ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները շղթայական ռեակցիայով հասան հասարակական տրանսպորտին: Ու քանի որ ուղեվարձը Երեւանում արդեն 150 դրամ է դարձել, երեւույթն անհանգստություն է առաջացրել նաեւ Հայաստանի տարբեր մարզերի քաղաքային իշխանությունների մոտ: Շատ քաղաքապետեր այս օրերին միջոցներ են փնտրում թանկացումները մեղմելու համար: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի Գյումրու աղբյուրները, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, օրինակ, հրահանգել է ինչ-որ բան մտածել, որպեսզի ուղեվարձի թանկացման մաքսիմումը լինի 110-130 դրամ: Ըստ այդմ, չի բացառվում, որ Գյումրիում փորձելու են տրանսպորտը վերածել գովազդային կրիչների, որպեսզի գոնե այդ ճանապարհով դրամական հոսքեր ներգրավեն՝ լուծելու չափավոր թանկացման հարցը:

ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Երեկ ազատամարտիկները հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց նստացույցը: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք նստացույցից դուրս ենք գալիս, միայն փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը կշարունակի իր հացադուլը: Հիմա գնում ենք, շրջելու ենք տարբեր շրջաններում, հանդիպելու ենք մյուս ազատամարտիկներին: Պայքարը շարունակելու ենք: Առաջիկա անելիքների մասին համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Իսկ կազմված հանձնաժողովի հետ մենք գործ չունենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել էր որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994թթ. փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ ՊՆ-ում, ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Ի դեպ, վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքն այդքան էլ չի գոհացնում ազատամարտիկներին:




Լրահոս