ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի նստավայրը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու մասին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավարը լինելու է Նարեկ Սարգսյանը, որն արդեն հրաժարական է տվել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:
Մեր տեղեկություններով՝ այդ կոմիտեին է վերապահվելու լիազորությունների բավական մեծ շրջանակ` սկսած ճարտարապետաքաղաքաշինական հարցերի կանոնակարգումից, ավարտած պատմամշակութային հուշարձանների եւ հատուկ պահպանության գոտիների վերահսկողությամբ: Թե որքանով ավելի արդյունավետ կլինի այդ ամենի վերահսկողությունը հանձնել մեկ մարմնի, այն էլ վիճահարույց համբավ ունեցող Ն. Սարգսյանի գլխավորությամբ, դժվար է ասել: Սակայն մեկ բան հստակ է. առաջիկայում գոնե հայտնի կլինի, թե կոնկրետ որ մարմինն է պատասխանատու որեւէ ճարտարապետական խեղաթյուրման կամ պատմամշակութային հուշարձանի աղճատման համար: Իսկ հիմա այդ հարցում բացարձակ շիլաշփոթ է, եւ պատկան մարմինները մեկը մյուսի վրա են գցում մեղքը: Դրա լավագույն օրինակը Երեւանի Փակ շուկայի ճակատագիրն է, երբ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը, մեկը մյուսին մեղադրելով, պատմաճարտարապետական հուշարձան համարվող այդ հրաշալի կառույցը հասցրին այսօրվա վիճակին:
Մյուս կողմից էլ` նորաստեղծ կոմիտեի գործունեությունը թե՛ մասնագիտական, թե՛ հանրային առավել մեծ ուշադրության ներքո կգտնվի նաեւ այն պատճառով, որ այն ղեկավարելու է Ն. Սարգսյանը, որի գրեթե բոլոր նախաձեռնությունները սվիններով են ընդունվում նրա գործընկերների մեծ մասի կողմից: Հիշեցնենք, որ սկսած Հյուսիսային պողոտայի կառուցումից, ավարտած ՀՀ կառավարության շենքի վրա թմբուկ կառուցելու գաղափարով՝ Ն. Սարգսյանը մշտապես եղել է քննադատությունների թիրախում, ինչը, ի դեպ, հաճախ պայմանավորված է եղել զուտ անձնական գործոններով: Այդուհանդերձ, նրան հաջողվել է տարիներ շարունակ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնել` այդ ընթացքում կյանքի կոչելով իր  նախագծերի մեծ մասը:
Թվում էր, թե նրա վերջին՝ աղմուկ հանած նախաձեռնությունը` կապված Հանրապետության հրապարակի վերանորոգման հետ, պետք է որ լցնի Սերժ Սարգսյանի համբերության բաժակը, եւ նա վերջապես աշխատանքից կազատի հանրության կողմից այդքան քննադատվող ճարտարապետին, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում ճիշտ հակառակը: Իսկ սա նշանակում է, որ Ն. Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների հետեւում կանգնած են անձամբ երկրի առաջին դեմքերը:
Հ.Գ. Ամեն դեպքում, Ն. Սարգսյանը երբեք չի թաքնվում մամուլից եւ մշտապես արձագանքում է իր հասցեին հնչած քննադատությանը, ինչը չի կարելի ասել Երեւանի մյուս գլխավոր ճարտարապետների մասին: Թե ինչպիսին կլինի նրա հետնորդը, ցույց կտա ժամանակը:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս