Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատկանում է ՀՀ այն պաշտոնյաների թվին, ում զավակները պետական պաշտոններ են զբաղեցնում: Նրա մի որդին` Արման Սահակյանը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն է, իսկ մյուս որդին` Տիգրան Սահակյանն Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղակալը: ArmLur.am-ն այսօր կներկայացնի, թե ինչ ճանապարհ է անցել Սահակյանների ընտանիքը և որքան ունեցվածք ունի:
ՀՀԿ ամենակարկառուն գործիչներից մեկի` Գալուստ Սահակյանի աշխատանքային կենսագրությունն իրոք հետաքրքիր է: Նա եղել է փականագործ, մանկավարժ, դպրոցի տնօրեն և այն հազվադեպ գործիչներից է, ում հաջողվել է աշխատել Հայաստանի երեք նախագահների հետ էլ: Գալուստ Սահակյանը հատկապես խորհդարանում աչքի է ընկնում իր ճարտար լեզվով, նա պատրաստ է մեկնաբանել ամեն ինչ` եթե նույնիսկ արտաբերած մտքերը հոդաբաշխ չեն: Համացանցում հաճախ են կատակում նրա արտահայտած մտքերի շուրջ` դրանք աֆորիզմներ դարձնելով:
Իհարկե, շատ քչերը կարող են նրա նման մտքեր արտահայտել: Որպես ասվածի վառ ապացույց, մեջբերենք մի քանիսը: Համաձայնվեք «Դեմ լինելը դա ընդդեմը չէ», «Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն կա», «Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ», «Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել», «Լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն»,
«Չափներդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում»,
«Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ» նշանակում է «ոչ էական» և այլ նման արտահայտություններ ոչ բոլորի մտքով կարող է անցնել արտաբերել:
Ինչևէ, անդրադառնանք ԱԺ նախագահի ունեցվածքին: Ինչպես արդեն նշեցինք, նրա որդիները պետական պաշտոնյաներ են և հայտարարգրերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կարողացել են գումարներ ետ գցել: Անձամբ Գալուստ Սահակյանը 2015 թվականի հայտարարագրում դրամական միջոցների մասին ոչ մի տվյալ չի հրապարակել, ասել է թե` ԱԺ նախագահը գումար չունի և ապրում է որդիների հույսին: Հայտարարագրում նա միայն իր եկամուտի մասին տվյալն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից և կենսաթոշակից 12 մլն 716 հազար դրամ է վաստակել:
Իսկ ԱԺ նախագահի կինը` Ժաննա Աղաբաբյանը, ով պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, ոչ միայն դրամական միջոցներ ունի, այլև մեկ տարվա ընթացքում հասցրել է դրանք ավելացնել: 2015 թվականի սկզբին նա ունեցել է 100 մլն դրամից ավել գումար, իսկ արդեն տարվա վերջում դրանք դարձել են 126 մլն 433 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 27 մլն դրամ, որը գոյացել է շահաբաժնից, կենսաթոշակից և աշխատանքի վարձատրությունից:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարագիրը ներկայացնելիս ևս շռայլ չի գտնվել: Նա բավարարվել է նշելով միայն, որ ունի 151 մլն 600 հազար դրամ, սակայն շռայլ է գտնվել մեկ տարվա եկամուտները ներկայացնելու հարցում: Նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 61 մլն 799 հազար դրամ, որը հիմնականում գոյացել է աշխատանքի վարձատրությունից, շահաբաժիններից և վարձակալության դիմաց ստացված վճարներից: Նրա կինը` Սեդա Հակոբյանը, ունի 24 մլն 900 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 969 հազար դրամ:
ԱԺ նախագահի մյուս որդին ` Տիգրան Սահակյանը, ունի 92 մլն 831 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության և վարձակալության դիմաց ստացված վճարների շնորհիվ վաստակել է 10 մլն 530 հազար դրամ: Նրա կինը` Սաթիկ Մարտիրոսյանը, իր հայտարարագրում նշել է միայն, որ 969 հազար դրամ աշխատավարձ է ստացել:
Նաիրա Հովհաննիսյան