Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների խզման խորացմանը զուգահեռ սերտանում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Կրեմլին մոտ կանգնած փորձագետներն արդեն հրապարակավ շանտաժային հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին: Առաջիկայում էլ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, որտեղ կստորագրվեն նավթագազային ոլորտի մի շարք կարեւորագույն պայմանագրեր: Մի շարք փորձագետների կանխատեսմամբ` Հայաստանի նկատմամբ ռուսների վերաբերմունքի փոփոխությունն օգտագործելով` առաջիկայում Ադրբեջանը կարող է բլից կրիգի` կարճատեւ պատերազմի փորձ անել կամ էլ լայնամասշտաբ դիվերսիա իրականացնել: Ստեղծված իրավիճակի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առաջիկա հնարավոր լարվածության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքական գործիչների հետ:
ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Կարապետյան, ՌԴ կողմից Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակվողական զինամթերքի վաճառքից հետո Ադրբեջանի ՊՆ Ս. Աբիեւը հայտարարեց, որ առաջիկայում Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ընդունված է համարել, որ մինչ օրս ադրբեջանցիների համար զսպիչ գործոն է հանդիսացել Ռուսաստանը: Սակայն վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների նկատելի սառեցումն ու դրան հակառակ` ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացումը ոմանց հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում Ադրբեջանն առիթը կօգտագործի եւ կփորձի դիմել զինված ագրեսիայի` ընդհուպ մինչեւ կարճատեւ պատերազմ: Առավել եւս, որ նախագահական ընտրությունների շեմին դա լրացուցիչ դիվիդենտներ կարող է բերել Ի. Ալիեւին: Որքանո՞վ եք նման հեռանկարը հավանական համարում:
-Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, լինելով Ղարաբաղի հարցում միջնորդ պետություն, ամեն բան անելու է, որպեսզի մի կողմ չշեղվի, մի կողմի շահերն ավելի շատ չներկայացնի, քան մյուսինը, քանի որ այդ դեպքում ինքը կկորցնի միջնորդի անաչառությունը: Դա Ռուսաստանին պետք չէ թե՛ հեռանկարի, թե՛ կարճաժամկետ առումով: Եվ ինձ համար անհավատալի է նման զարգացման հնարավորությունը: Ռուսաստանն ունի իր մոտեցումները: Շատերը հատկապես գեոքաղաքական զարգացումների մեջ որոշ դավադրությունների կամ էլ որոշ տեսությունների մղումով միգուցե կարող են նման վերլուծություններ անել: Բայց դա լուրջ չէ: Ռուսաստանը երբեք կողմերից մեկին չի պաշտպանի, որովհետեւ այն, ինչ կա, իրեն էլ շատ մեծ շահեր է բերում, քան եթե ինքը վերցնի, ընտրի կողմերից մեկին: Մի՛ մոռացեք նաեւ, որ Ռուսաստանը թե մեզ է ծախում զենք-զինամթերք, թե՛ Ադրբեջանին, եթե սկսի միայն կողմերից մեկին աջակցել, մյուսը չի առնելու իր վաճառածը: Իսկ դա իրեն պե՞տք է: Բացի զենքի վաճառքից, կան էլի շատ շահութաբեր բաներ, որոնք կվտանգվեն, եթե Ռուսաստանը մի ուղղությամբ կողմնորոշված լինի: Հավատացե՛ք, դա ՌԴ-ին պետք չէ:
Մի բան էլ նշեմ. պատերազմի հետ կապված հարց ուղղեցիք: Չեմ կարծում, որ նման բան լինի, քանի որ դա ձեռք չի տալիս, ոչ մի դեպքում, կողմերից մեկն ուժեղանալու է, եւ դա նույնպես ձեռնտու չեմ համարում: Ուղղակի դա սպեկուլյացիա է: Բայց ես լարվածություն եմ նկատում բարձր մակարդակներում: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ չի կարողանում գնալ Մոսկվա: Երկար ժամանակ իրեն այնտեղ չեն ընդունում, այսքան երկար թերեւս վաղուց նման բան չէր եղել, այդ առումով խնդիրներ ունի Ս. Սարգսյանը: Բայց հայ-ռուսական հարաբերություններում, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ նախանշաններ կան:
-Աշնանը Հայաստանը պետք է նախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայ-ադրբեջանական սահմանին լուրջ լարվածության պատճառով ՀՀ իշխանությունները ստիպված լինեն հրաժարվել այդ պայմանագրից եւ կրկին բացարձակ հավատարմության երդում տալ ռուսներին:
-Չէ՛, ճիշտն ասած՝ կապ չեմ տեսնում ու չեմ կարծում, որ նման բան կարող է լինել: Չէ՛, այդ դեպքում ռուսի անելիքը ո՞րն է: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի անելիքը միջնորդի դերակատարության ընդլայնումն է, դրան հավատարիմ մնալն է, ու ինքն ամեն ինչ անելու է դրան հավատարիմ մնալու շրջանակներում, համոզվա՛ծ եղեք:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարո՛ն Արսենյան, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների խզմանը զուգահեռ սերտանում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, դա հատկապես վերջին դեպքերից հետո ավելի ակնհայտ դարձավ…
-Հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք հաղորդակից անոթների նման չեն եղել, որ մեկի մոտ թուլանա, մյուսի մոտ ուժեղանա: Դրանք առանձին- առանձին հարաբերություններ են, մեկը մյուսի հետ կապ չունեն: Ուղղակի նման արձագանքը շատ պարզունակ է: Ամեն երկիր իր շահերն ունի եւ սպասարկում ու առաջնորդվում է ի շահ իր երկրի:
-Բայց մի՞թե տեսանելի չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա…
-Ես հայ-ռուսական հարաբերությունների մեջ Հայաստանի կողմից տեսնում եմ ինչ-որ արկածախնդիր մոտեցում: Ես միշտ էլ մի բան եմ ասել, որ բոլորի հետ էլ պետք է լավ լինենք: Այսքան բան: