ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում զինված միջադեպի ժամանակ Կնյազ Ղազարյանի սպանության, եղբոր՝ Գագիկ Ղազարյանի նկատմամբ սպանության փորձի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է Ղազարյան եղբայրների ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 7-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, նրանց թվում՝ Ղազարյան եղբայրները՝ հրազենային կոտորակային վնասվածքներով, որոնցից մեկն օրեր անց մահացել է։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ղազարյան եղբայրների հետ Գյումրիի Մյասնիկյան փողոցում վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանը՝ նախկինում առաջացած տարաձայնությունների կապակցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանից Ա.Գրիգորյանը դեպքի վայրում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել Կնյազ ու Գագիկ Ղազարյանների ուղղությամբ՝ սպանելու դիտավորությամբ։
Ստացած մարմնական վնասվածքնով եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Կ.Ղազարյանը 2015 թվականի մարտի 11-ին մահացել է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Քրեական գործի նախաքննությունը մեղադրյալ Ա. Գրիգորյանի մասով ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Գյումրիում զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, խուլիգանության, մարմնական վնասվածքներ պատճառելու մասով, շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին