեկչության դեմ միասնական անելիքները: Ահաբեկչության հարցը պետք չէ ուղղակիորեն կապել Արեւմտյան Եվրոպա, կոնկրետ Գերմանիա եկած փախստականների հետ: Այդ գործողությունների մեջ ներգրավվածները, հակառակը, հենց Եվրոպայում մեծացած եւ սոցիալականացված մարդիկ են: Ամեն տեղ ոստիկաններ նշանակել չենք ուզում, բայց ահաբեկչությունից պակաս խոցելի լինելու քայլեր պետք են»:

Խոսելով Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ միգրացիոն համաձայնագրի մասին՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ասաց. «Թուրքիան մի երկիր է, որը հավակնում է Եվրամիության անդամ դառնալ: «Մենք Թուրքիայի հետ համաձայնագիր ենք ստորագրել միգրացիոն խնդիրների լուծման համար: Եվ այս պահին մենք առիթ չունենք կասկածելու, որ Թուրքիան չի կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- նշել է Քիսլերը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու Թուրքիան պայմանավորվել են կրճատել «միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպա»: Եվրամիությունը կավելացնի փախստականներին պահելու համար Թուրքիային վճարվող գումարի չափը, կպարզեցնի վիզային ռեժիմը, նաեւ կարագացնի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները:
«Ժողովուրդ»-ը ասուլիսի ավարտին մի քանի հարցեր ուղղեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին:
-Պարո՛ն Դեսպան, ինչպես կգնահատեք Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ ծավալված հասարակական, ինչպես նաեւ քաղաքական քննարկումները:
-Նախեւառաջ շատ լավ է, որ այդ քննարկումը տեղի է ունենում: Ի սկզբանե բոլորի կողմից շեշտվել է, որ շատ կարեւոր է հասարակական կազմակերպությունների, ընդդիմության եւ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավված լինելը այդ պրոցեսին: Բայց այդ գործընթացը պետք է ընթանա նաեւ լուրջ կերպով ընդդիմության եւ բոլոր տարբերվող կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կարծիքը ներգրավվելու եղանակով: Վերջապես խնդիրը կայանում է նրանում , որ կրկին ձեռք բերվի վստահություն գործընթացների հանդեպ եւ, ըստ էության, այս ամենը շատ կարեւոր է երկրի համար: Ինչպես մենք բազմիցս նշել ենք՝ շատ կարեւոր են, որպեսզի միջազգային փորձագետների եւ ԺՄԻԳ-ի կողմից տրված առաջարկություններ հաշվի առնվեն եւ ընդունվեն:
-Որպես ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման երաշխիք՝ ՀՀ-ում քննարկվում է Էլեկտրոնային տարբերակով ընտրությունների անցկացման տարբերակը: Ի՞նչ եք կարծում՝ այդ տարբերակն իսկապե՞ս կօգնի վերականգնել վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ:
-Ինչքանով ես գիտեմ, էլեկտրոնային համակարգերը իրենք իրենցով շատ ապահովություն, վստահություն չեն ստեղծում այն կարող է միայն լրացուցիչ միջոց լինել սովորական միջոցների կողքին: Բայց մյուս կողմից էլ պարտադիր չէ, որ էլէկտրոնային համակարգը վատ լինի եւ բացասական ազդեցություն ունենա: Կարծում եմ, որ դրանք պետք է համադրվեն սովորական այլ միջոցների հետ
-ՀՀ ԸՕ նախագծում խնդրահարույց հարցերից մեկը 65 հոդվածի 7 կետն է, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Արդյո՞ք այս մոտեցումը զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը չի վնասում:
-Այո՛, ես կարծում եմ, որ ժուռնալիստների համար բավարարար հնարավորություններ պետք է ստեղծվեն ընտրությունների դիտարկմանը հետեւելու համար :
-Անցած տարվա ապրիլից Գերմանիայի Բունդեսթագում շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող երեք նախագիծ: Այս տարվա փետրվարի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը քննարկվեց Բունդեսթագում, եւ հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվեց: Տեղյա՞կ եք, թե ինչ փուլում է գտնվում այս պրոցեսը, եւ, առհասարակ, որքանո՞վ է հավանական, որ Գերմանիան այս տարի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
-Այն դրված է նախկինի պես Բունդեսթագի օրակարգում, չգիտեմ, թե հաջորդ քննարկումը երբ կկայանա: Դա միայն գտնվում է Բունգեսթագի լիազորությունների շրջանակում, իսկ Գերմանիայի կառավարությունը չի միջամտում այդ հարցին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎՐԱԵ՞ՐԹ
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2016 թվականի փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջը՝ Բուրաստան Շիրխանյանին: Վրաերթի ենթարկած վարորդը եղել էր Երեւանի բնակիչ Ա. Ալեքսանյանը:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երեւանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու վթարի հանգամանքները: Ու մինչ իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվել, Բուրաստան Շիրխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվեց բժշկական կենտրոն:
Եվ, ահա, տեղի ունեցած վթարից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես էր տեղի ունեցել վրաերթը: Ի սկզբանե այս պատմության մեջ շատ հարցեր կան: Բանն այն է, որ Վահան Շիրխանյանի կնոջը վթարի ենթարկեցին ազգային անվտանգության ծառայության կողմից ամուսնուն ձերբակալելուց 1 ամիս անց: Եւ ամենեւին պետք չէ կատարվածը պատահականություն կամ փորձանք համարել:
Հիշեցնենք, որ Վահանը 2015 թվականի դեկտեմբերի 19-ից գտնվում է կալանքի տակ 2015 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականի մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ընտանիքը դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ խնդրել է տրամադրել Բուրաստան Շիրխանյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Ի պատասխան Վահան Շիրխանյանի ընտանիքի դիմումի՝ գրություն է ստացվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանից՝ տխուր բովանդակությամբ, թե «Տեխնիկական խոտանի պատճառով Ձեր կողմից հայցվող տեսագրությունը չի պահպանվել»:
Այս պատասխանը ենթադրել է տալիս, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այս պատմության մեջ այն չէ, եւ գուցե Բուրաստան Շիրխանյանին միտումնավոր են վթարի ենթարկել: Ում է փրկում Երեւանի քաղաքապետարանը եւ ինչ նպատակով, դժվար է ասել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից փորձեց պարզել, թե ինչ խոտան է առաջացել, եւ ինչո՞ւ են մերժել Վահան Շիրխանյանի ընտանիքին տրամադրել տեղի ունեցած վթարի տեսագրությունը: Գեւորգյանը զավեշտալի պատասխան տվեց. «Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը նման հարցով չեն դիմել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆԻՍՏԸ  ԿԿԱՅԱՆԱ
Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործով էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենալու մարտի 29-ին` ժամը 12:00-ին: Նիստին հրավիրվել են հանձնաժողով դիմած երեք լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդեն մարտի 31-ին հանձնաժողովը կլսի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին:

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ տեղեկացնում են, որ պատրաստ են մասնակցել ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցություններին: «Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձեւաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական եւ 2 փոխարինող ներկայացուցիչներ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը»,- հայտարարում են 12 ՀԿ-ներ: Խմբում ընդգրկված են Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ), Լեւոն Բարսեղյանը («Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ), Եգորյան Տիգրանը («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ), Արտակ Զեյնալյանը («Իրավունքի գերակայություն» ՀԿ), Ստեփան Դանիելյանը («Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ) եւ Դանիել Իոաննեսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ) անունները:

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է Ղարաբաղի առողջապահության նախարարի պաշտոնից։ Քուշկյանի խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ` ավելի վաղ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, որն այն բավարարել է: «Բակո Սահակյանի հրավերով էր Հարություն Քուշկյանը գնացել Ղարաբաղ՝ նպատակով, որ պետք է լուծի ոլորտի առաջնային խնդիրները։ Իր առջեւ դրած խնդիրները լուծելուց հետո նա վերադառնում է Հայաստան», – ասել է Հունանյանը։ Նշենք, որ Քուշկյանն իսկապես անցած տարիներին զգալի աշխատանք է կատարել ԼՂՀ առողջապահական համակարգի կայացման համար:

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Ռուսաստանի կառավարության երեկվա նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է քննարկել հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի օրինագծի վավերացման հարցը: Համաձայնագիրը վերաբերում է Հայաստանին բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված ադամանդների մատակարարմանը: «Այդ փաստաթուղթը համաձայնեցված է, առաջիկայում մենք հանդիպում կունենանք Երեւանում»,- ասել է Մեդվեդեւը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ Ռուսաստանի վարչապետը Երեւան է այցելելու ապրիլի 7-ին: «Իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների այցը»,- նշել էր վարչապետը:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ
Մարտի 23-ին եւ լույս 24-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):




Լրահոս