Ապրիլի կեսերից հայկական ավիաշուկայում սպասվում են նոր տեղաշարժեր, քանի որ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը պատրաստվում է սկսել կանոնավոր ավիափոխադրումների իրականացումը: Սակայն թե ինչպիսի փոփոխություններ կլինեն` մասնավորապես ավիատոմսերի գների եւ չվերթների հետ կապված, առայժմ հայտնի չէ: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է ինչպես հայկական ավիաշուկայի փոփոխությունների, այնպես էլ նախարարի առաջիկա ծրագրերի շուրջ:
-Պարո՛ն Մինասյան, դեռեւս պատգամավոր եղած ժամանակ Դուք շարունակ բարձրաձայնում էիք Հայաստանի «ինֆարկտային» վիճակում գտնվող տնտեսության մասին: Այժմ որպես էկոնոմիկայի նախարար ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր նկատվեն:
-Առաջիկայում ես ամբողջական կներկայացնեմ իմ պատկերացումները՝ կառավարության քաղաքականության տեսակետից, եւ մեր այն հիմնարար ծրագրային մոտեցումները, որոնցով ակնկալում ենք համատեղ ուժերով առաջ գնալ: Այս պահին այդ հիմնական ուղղությունները, որոնք կառավարությունը հռչակել է որպես գերակայություն, ուժերի մոբիլիզացիան է եւ բարեփոխումների տեմպերի առաջմղումը: Առաջիկայում Դուք կլսեք այս հարցերի պատասխանները: Ես տեսնում եմ իրական հնարավորություն:
-Ապրիլի կեսերին տեղի է ունենալու «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը: Գնային ինչպիսի՞ քաղաքականություն կարող ենք սպասել:
-Գնային եւ այլ պայմաններն իրենց մարքեթինգն է, որ պետք է հրապարակեն: Արդեն մենք տվել ենք թույլտվությունը: Ընկերությունը բավարարում է այսօրվա գործող կառավարական որոշումներով ամրագրված պահանջներին: Մենք ակնկալում ենք, որ գնային քաղաքականության մեջ կլինի դրական փոփոխություն եւ ոչ միայն «Արմենիա» ավիաընկերության, այլ նաեւ առաջիկայում սպասվող մի շարք ավիաուղիների մուտքը, էականորեն կիջեցնեն գները: Ինչ վերաբերում է օդանավակայանի գներին, ապա այդ ծառայությունների գները այս պահի դրությամբ համարվում են մրցակցային, նույնիսկ հարեւան երկու երկրների հետ համեմատած` մեկ ինքնաթիռի հաշվարկով: Եւ բացի դա՝ այս ոլորտում ակնկալում ենք, որ մենք առաջիկայում կունենանք միջազգային ավելի մեծ օպերատորների մուտք, ինչը մրցակցային շատ ավելի լավ պայմաններ կստեղծի: Դա կբերի ոչ միայն գների իջեցմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, այլ նաեւ Հայաստանում այցելությունների թվի էական աճին:
-Պարո՛ն Մինասյան, ըստ Ձեզ՝ «բաց երկնքի» քաղաքականությունը որքանո՞վ է հնարավոր փոխել: Դուք նման հեռանկար դիտարկե՞լ եք:
-Այս պահի դրությամբ որեւէ նման բան նախատեսված չէ, եւ ես չեմ կարծում, որ առաջիկայում նման զարգացում կարող է լինել: Շատ կարեւոր է, որ այս քաղաքականության դրական արդյունքներն առաջիկա ժամանակաշրջանում ակնառու լինեն եւ եթե եղան, վստահ եմ, որ վերանայում դժվար թե լինի: Մյուս կողմից մենք ունենք նաեւ խնդիր, որ յուրաքանչյուր քաղաքականության ինչ-որ ապրոբացիայի ժամանակ պետք է տրվի, որպեսզի կարողանաս ճշգրտումներ կատարել: Մենք այս պահին ավելի շատ մտածում ենք մի քիչ ավելի թեթեւացնելու, քան բարդացնելու մասին, որպեսզի ունենանք այն կանխատեսվող արդյունքը, որ մեր օդային տարածքը լինի հասանելի բոլոր այն ավիաուղիների համար, որոնք որ ունեն միջազգային հեղինակություն եւ կարող են ապահովել անվտանգ եւ ավելի ցածր ինքնարժեքով որակյալ թռիչքներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» թռիչքները դադարեցրեց 2013 թվականի ապրիլի 1-ից` սկսելով սնանկության գործընթաց, ինչից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականություն: Այն, սակայն, կարճ ժամանակ անց հանգեցրեց օտարերկրյա ավիաընկերությունների փախուստին հայկական շուկայից: Արդյունքում` ավիատոմսերի բարձր գների պատճառով ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են օգտվել հարեւան Վրաստանի ավիածառայություններից:
ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐ
Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարը, որի շրջանակներում անդրադարձ եղավ «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի իրականացմանը, այնուհետեւ ՀՀ կառավարության հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Նշենք, որ համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
«Մեր հիմնական նպատակը Հայաստանում միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ունենալն է, եւ առաջին իսկ խնդիրը նոր սերնդի ձեւավորումն է: Մեր հիմնական թիրախը վերցրել ենք շրջանները եւ ինժեներական խմբակներ հիմնադրելուն զուգահեռ մյուս տարվանից սկսում ենք բիզնեսի ձեւավորման խնդիրները»,- ներկայացնելով իրենց ծրագրերը` նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կարեւորեց ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման գործում: «Մեր համագործակցությունն այսուհետ եւս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման եւ համատեղ իրագործման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ եւ անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը»,- ասաց Աբրահամյանը:
Անդրադառնալով վերջին տարիներին այս ոլորտում արձանագրված առաջընթացին՝ վարչապետը առիթը բաց չթողեց` գովելու համար կառավարությանը: Նա նշեց, որ ոլորտի առաջընթացը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից վարվող արդյունավետ քաղաքականությամբ: «Միեւնույն ժամանակ մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով եւ հետեւողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- շեշտեց վարչապետը:
Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Նշենք, որ 2000 թվականից հիմնադրված այս միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն եւ կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ փորձելով նպաստել Հայաստանում ՏՀՏ-ի զարգացմանը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՍԱՌՈՒՅՑԸ ԿՈՏՐՎՈՒՄ Է
Երբ Հայաստանն իր շահերից ելնելով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսամետ դիրքորոշում որդեգրեց, ՀՀ-ի եւ Ուկրաինայի հարաբերությունները կտրուկ սառեցին: Անգամ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը գնաց, ապա երկար բանակցություններից հետո վերադարձավ: Այս ֆոնին բավականին հետաքրքիր է, որ օրերս ՀՀ կժամանի Ուկրաինայի Ռադայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը: «Ժողովուրդ»-ը վերջինիս այցի շուրջ զրուցեց Ուկրաինայում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ. «Պետք է նշեմ, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աննա Հոպկոյի հետ պայմանավորվածությունը Հայաստան ժամանելու հետ կապված ձեռք է բերվել դեռեւս այս տարվա հունվարին, երբ ՀՀ-ի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը գտնվում էր Կիեւում: Տիկին Հոպկոյի հետ հանդիպման ժամանակ պարոն Զաքարյանը նրան հրավիրեց ՀՀ, որպեսզի 2 երկրների հանձնաժողովների միջեւ համագործակցությունը վերականգնվի: Չնայած առ այսօր ժամանման օրը դեռեւս ճշտված չէ, բայց տիկին Հոպկոն հայտնեց իր պատրաստակամությունը պատվիրակությամբ այցելելու Հայաստան: Ժամկետները ճշտվում են: Բացի այդ նշեմ, որ մարտի 30-ին Հայաստան է ժամանելու նաեւ Ուկրաինայի ԱԳՆ եվրոպական երկրների վարչության պետ Յուրի Մուժկան»: Դեսպան Մանուկյանը հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվեց 2014թ մարտից, երբ ՄԱԿ-ում ՀՀ-ն Ղրիմի հարցով դեմ քվեարկեց Ուկրաինային` պահպանելով ռուսական դիրքորոշում: «Ադրբեջանական լոբին բոլոր միջոցները կիրառում էր, որպեսզի ուկրաինական լրատվամիջոցներով հակահայկական հիստերիա առաջացնի ուկրաինացիների մոտ: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չեզոքացնենք նրանց քայլերը: Դա մեզ մոտ ստացվում է: Հույս ունեմ, որ ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական հարաբերությունները շուտով կկարգավորվեն, եւ մենք, որպես բարեկամ ժողովուրդներ, կմնանք դարերով բարեկամ»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երեկ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գեւորգյանը: Նրան ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Գեւորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Գ.Ազիզյանի հետ, արդյո՞ք ճանաչելով է վիճել. «Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»: Իսկ թե երբ է իմացել Ա. Գեւորգյանը, որ իրեն հարվածողը Գորիսի ոստիկանապետն է, եւ ինչ մանրամասներ կան գործում, «Ժողովուրդ»-ը կներկայացնի երեքշաբթի օրվա համարում: