Ապրիլի սկզբին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Կներկայացվեն մոտ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնք առաջին հերթին ուղղված են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում սահմանափակումների, խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը: Այդ համաժողովը կդառնա առաջին լայնամասշտաբ միջոցառումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նորանշանական ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանի համար, գրում է Eurasia Daily-ն:
Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԵՏՀ ղեկավարի պաշտոնում 2015թ. հոկտեմբերին՝ փոխարինելով Վիկտոր Խրիստենկոյին: Նա պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները 2016թ. փետրվարի 1-ին, և այդ կարճ ժամանակահատվածում ցույց տվել, որ մտադիր է ակտիվացնել ինտեգրացիոն համակարգի աշխատանքը, ընդ որում՝ հենց գոյություն ունեցող օբյեկտիվ և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների վերացման ուղղությամբ:
Սարգսյանը, նախապատրաստվելով միջկառավարական խորհրդի նիստին, հանդիպել է և էական բանակցություններ վարել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների, ինչպես նաև ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Միաժամանակ նա սկսել է «համակարգված երկխոսությունը» բիզնես հանրության հետ՝ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան՝ հանդիպելով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարների և Ամերիկա-ռուսական գործարար խորհրդի ղեկավար Դենիել Ռասելի հետ:
Երկու դեպքերում ԵՏՀ ղեկավարն ընդգծել է շահագրգռվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների տնտեսական զարգացման մեջ: Հանձնաժողովի գործունեությունը, նրա խոսքով, նպատակ ունի ԵՏՄ ներքին շուկան «առավել թափանցիկ և հասկանալի դարձնել ներդրողների և ձեռնարկատերերի համար», քանի որ եվրասիական ինտեգրումը համաշխարհային տնտեսության դանդաղեցման ֆոնին ունակ է միության մասնակից երկրների համար դառնալ «դիվերսիֆիկացման և աճի» գլխավոր աղբյուրը:
Eurasia Daily-ն հիշեցնում է, որ ԵՏՀ ղեկավարի պաշտոնին Տիգրան Սարգսյանի նշանակումն իր ժամանակին ոչ միանշանակ ռեզոնանս առաջացրեց: ԵՏՀ ղեկավարների ռոտացիան տեղի է ունենում այբենական սկզբունքով, և Խրիստենկոյից հետո պաշտոնը պետք է զբաղեցներ Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն այդ ժամանակ Հայաստանը արդեն ԵՏՄ լիիրավ անդամ էր, և, այդպիսով «խախտելով» հերթականությունը, մեղմ ասած, հիացմունք չառաջացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ: Նա իր դժգոհությունը բացահայտորեն չհայտնեց, սակայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ձևացրեց, որ չգիտի ԵՏՀ նորանշանակ ղեկավարի անուն-ազգանունը:
Եվ հենց դրանից հետո ռուսական պարբերականներից մեկը ԵՏՀ նոր ղեկավարի մասին հոդված հրապարակեց՝ «Ինչի՞ համար է պետք Ռուսաստանին Տիգրան Սարգսյանը» վերնագրով: Տիգրան Սարգսյանը, ով Եվրոպայի հետ կապերի զարգացման կողմանկից է, ով թերահավատորեն էր մոտենում Հայաստանի հնարավոր մասնակցությանը Մաքսային միությանը: Եվ, հավանաբար, հենց այդ ֆոնին, հարցը պետք է հռետորական հնչեղություն ունենար:
Եվ հենց դրա շուրջ խոսակցությունները պնդում էին, որ նշանակման պատճառ կարող էին հանդիսանալ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ սերտ կապերը, ում համակուրսեցին էր Սարգսյանը Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, որը գերազանցությամբ ավարտեց 1983թ.:
Տիգրան Սարգսյանը Ռուսաստանին պետք էր այլ պատճառներով: Դրանցից մի քանիսի մասին վերջերս խոսեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով հիշեցրեց, որ ԵՏՀ նոր ղեկավարն արդեն «ղեկավարում էր այլ երկրների կառավարությունները», ընդ որում՝ Մոկսվայում տեղյակ էին, որ նա հաջողությամբ էր ղեկավարում: Այդ համատեքստում, Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ 2008թ. և մնաց այդ պաշտոնում 6 տարի: Հենց այդ ժամանակ սկսվեց աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամը, իսկ Հայաստանում զգալիորեն սրվեց ներքաղաքական իրավիճակը՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Սակայն իրավիճակը հաջողվեց էականորեն կայունացնել: Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցներ սահմանեց: Պետական կառավարման բարեփոխումներ իրականացվեցին, մասնավորապես, հայտնվեց «էլեկտրոնային կառավարությունը»: Հանրապետությունում ապամենաշնորհվեցին հեռուստահաղորդակցման և օդային հաղորդակցման ոլորտները:
Այսպիսով, ԵՏՀ ղեկավարի մասնագիտական բարձր կարողությունների առումով որևէ կասկած չի կարող լինել: Տիգրան Սարգսյանը, ով բարի համբավ ունի, լիովին համապատասխանում է ղեկավարի իր պաշտոնին, եզրահանգում է Eurasia Daily-ն: