ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամենաշատն ինքն է ցանկանում, որ օր առաջ իշխանափոխություն լինի, եւ հիմա անում է ամեն ինչ արագացնելու համար իր հրաժարականի գործընթացը: Համենայնդեպս, վերջին ամիսներին Հայաստանում իշխանությունների համառ ջանքերով օրեցօր ավելանում են ժողովրդի խնդիրները, ինչն էլ ազդում է հասարակական տրամադրությունների վրա: Խոսքը հատկապես վերջին թանկացումների մասին է, որոնց հետեւանքով օր օրի աճում է հասարակական դժգոհությունը: Իսկ Ս. Սարգսյանն այս իրավիճակը հանգուցալուծելու փոխարեն գերադասում է մեկնել արտերկիր՝ արձակուրդն անցկացնելու համար:
Հարկ է նկատել, որ Ս. Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից է ունեցել լեգիտիմության խնդիր. մարտի 1-ի տասը զոհերի արյան գնով նվաճելով նախագահի աթոռը՝ Ս. Սարգսյանին այս ողջ ընթացքում այդպես էլ չհաջողվեց հաղթահարել իր եւ հասարակության միջեւ անջրպետը: Ընդհակառակը, պարբերաբար կեղծվող ընտրություններին ու դրանց հետեւանքով շարունակվող քաղաքական ճգնաժամին այս ընթացքում ավելացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որը հիմա, փաստորեն, նոր թափ է հավաքում եւ ավելի սրվում: Ընդ որում, այս անգամ օբյեկտիվ պատճառները շատ ավելի քիչ են, քան նախկինում էր: Ասել է թե՝ այս անգամ իշխանություններն ավելի շատ հնարավորություն ունեն լուծելու այդ խնդիրները, քան առաջ: Այնինչ Ս. Սարգսյանի իշխանությունը գործում է հակառակ տրամաբանությամբ:
Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, որին հաջորդեց նաեւ շատ ապրանքատեսակների ու ծառայությունների թանկացումը: Սրան գումարվեց նաեւ տրանսպորտի ուղեվարձը. շաբաթ օրվանից սկսած՝ մարդիկ 100 դրամի փոխարեն վճարում են 150 դրամ: Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, սրանք ընդամենը «առաջին ծաղիկներն են». ամեն ինչ դեռ առջեւում է, հատկապես ձմռանը, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճին զուգահեռ ավելանան նաեւ դրանց դիմաց պահանջվող վճարումները: Ասել է թե՝ միայն սոցիալական իրավիճակի օրեցօր վատթարացումը հեղափոխական իրավիճակ է ստեղծել: Մնում է միայն՝ ընդդիմադիր ուժերը կարողանան ճիշտ օգտագործել ստեղծված իրավիճակն ու կարողանան հասարակական դժգոհություններն օգտագործել իշխանափոխության համար:

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ,
ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐԱ ԴԱՐԴԻՆ

Այս ամենից հետո ուշագրավ է, թերեւս, իշխանությունների, մասնավորապես Ս. Սարգսյանի պահվածքը. երեկ նա մեկնել է արձակուրդ, որն անցկացնելու է արտերկրում: Ընդ որում, Ս. Սարգսյանը մեկ շաբաթով արձակուրդ էր մեկնել ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունիսի 12-ին (հիշո՞ւմ եք, անցած տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հարամեց» Սարգսյանի հանգիստը եւ շտապ հրավիրեց Մոսկվա՝ վերջին անգամ տետատետ քննարկելու ԵվրԱզԷՍ-ի հարցը):
Իսկ Սարգսյանի երեկվա քայլը՝ «անժամկետ արձակուրդ մեկնելը», մեղմ ասած, տարօրինակ է: Այն էլ նման իրավիճակում, երբ հասարակության մոտ գնալով ավելանում է իշխանության հանդեպ դժգոհությունը, երբ մայրաքաղաքում պարբերաբար բողոքի գործողություններ են անցկացվում, երբ մարդիկ ընդվզում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ՝ վճարելով նախկինի չափով: Համենայնդեպս, տրամաբանությունն ու տարրական էթիկան հուշում են, որ իշխանությունները պետք է հանդես գային պարզաբանումներով ու փորձեին ժողովրդին բացատրել կատարվածը:
Թեեւ նկատենք, որ իշխանությունների խոսքերին վաղուց ի վեր որեւէ մեկը հավատ չի ընծայում: Հիշենք, օրինակ, այս տարվա մարտի 18-ին Ս. Սարգսյանի հայտարարությունները, երբ հերքում էր գազի սակագնի բարձրացման մասին լուրերը: «Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա… Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ՝ թանկանալու (գազի-Ա. Գ.) մասին»,-ասել էր նա: Բայց հետո պարզվեց, որ գազի սակագնի բարձրացման մասին «հազարավոր հերյուրանքներն ու բամբասանքները» ճիշտ էին: Ճիշտ նույն կերպ Տարոն Մարգարյանն էր պաշտոնապես վստահեցնում՝ Երեւանում տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա, քաղաքացիները կարող են հանգիստ լինել (տե՛ս էջ 4): Բայց բոլորը տեսան, թե ինչ եղավ:
Այնպես որ, Հայաստանում սկսել է շրջել հեղափոխության ուրվականը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս