Այս տարվա անցած երեք ամիսներին առնվազն հինգերորդ անգամ է Հայաստանի հանրությունը գույժ ստանում բանակում զինվորի մահվան մասին, որը տեղի է ունեցել զինծառայողների ոչ կանոնակարգային հարաբերությունների արդյունքում: Փետրվարի 18-ին պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել 19-ամյա Դավիթ Տերտերյանը: Փետրվարի 19-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սուլոյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ Թեմուր Սուլոյանը նախ սպանել էր Կամո Հովհաննիսյանին, այնուհետեւ ինքնասպան եղել: Մարտի 15-ին ժամկետային զինծառայող, 19-ամյա Կամո Մարտիրոսյանին գտել էին մահացած: Մարտի 24-ին հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Սեւակ Հովհաննեսի Համբարձումյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Երբ ամեն անգամ լուր է ստացվում սահմանին թշնամու գնդակից հայ զինվորի զոհվելու մասին, ցավը ուղեկցվում է հպարտությամբ, քանի որ գիտակցում ենք, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի, հանուն իրենց տունը պաշտպանելու պատրաստ են կյանքը զոհել: Սակայն ոչ մարտական գործողությունների արդյունքում, անհասկանալի պայմաններում զինվորների մահվան լուրի ցավը բազմապատկվում է, քանի որ գիտակցում ենք, որ այդ մահն անիմաստ էր եւ կարող էր չլիներ, եթե մեր բանակի համապատասխան օղակները ճիշտ գործեին: Կասկած չունենք, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունն ասելու է, թե ուրիշ երկրներում էլ նման դեպքեր լինում են: Սակայն վաղուց ժամանակն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի ղեկավարությունն ի վերջո հասկանա, որ իրավունք չունենք խաղաղ պայմաններում զոհեր թույլ տալու, եւ դա մեզ համար զուտ վիճակագրություն չէ:
Իշխանական ողջ վերնախավը երեկ այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն` հարգելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան իններորդ տարելիցը: Սակայն ուշագրավ էր այն, որ իշխանական վերնախավի շարքում ներկա չէր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի 17-ից վատառողջ է: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու ԱԺ նախագահը չէր գնացել պանթեոն: Բաբայանն ի պատասխան՝ ասաց. «Պատճառն ինձ հայտնի չի, պատճառը Ազգային ժողովի նախագահն ինձ չի ասել»: Ի դեպ, հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը մահացավ 2007-ի մարտին` ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ: Մինչ այդ բոլորը քննարկում էին, թե ով կգլխավորի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: ՀՀԿ-ի նախագահը Անդրանիկ Մարգարյանն էր, բայց մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական էր դարձել նաեւ Սերժ Սարգսյանը: Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ-ի ցուցակի 1-ին համարի հարցը օրակարգից դուրս եկավ, Սերժ Սարգսյանն էլ դարձավ ՀՀ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ:
Մոտ տասն օր առաջ Հայաստանի մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի կողմից համայնքային բյուջեի՝ սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար նախատեսված գումարները սրընթաց ծախսելու փաստը: Հիշեցնենք, որ Հրազդանում ապրիլի 17-ին պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ: Քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Առաջին երկու ամիսների արդյունքներով Արամ Դանիելյանը հասցրել էր ծախսել սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու նպատակով ողջ կիսամյակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամից 4 մլն 845 հազարը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընդամենը երկու օր առաջ ստորագրած որոշմամբ Դանիելյանը նաեւ մնացած 4 մլն դրամն էլ է ծախսել՝ օգնության անվան տակ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսեցիների հետ, խոսելով Հայաստանի խնդիրների, արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացների, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի մասին, ասել է, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ չի ճանաչում, այլ նրան ընդունում է որպես մատենադարանի գիտաշխատող: «Ժողովուրդ»-ը փորձեց հենց Միրզախանյանից պարզել, թե ինչու է նա իր ուսանողների մոտ նման հայտարարություններ անում առաջին նախագահի հասցեին: Ի պատասխան՝ Միրզախանյանն ասաց. «Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Եւ որեւէ իմ դասախոսության ժամանակ չեմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ համար այս չի, այս հանգամանքը չունի, այլ ուրիշ հանգամանք ունի: Բայց ինչքան մտաբերում եմ, խոսելով նրա մասին, ես նշել եմ, որ նա մատենադարանում աշխատել է որպես ավագ գիտաշխատող»:
ԱՆՀՈՒՍԱԼԻ
Ինչպես հայտնի է` ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախօրեին պաշտոնական նամակով դիմել է Աժ նախագահին եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահին` առաջարկելով նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ սկսել 4+4+4 ֆորմատով բանակցություններ: Նշենք, որ այդ ֆորմատով քննարկումները իշխանությունները սկզբունքորեն ընդունելի էին համարել` պայմանով, որ այն ԸՕ նախագծի քննարկումների միակ հարթակը չի լինելու, եւ իրենք այդ ձեւաչափում քվեարկության արդյունքում որեւէ զիջման գնալու պարտավորված չեն լինելու: Ի տարբերություն իշխանությունների՝ ՀԱԿ-ի այս առաջարկին շատ ավելի սառը եւ մերժողական վերաբերմունք ցուցաբերեցին ընդդիմադիր դաշտի ուժերը: Նախ` ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ իրենք չեն միանալու Լեւոն Զուրաբյանի առաջարկած միասնական պլատֆորմին, ապա նշեց, որ իրենք գուցե եւ մասնակցեն, սական վստահ են, որ 4+4+4 ձեւաչափը որեւէ էական արդյունք չի տալու:
Այս ձեւաչափի դեմ հանդես եկավ նաեւ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ընդհանրապես չարձագանքեց, Աժ-ում ներկայացված մնացած ընդդիմադիր պատգամավորներից էլ կարծես թե առանձնապես ոգեւորված արձագանքներ չեղան: Իսկ, ահա, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավարները հայտարարեցին, թե ՀԱԿ-ը կարիք չուներ իշխանությանն իր առաջարկությունները ներկայացնելու համար նրանց հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Միով բանիվ, ակնհայտորեն ՀԱԿ-ի այս առաջարկը խանդի տեսարանների տեղիք տվեց ընդդիմադիր դաշտում այն դեպքում, երբ դրան որպես այլընտրանք ընդդիմության կողմից ավելի լավ առաջարկ այդպես էլ չարվեց:
Մյուս կողմից էլ նախօրեին «Նոր Հայաստան»-ը հանդես եկավ իշխանափոխության իրականացման «ճանապարհային քարտեզով»` ակնկալելով, որ դրան կմիանան ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս դեպքում էլ վերջիններս բավականին սառը արձագանքեցին, ոմանք էլ նշեցին, թե հրապարակվածը ամենեւին «ճանապարհային քարտեզ» չէ եւ ուղղակի անիմաստ կրկնություն` արդեն 2 անգամ ձախողված սցենարի: Ասել է, թե այս ճակատում էլ ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացը չկայացավ:
Ընդ որում, այստեղ բավականին երկակի վիճակում է հայտնվել «Ժառանգություն» կուսակցությունը, որի մի մասը «Նոր Հայաստանի» շրջանակներում բոյկոտում է ԸՕ շուրջ իշխանությունների հետ որեւէ բանակցություն, մյուս մասն էլ, ի դեմս Աժ-ում կուսակցության միակ ներկայացուցչի, հայտարարում, թե «Ժառանգությունը» ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը կներկայացնեն ԸՕ վերաբերյալ միասնական առաջարկներ:
Եվ, ահա, ընդդիմության այս պառակտված եւ անհասկանալի գործելակերպի արդյունքում էլ միջազգային կառույցները եվս մեկ անգամ համոզվում են, որ Հայաստանում, ի դեմս ընդդիմության, իրենք չեն կարող ունենալ հուսալի եւ կանխատեսելի գործընկեր, ուստի ստիպված են լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ` աչք փակելով նրա հրահանգով մշակված ընտրական օրենսգրքի թերությունների վրա: