ԱԿՑԻԱՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԳԼԽԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման աջակիցները, ինչպես նաեւ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները այլ քաղաքացիների հետ փակել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածը եւ պահանջում էին ազատ արձակել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ու մյուս քաղբանտարկյալներին:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գեւորգ Սաֆարյանի հայցը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Այսօր կկայանա Գեւորգ Սաֆարյանի կալանքի գործով դատական նիստը, որտեղ դարձյալ կքննվի ակտիվիստի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը:
Եւ որպեսզի իշխանության ուշադրությունը բեւեռեին խնդրի վրա, նշված նախաձեռնության անդամները որոշեցին ոչ սովորական մեթոդ կիրառել եւ միմյանց շղթայակապելով՝ պարզապես նստեցին Մաշտոցի պողոտայի մեջտեղում:
Ոստիկանները օպերատիվ կերպով հավաքվեցին տարածքում, եւ կարճ ժամանակում որոշում կայացվեց չեզոքացնել «վտանգը»: Ուժային այդ կառույցի աշխատակիցները սկսեցին շղթաները արձակելու եւ ակտիվիստներին հերթով փողոցից հեռացնելու փորձերը: Նրանք, ձեռքերը ոլորելով, բերման ենթարկեցին ակտիվիստներից մի քանիսին:
Ըստ ականատեսների՝ ոստիկաններից մեկը հարվածեց պառկած վիճակում գտնվող ակցիայի մասնակից Ռուզաննա Եղնուկյանին, ով ստացավ գլխի վնասվածք եւ տեղափոխվեց հիվանդանոց, իսկ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, այնուամենայնիվ, պնդում էր, որ ոստիկանները, կիրառելով ուժ քաղաքացիների նկատմամբ, գործել են բացառապես օրենքի սահմաններում: Ավելի ուշ պարզվեց, որ վնասվածք ստացածը՝ Ռուզան Եղնուկյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինն է, 5 երեխաների մայր:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանական համակարգը վերածվել է ստրուկի եւ ծառայում է Սերժ Սարգսյանին. «Գեւորգը ոչ մի բան չի արել, 3 անգամ գործը տարան-բերեցին, էլ չգիտեն՝ ինչպես սարքեն, որ մի բան ստացվի. մենք թույլ չենք տալու, Գեւորգը դուրս է գալու. եթե պետք լինի, նրա հետեւից կգնանք բանտ»: Իսկ ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով՝ իրեն ցանկացել էին բերման ենթարկել՝ պարզապես պատճառաբանելով, որ ակցիայի մասնակից է:
Ինչպես տեղեկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը՝ առնվազն 16 քաղաքացի, որոնց թվում են Գեղեցիկ Տոնոյանը Նառա Դանիելյանը, Հասմիկ Էվոյանը, Սյուզի Գեւորգյանը, Ներսես Գեւորգյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Արմեն Միքայելյանը, Արամ Մանուկյանը, Կարո Հովհաննիսյանը, Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Ղազարյանը եւ Վարդան Բալյանը, բերման ենթարկվեցին:
«Ժողովուրդ»-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ ակտիվիստները օրվա վերջում արդեն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ին, «Նոր Հայաստան»-ի հերթական ակցիայի ժամանակ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին, ապա՝ կալանավորել: Ազատազրկումից հետո Գեւորգ Սաֆարյանը պարբերաբար բարձրաձայնում էր կալանավայրում իր նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Անգամ ասաց, թե իր հետ միտումնավոր նույն խուց են տեղափոխել քրեական անձանց, որպեսզի խնդիրներ առաջացնեն եւ բախում հրահրեն:
Այս տարվա սկզբից «Նոր Հայաստան» շարժման աջակիցները պարբերաբար կազմակերպում են տարբեր ակցիաներ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով, որոնցից մեկը տոնածառների երթն էր դեպի Ազատության հրապարակ:
Հ. Գ. Այսօր՝ ժամը 14:00-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Գեւորգ Սաֆարյանի կալանքի հարցի քննությունը:

ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց թեժ էր: Հավաքվել էին Կոնդի խաբված բնակիչները, որոնք պահանջում էին հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հավաքվածները տեւական ժամանակ պատասխան չստանալով՝ փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը ներկայացավ հավաքվածներին եւ տեղեկացրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոնդի բնակիչների հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնելու: Սակայն բնակիչներին չգոհացրեց նման պատասխանը: «Մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, եւ մեր խնդիրը լուծում չի ստանում: Մենք Ձեզ հետ խոսել չենք ցանկանում, մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ»,- ասացին բնակիչները: Նրանք առաջարկեցին մի քանի հոգով բարձրանալ վարչապետի մոտ, ստանալ իրենց հարցերի պատասխանները եւ հանգիստ հեռանալ: «Մենք հարգում ենք իրեն, թող ինքն էլ մեզ հարգի»,- նշեց մի տարեց կին:
Սակայն բնակիչներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել եւ զրուցել վարչապետի հետ:
Երեկ ՀՀ կառավարության դիմաց հավաքվել էին նաեւ տաքսու մի խումբ վարորդներ: Նրանց պահանջն էլ լիցենզավորման կարգի փոփոխություն է: «2 շաբաթ առաջ 24 կետից բաղկացած առաջարկ ենք ուղարկել կառավարությանը, եւ բոլոր կետերի նկատմամբ վարչապետի հանձնարարությամբ գործընթաց է սկսվել: Քաղաքապետարանն ու ՃՈ-ն եւս սկսել են այդ գործընթացը. ուսումնասիրում են տրանսպորտի ոլորտը, բայց տրանսպորտի նախարարությունից լիցենզավորման կարգը կասեցնելու, փոփոխելու համար բացարձակ պատասխան չունենք»,- պարզաբանեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ամեն հինգշաբթի ավտովարորդները շարունակելու են պայքարել: Լիցենզիայի պահանջը միայն գազի տեղադրման ակտի թուղթն է, որը ցանկացած մեքենայի մեջ կա: Ըստ Հովհաննիսյանի՝ «քաղաքացիները պետք է ձեռք բերեն 6000 դրամանոց կտրոնները փոստային տեղամասերից, ամբողջ ոլորտն օրինականանա, ու վերահսկողությունը լինի միայն ՃՈ-ի կողմից: Դա է մեր առաջարկը»: Տաքսիստները երեկ իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին ՀՀ կառավարությանը:
Վարորդներին անհանգստացնում էր մեկ այլ խնդիր եւս: «50 քաղաքացիներ ավտոմեքենաներ են ներկրել, եւ նրանցից պահանջել են ԱԱՀ վճարել: Մարդիկ բողոքում են, որ ԱԺ-ում Վարդան Այվազյանը՝ այս օրենքի հեղինակը, որ էդպես ուզում է անունը բարձրանա, քննարկում էր, որ փետրվար ամսվա ընթացքում ներկրված մեքենաներն ազատեն ԱԱՀ-ից: Հիմա մարդիկ գնացել են, փաստի առաջ են կանգնել: Թող այդ ԱԱՀ-ն չվճարեն»,- իրենց պահանջը ներկայացրեց Տ. Հովհաննիսյանը` հավելելով, որ հաջորդ հինգշաբթի կրկին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետությունում 2015 թվականին վարունգի համար նախատեսված ցանքատարածության մակերեսը կազմել է 2 հազար 633 հեկտար: Իսկ վարունգի հավաքված բերքը ընդհանուր կազմել է 81.5 հազար տոննա: Ի դեպ, վարունգի ավելի մեծ քանակություն հավաքվել է Արմավիրի մարզում՝ մոտ 41.5 հազար տոննա: Ամենաքիչ բերքը հավաքվել է Լոռու մարզում՝ 742 տոննա:

Ի տարբերություն վարունգի՝ ՀՀ-ում լոլիկի ցանքատարածության մակերեսը կազմել է 7 հազար 401 հեկտար: ՀՀ-ում լոլիկի ընդհանուր բերքը եղել է ավելի քան 317 հազար տոննա: Լոլիկի մշակության մեջ առաջատար տեղում է Արարատի մարզը, որտեղ անցած տարվա ընթացքում հավաքվել է մոտ 178 հազար տոննա լոլիկ: Ապա՝ Արարատին հաջորդում է Արմավիրի մարզը՝ ավելի քան 111 հազար տոննա լոլիկ: Լոլիկի ամենաքիչ քանակություն՝ 272 տոննա, հավաքվել է Գեղարքունիքի մարզում:
Ըստ ԱՎԾ-ի՝ մեր հանրապետությունում սմբուկի ցանքատարածության մակերեսը կազմել է 1987 հեկտար, որից հավաքվել է ավելի քան 74 հազար տոննա սմբուկ: Ի դեպ, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սմբուկի մշակությամբ գրեթե չեն զբաղվել: Սմբուկի համեմատ կանաչ լոբու հավաքված բերքը անցած տարվա ընթացքում ՀՀ-ում կազմել է ավելի քան 16 հազար տոննա: Իսկ կանաչ լոբու ցանքատարածության մակերեսը՝ 1101 հեկտար:
ՀՀ-ում տաքդեղի ցանքատարածության մակերեսը անցած տարվա ընթացքում կազմել է 2421 հեկտար, որից հավաքվել է ավելի քան 78 հազար տոննա տաքդեղ: Գեղարքունիքի մարզում անցած տարվա ընթացքում հավաքվել է 2 տոննա տաքդեղ: Սակայն Գեղարքունիքի մարզը կարտոֆիլի մշակությամբ է մյուս մարզերից առաջատարը: Նշված մարզում կարտոֆիլի ցանքատարածության ընդհանուր մակերեսը կազմել է 15 հազար 735 հա, որից հավաքվել է ընդամեն 363.5 հազար տոննա կարտոֆիլ: Իսկ ՀՀ-ում ընդհանուր հավաքվել է 761.5 հազար տոննա կարտոֆիլ:
Հավելենք նաեւ, որ անցած տարի Հայաստանում պտղատու ծառերի եւ հատապտուղների այգիների մակերեսը կազմել է 40 հազար 582 հեկտար: Պտղատու այգիների եւ հատապտուղների անցած տարվա բերքը՝ 386 հազար 502 տոննա: Իսկ խաղողի այգիները կազմել են 17 հազար 296 հեկտար, բերքի ծավալը՝ 308 հազար 401 տոննա:

Ս. Հ.




Լրահոս