ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈՂԵՐՈՎ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՁԵՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ընտրությունների ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրը մշտապես մնում է չլուծված: Այստեղ վերահսկողությունը թերեւս կաղում է:

Ընդդիմությունը սովորաբար մասնակցում է համապետական ընտրություններին, ուստի մեզանում, որպես կանոն, քննարկվել է երկրի ղեկավարների, նախարարների, մարզպետների եւ մնացած գերատեսչությունների ղեկավարների կողմից ընտրություններում պետական լծակները օգտագործելու խնդիրը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմնականում անցել են առանց լուրջ պայքարի, եւ դրանցում պաշտոնական դիրքի չարաշահման հարցը առանձնապես քննարկման առարկա չի դարձել, այնինչ պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրն առավել տեսանելի է դառնում հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Քաղաքապետի կամ գյուղապետի ընտրությունների ժամանակ, բացառությամբ Հայաստանի երեք խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրի եւ Վանաձորի, ընտրողների թիվը փոքր է, եւ համայնքի գործող ղեկավարը փաստացի հնարավորություն ունի նույն համայնքի միջոցներն օգտագործել բնակչությանը, այսինքն՝ ընտրողներին կաշառելու նպատակով: Իհարկե, տեսականորեն համայնքի ավագանին հենց նրա համար է, որպեսզի համայնքի ղեկավարին նման կամայականություններ չթույլատրի, սակայն հայկական իրականությունն այն է, որ համայնքի ավագանիները սովորաբար նույն համայնքի ղեկավարի թիմակիցներն են եւ նրանք իրենց պահում են իբրեւ քաղաքապետի կամ գյուղապետի ենթականեր ու երբեք չեն համարձակվի նրան հակաճառել:
Այսինքն՝ իրականությունն այն է, որ եթե քաղաքապետերը կամ գյուղապետերը որոշեն նախընտրական շրջանում համայնքի միջոցներով ընտրողներին կաշառել, ապա նրանց ձեռքը բռնելու գործնական միջոց չկա: Իհարկե, ՀՀ գործող ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը քաղաքական պաշտոն զբաղեցնողների, այսինքն՝ քաղաքապետերի եւ գյուղապետերի համար սահմանում է «Արգելվում է թեկնածուի… կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»:
Բայց ողջ խնդիրն այն է, որ գործող քաղաքապետ-թեկնածուի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահումը կարող է նաեւ ներկայացվել իբրեւ բնականոն գործունեություն: Նա իր համայնքի ընտրողներին սկսում է առանց մերժման ընդունել եւ նրանց «օգնություններ» է տրամադրում, հողեր է նվիրում կամ վարձակալության հանձնում ու այսպես շարունակ: Այս մոտեցումը կիրառվում է նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն մրցակից չունի: Բնակիչներին սովորաբար թվում է, թե իրենք շահում են եւ «մի բան էլ իրենք են օգտվում», սակայն իրականում տվյալ քաղաքապետը կամ գյուղապետը, շարունակելով պաշտոնավարել, ընտրողի «քթից բերում» է նրանց տրված գումարները` պարտադրելով ապրել քանդուքարափ համայնքում: Հայաստանում հիմնականում հենց վերը նկարագրված տարբերակով էլ ամեն ինչ տեղի է ունենում: Արդյունքում, տարիներն անցնում են, իսկ քաղաքները եւ գյուղերը շարունակում են մնալ նույն ավերված վիճակում, ու բնակիչները մեկը մյուսի ետեւից ճամպրուկները հավաքում են եւ հեռանում:
Ավելին՝ այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություններում նաեւ ընտրապայքար է ծավալվում, մեկ այլ վտանգ էլ գոյություն ունի` գործող քաղաքապետը կամ գյուղապետը պարզապես քամուն է տալիս համայնքի բյուջեն` գիտակցելով, որ պարտվելու է: Արդյունքում, նրան հաղթած թեկնածուն պարզպես կանգնում է համայնքի բյուջեի դատարկված լինելու փաստի առաջ: Նա չի կարող բնակիչներից բյուջեի գումարները ետ հավաքել: Լավագույն դեպքում կարող է իր նախորդին դատի տալ, բայց դրա արդյունքում փոշիացած գումարները, միեւնույն է, ետ չեն վերադառնա:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Օրերս «Հետք»-ի կայքում մի հոդված էր հրապարակվել, որը վերաբերում էր Հրազդանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի կողմից համայնքի բյուջեով սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար նախատեսված միջոցները սրընթաց ծախսելու փաստին: Փաստորեն, Դանիելյանը երկու ամսում` հունվար-փետրվար ամիսներին, արդեն իսկ հասցրել էր վերը նշված նպատակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամից 4 մլն 845 հազար դրամը ծախսել:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից «ժողովուրդ»-ին տրված պատասխանի համաձայն՝ 9 մլն 775 հազար դրամը նախատեսված է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար: Այլ կերպ ասած, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության՝ արտառոց ոչինչ չկա, որ այդ գումարի կեսն արդեն իսկ ծախսվել է: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ մարտի 24-ին Արամ Դանիելյանը եւս մեկ որոշում է ստորագրել, որով նա համայնքի բյուջեից 4 մլն 40 հազար դրամ է հատկացրել 136 հոգու` օգնություն տրամադրելու նպատակով: Ի դեպ, ի տարբերություն նախորդ որոշումների՝ այս մեկից օգտվողների ցանկը երեկվա դրությամբ դեռեւս չէր հրապարակվել:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հրազդանի գործող քաղաքապետը կիսամյակի համար նախատեսված գումարը երեք ամսում արդեն գրեթե սպառել է: Իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ սկզբունքով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԿԹՌՉԵՆ
Երկու ամիս անց պարզ կդառանա, թե «Էյր Արմենիա» ավիաընկերությունը երբ կկարողանա չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Էյր Արմենիայի» մամլո քարտուղար Սիրակ Համբարձումյանը: «Բոլոր անհրաժեշտ հայտերը ներկայացրել ենք, որպեսզի սերտիֆիկատների ժամկետները երկարացնենք, կոդերն ենք վերականգնում: Այսպես ասած՝ ավիաընկերությունը վերադարձնում ենք աշխատանքային վիճակի: Վաճառքի համակարգերի վերականգնումը հավանաբար երկու ամիս կտեւի»,- ասաց Համբարձումյանը: Ի վերջո, ընկերությունը երբ կկարողանա չվերթներ իրականացնել հարցին, նա պատասխանեց. «Դա արդեն պարզ կլինի մոտ 2 ամսից»: Ինչ վերաբերում է պարտքերի մարման խնդրին, նախատեսվում է, որ հարցը պետք է լուծվի 24 ամսում: Կոնկրետ ժամանակացույցով նախատեսված է, թե որ պարտատերի պարտքը մինչեւ երբ պետք է մարվի: Ի դեպ, «Էյր Արմենիա»-ի մամուլի քարտուղարի խոսքերով՝ իրենք դրական են վերաբերվում հայկական ավիաշուկայում «Արմենիա» ավիաընկերության մուտքին: «Մենք ողջունում ենք իրենց մուտքը հայկական ավիաշուկա: Թող բազմաթիվ հայկական ավիաընկերություններ մուտք գործեն շուկա»,- ասաց Համբարձումյանը:

 

 

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը եւս պատկանում է այն պաշտոնյաների թվին, որի կինն ավելի հարուստ է, քան ինքը: Ըստ Շահգալդյանի հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները անցած տարի կազմել են ընդամենը 7 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը 720 հազար դրամ է: Բացի այդ՝ նա հայտարարագրել է 80 հազար դոլարի փոխառություն: Շահգալդյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ հողամաս, 41 մլն 250 հազար դրամ եւ 40 հազար դրամ արժողությամբ բաժնետոմսեր: Կովալենկո Շահգալդյանի կինը՝ Գայանե Շահգալդյանը, ստանալով ամսական 35 հազար դրամ կենսաթոշակ, կարողացել է անցած տարվա ընթացքում գնել 2 բնակարան՝ 33 մլն դրամ եւ 48 մլն դրամ արժողությամբ, եւ 9 մլն դրամ արժողությամբ հողամաս: Միաժամանակ տիկին Շահգալդյանը անցած տարի վաճառել է 85 մլն դրամանոց բնակարան: Ի դեպ, գնված բնակարանները Գայանե Շահգալդյանը ձեւակերպել է որպես նվիրատվություն:

 

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈՂԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Ժառանգություն» կուսակցությունը անցած տարվա հունվարի 1-ին ունեցել է 915 հազար դրամ գումար: Անցած տարվա ընթացքում կուսակցությունը պետբյուջեից ստացել է 4 մլն 444 հազար դրամ: «Ժառանգությունը» 2 մլն դրամը ծախսել է ֆիզիկական անձանց աշխատավարձ վճարելու համար, 719 հազար դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել, իսկ 1 մլն 180 հազար դրամը ներկայացված է որպես այլ ծախսեր:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին:

 

 

ԳԱԶԻ ԳԻՆԸ  ԿՆՎԱԶԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, ասել է, որ դա պարզ կլինի քննարկումների արդյունքում: «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց թե ինչքանո՞վ, դա քննարկումների արդյունքում կճշտվի»: Վարչապետի խոսքով՝ ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, եւ այսօր գերատեսչություններին կա հանձնարարական, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: «Հիմա գտնվում ենք այդ փուլում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հնարավոր է իրանական գազը Հայաստանով տարանցել Վրաստան, Աբրահամյանն ասել է. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք նույնպես աշխատում ենք, քննարկում ենք, եւ ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ հայտնի կլինի»:

 

 

ՔՈՒՎԵՅԹԻ ՇՆՈՐՀԻՎ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ներկա է գտնվել տարեցների խնամքի եւ վերականգնման Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Համլետ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Նշենք, որ նա 2015-ի հունիսից զբաղեցնում էր ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նախարարության բաժանումից հետո նախօրեին հեռացվեց այդ պաշտոնից

 

 

ԿՇՓՎԵՆ
РИА Новости-ի փոխանցմամբ` մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի միջեւ ուղիղ շփում տեղի ունենա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները կապ են պահպանում: «Վերջին ժամանակներում մի քանի հեռախոսազրույց է եղել, անցած տարի հանդիպումներ են անցկացվել: Այս տարի նույնպես կլինեն այդ տեսակի շփումների համար հնարավորություններ»,- ասել է նա:




Լրահոս