Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլեւ հարակից համայնքների բնակիչների առողջությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք շատ հոսանք են ծախսում, ողջ աշխատանքային օրվա ընթացքում տնօրենն անջատած է պահում: «Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու: Շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել: Նույնիսկ այս հարցով տնօրենին ենք բողոքել, ինքն էլ ի պատասխան ասաց, թե ում ձեռք չի տալիս, հաջողություն: Բա ո՞ւր են, բնապահպանները թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ»,-զայրացած ներկայացրեց գործարանի աշխատակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը գործարանի տնօրենին փոխանցեց իր աշխատակիցների դժգոհությունները, նա զայրացած վրա տվեց. «Ձեր ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Գործարանի ֆիլտրերը գտնվում են աշխատունակ վիճակում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ