Օրեր առաջ «Ժողովուրդ»-ին դիմած տասնյակ քաղաքացիներ տագնապով տեղեկացրին, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է իրենց առողջությունը: Բանն այն է, որ գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, տնօրենի կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում: Իսկ գործարանն էլ առանց ֆիլտրերի աշխատելու դեպքում աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում նաեւ հարակից համայնքները:
Նշենք, որ այս մասին ահազանգում են ոչ միայն հարակից համայնքների բնակիչները, այլեւ հենց գործարանի աշխատակիցները: «Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու: Ամբողջ շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել: Նույնիսկ այս հարցով տնօրենին ենք բողոքել, բայց ոչ մի արդյունք: Ինքն էլ ի պատասխան ասաց, թե ում ձեռք չի տալիս, հաջողություն ձեզ: Գիշեր-ցերեկ մեծ տեմպերով ցեմենտ ենք արտադրում, թող բնապահպանները գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ»,-զայրացած ներկայացրեց գործարանի աշխատակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
Նկատենք, որ գործարանի այս հակաբնապահպանական աշխատելաոճը խանգարում է նաեւ տուրիզմի զարգացմանը: Ահազանգած քաղաքացիների խոսքով, երբ «Միկա ցեմենտ»-ն առանց ֆիլտրերի է աշխատում, ամբողջ Ծաղկաձորն աղտոտվում է:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: «Համապատասխան կառույցը գալիս է, ստուգումներ, մոնիթորինգ է անցկացնում եւ համապատասխան գրություն թողնելուց հետո հեռանում է: Պարզվում է, որ ամեն ինչ կարգին է: Այս խնդիրը միշտ էլ եղել է: Երկար ժամանակ էր, ինչ ցեմենտի գործարանը չէր աշխատում, բայց ավելի քան երկու շաբաթ է, ինչ այն աշխատում է»,-ներկայացրեց Ա. Դանիելյանը ընդգծելով, որ քաղաքապետարանն այս օրերին խնդրի հետ կապված ահազանգ չի ստացել: Նա նաեւ վստահեցրեց, որ նույնիսկ անզեն աչքով է տեսանելի օդի աղտոտվածությունը. «Արտանետվող քանակությունը պարզ երեւում է»: Զրույցի ավարտին քաղաքապետը խոստացավ հետեւողական լինել խնդրի լուծման հարցում:
Աղավնաձոր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Մակիչ Դանիելյանը նույնպես հաստատեց, որ այս խնդիրը կա. «Միշտ էլ կա, ամեն տարի մենք այդ օդն ենք շնչում: Ու դա գաղտնիք չէ, բոլորն էլ տեղյակ են դրանից: Քամին այդ աղտոտվածությունը քշում բերում է մեր կողմերը, իսկ գյուղացիներն էլ ստիպված շնչում են այդ օդը: Էնքան վնաս է հասցնում, որ հատ-հատ չեմ կարող դրանք թվարկել: Ինչ ծնվել եմ, այդ փոշին եմ կուլ տալիս, ու նույնը՝ մեր երեխաները»:
Իսկ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը տնօրենի այս քայլը հանցագործություն որակեց: Նրա խոսքով՝ Կանաչների միությունը նույնպես ահազանգեր է ստանում. «Նա իրավունք չունի առանց ֆիլտրերի գործարան աշխատեցնել: Հավելյալ գումարներ աշխատելու նպատակով նման հանցագործության է դիմում եւ դրանով վտանգում ոչ միայն իր աշխատակիցների, այլեւ շրջակա բնակչության առողջությունը»:
Բնապահպանի տեղեկացմամբ` գործարանից արտանետված նյութերը մարդու առողջության համար վտանգավոր են. «Ամեն ինչ ստեղծված է ճշգրիտ աշխատելու համար, բայց չեն օգտագործում: «Միկա ցեմենտ»-ը մշտապես խախտել է այդ կանոնները եւ մշտապես բնակչությանը վնաս պատճառել: Շատ հաճախ են նրանք ֆիլտրերն անջատել: Ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան գոյություն չունի»:
Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, լսելով աշխատակիցների դժգոհությունները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատասխանեց. «Ձեր ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Գործարանի ֆիլտրերը միշտ աշխատել են ու գտնվում են աշխատունակ վիճակում: Եվ ընդհանրապես, աշխատանքի ժամանակ արտանետումներ չեն եղել, միայն գոլորշի ենք արտանետել»: Ու չլսելով մեր մյուս հարցերը՝ անմիջապես անջատեց հեռախոսը:
Հ.Գ. Ահազանգած աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանը գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում, եւ այն մնացել է բանկին, քանի որ հսկայական գումար է վերցրել եւ չի կարողացել վճարել: Սակայն «ՎՏԲ-Հայաստան» բանկի էլեկտրոնային կայքից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ բանկից ստացված վարկի: Բանկը «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ-ի համար բացել է չվերականգնվող վարկային գիծ: Բանկի կողմից տրված գումարի մի մասը «Ցեմենտ սերվիս»-ն ուղղելու է «Միկա ցեմենտ»-ին նպատակային փոխառություն տրամադրելուն` վերջինիս վարկային պարտքերի, այդ թվում նաեւ կոմունալ ծառայությունների գծով (աշխատավարձերի եւ բնական գազի համար պարտավորությունների մարման), ինչպես նաեւ որպես դրամական միջոցների գրավ` ի ապահովումն «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ կողմից «Միկա ցեմենտ»-ի պարտավորությունների կատարման ապահովման համար տրամադրվող բանկային երաշխիքների:
«ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ