4 ՏԱՐԲԵՐ ՎԱՐԴԱՎԱՌ
Հուլիսի 21-ին Տավուշի մարզի բնակիչների մեծ մասը նշեց Վարդավառը: Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը նշվել է հուլիսի 7-ին: Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն Տավուշում լավ գիտեն, որ Վարդավառն ի սկզբանե եղել է հեթանոսական տոն, այն կապվում է հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Տավուշի մարզում Վարդավառը տոնում են ոչ թե Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով, այլ հուլիսի 20-ից հետո՝ առաջին կիրակի օրը: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի զգալի մասն էլ այն կնշի առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 28-ին: Բացի այդ, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներն էլ ավանդաբար Վարդավառը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը: Ստացվում է 4 տարբեր օրերի տոնվող Վարդավառ:
ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԷՐ ԵՆԹԱՐԿԵԼ
Հուլիսի 20-ին Իջեւան քաղաքի կենտրոնում՝ միջպետական ճանապարհին, Իջեւանի ներքաղաքային երթուղու «Գազել» ավտոմեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել Իջեւանի բնակիչ, 1957թ. ծնված Գրիշա Մարկոսյանին, որը երթեւեկում էր անվասայլակով: Վերջինս առաջին կարգի հաշմանդամ է: Նա իր անվասայլակով հաճախ է հայտնվում քաղաքի կենտրոնում՝ միջպետական ճանապարհին: Պետավտոտեսչությունից տեղեկացանք, որ վրաերթ կատարած վարորդը հաշմանդամին տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հայտնեցին, որ տուժածը դեմքի վնասվածքներ է ստացել: Գ. Մարկոսյանն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո՝ հուլիսի 21-ին, Իջեւանի ԲԿ-ից դուրս է գրվել:
ԿՐԱԿԵԼ Է ՀՈՐԵՂԲՈՐ ՏՂԱՅԻՆ
Հուլիսի 17-ին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում 1981թ. ծնված Ժիրայր Դավթյանը ձախ սրունքի մասում հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր տղային՝ 1981թ. ծնված Արթուր Դավթյանին: Վերջինս տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ հուլիսի 18-ին Ժ. Դավթյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող զենքը՝ հրթիռանետ ատրճանակը, որը հարմարեցված է որսորդական փամփուշտներով կրակելու համար: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նշանակված են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Որպես կասկածյալ ներգրավված Ժ. Դավթյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հորեղբոր որդիների միջեւ կենցաղային հարցի շուրջ վեճ է ծագել, որի հետեւանքով կրակոց է արձակվել:
Տավուշ