«ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ԿՔԱՆԴՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոն ու գավաթակիր, «Բարի կամքի խաղերի» հաղթող, 1986-89-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, 1999-2000-ին ՀԱՕԿ նախագահ Բենուր Փաշայանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպորտի հիմնախնդիրների, չեմպիոն դառնալու գաղտնիքների մասին:
«Օլիմպիական չեմպիոն ունենալու համար պետք է ունենանք պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ մարզչական համակարգ: Դրա համար հարկավոր է մարզչական խնդրին ուշադրություն դարձնել: Եթե չունենք մարզիչներ, պետք է հրավիրենք դրսից: Մարզիկից պետք չէ պահանջել, որ դառնա չեմպիոն, պետք է այդ պահանջը դրվի մարզիչների վրա»,-նշեց Բ. Փաշայանն ու հավելեց, որ իրեն շատ են հրավիրում դրսից 3000-4000 դոլար աշխատավարձով, բայց իր նման պրոֆեսիոնալ մարզչի համար դա շատ ցածր գումար է: Նա արդեն 10 տարի է` չի աշխատում, բայց ունի բիզնեսներ, որոնցով կարողանում է պահել ընտանիքը։
«Կուզենայի, որ ՀԱՕԿ-ի ու սպորտի նախարարության հարաբերությունները ներդաշնակ լինեին, սակայն այսօր դրանք շատ ցավալի վիճակում են, ու դրանից տուժելու է միայն սպորտը,-նկատեց աշխարհահռչակ ըմբիշն ու կարծիք հայտնեց, որ սպորտի նախարարը միայն այն ժամանակ կարող է ղեկավարել հայկական սպորտը, երբ կրկին վերականգնի ժողովրդի սերն ու հարգանքն իր անձի նկատմամբ,-իսկ մենք գիտենք, թե նա երկրաշարժից հետո ինչ կյանքով է ապրել, ինչ է արել։ Ոլորտը ղեկավարելու համար փորձ է պետք ունենալ: Եթե նա կարողանա նորից վերագտնել ժողովրդի սերն ու հարգանքը, ինքս էլ նրան կօգնեմ, ինչով կարող եմ: Չեմ ցանկանում, որ նա, գալով իշխանության, պարտություն կրի: Այն մարդիկ, որոնք շրջապատում են Յուրի Վարդանյանին, իրենց ամբողջ կյանքում զբաղվել են քանդելով: Օրինակ՝ Նազարեթ Մնացականյանը եկել է սպորտի ոլորտը քանդելու, եւ այդ մասին կառավարությունը, Տիգրան Սարգսյանը տեղյակ են: Նա արդեն սկսել է իր քայլերը` սպորտային դպրոցները քանդելով: Ու այսպես հատուկ մտածված քայլերով հայկական սպորտը քիչ-քիչ կքանդվի: Յուրի Վարդանյանի ձեռքով չէ, նրա տեղակալների, փոխնախարարների՝ իրենց ոլորտներից դուրս շպրտված, սպորտից հեռու մարդկանց ձեռքով»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս