ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՊԵԿԻՆ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 25-26-ին Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այց կկատարի Պեկին։ Իսկ դրանից առաջ նա Բրյուսելում էր:

ՈՒԶՈՒՄ ԷՐ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
Հայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 22-ին՝ ժամը 03:33-ին, քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը պատրաստվում է Հայաստանի Ազգային ժողովի մոտ ինքնահրկիզվել: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, եւ պարզվել է, որ Հ. Զաքարյանն այդ պահին գտնվել է Արմավիրի մարզում: Քաղաքացու հետ տարված զրույցի շնորհիվ հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից:

ՓԵՍԱ-ԱՆԵՐՁԱԳ ՍՊԸ
Ստեփան Սաֆարյանը դեկտեմբերին հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե որ ՍՊԸ-ներն են սպասարկում թիվ 5, 32, 15 եւ 63 երթուղայինները, քանի որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ հենց այդ երթուղայիններն են ընտրողներին տեղափոխել ընտրատեղամասեր` «նախընտրելի» թեկնածուի համար ձայներ ապահովելու նպատակով: Ս. Սաֆարյանն «Իլուր»-ին է փոխանցել հարցման պատասխանը, որտեղից երեւում է, որ մասնավորապես թիվ 5 եւ 32 երթուղայինների սպասարկումն իրականացնում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն է: Հենց նա էլ, ի դեպ, դեկտեմբերի 2-ին Ավանում կայացած «ընտրությունների» արդյունքում դարձավ պատգամավոր:

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր դուրս են գալու բողոքի ակցիայի եւ գործարանից ուղղվելու են  Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բողոքի պատճառը կրկին աշխատավարձի ուշացումն է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ հուլիսի 10-ին խոստացել էր, որ հուլիսի 14-19-ն ընկած ժամանակահատվածում կվճարվի եւս 1 ամսվա աշխատավարձ, սակայն երեկվա  դրությամբ գումարը դեռ փոխանցված չէր: Անցած 3 տարիների ընթացքում «Նաիրիտ»-ում կուտակվել է 1 տարվա աշխատավարձ, այսինքն՝ աշխատողներին 3 ամսում 2 ամսվա համար է գումար վճարվում: 1 ամսվա աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 1 մլն դոլար է:

ՄԻ՛ ՎՃԱՐԵՔ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել միանալ ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաներին. «Քաղաքային ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ պայքարող մեր ակտիվիստ երիտասարդների շնորհիվ առաջացել է հանցավոր համակարգին զգալի հարված հասցնելու եւ նահանջ պարտադրելու լուրջ հնարավորություն: Մենք իրավունք չունենք բաց թողնելու այդ հնարավորությունը: Երիտասարդներին եւ շոգի նկատմամբ տոկուն ավագ սերնդի քաղաքացիներին կոչ եմ անում միանալ ակտիվիստներին, ուղեւորներին հորդորում եմ տեր կանգնել իրենց իրավունքներին ու վճարել միայն 100 դրամ, իսկ վարորդներին՝ երկրի ազատագրման շահը բարձր դասել օրվա շահից եւ միանալ այս պայքարին»:

ԽԵՂՃ ԴԱՏԱԽԱԶ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի հետեւել Տիգրան Սարգսյանի օրինակին եւ չի դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է իր անունը հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում: Այս մասին «Գալա»-ին ասել է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը: Անդրադառնալով Կիպրոսի դատախազի հայտարարությանը, թե հնարավոր չէ առանց մարդու իմացության նրան գրանցել օֆշորային ընկերությունում, մամլո պատասխանատուն ասել է. «Կիպրոսի դատախազն իր հայտարարության համար քննադատվել է Կիպրոսում»:

ԸՆԴԴԵՄ ՀՔԾ-Ի
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում երեկ սկսվել է բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի` ՀՔԾ-ի դեմ բողոքի քննությունը: Հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանը հայտնել էր, որ իրեն կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում էլ, ուր գնացել էր անձնական ընդունելության խնդրանքով, նրա օգնականի` Մ. Հակոբյանի կողմից աթոռով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել: Սակայն ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել Ա. Խալոյանի հաղորդման հիման վրա:




Լրահոս