ՄԻԱԿ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ ԼՈՌԵՑԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը Հայաստանի մասնակիցների համար բավական հաջողված էին: Հայաստանի սպորտի պատմության մեջ առաջին անգամ գրանցվեցին փայլուն հաղթանակներ մեդալների մեծ քանակով՝ 10 մեդալ, որից 1 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե: Ոսկե մեդալակիրը վանաձորցի 21-ամյա ըմբշամարտիկ Տիգրան Կիրակոսյանն է: Հայրենիքում Տիգրանին ու մյուս մարզիկներին ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Վանաձորի քաղաքապետի հանձնարարությամբ եւ ֆիզկուլտուրայի, սպորտի բաժնի նախաձեռնությամբ ստեղծված հատուկ խմբի անդամներն ու սպորտի սիրահարները լոռեցի չեմպիոնին «Զվարթնոց» օդակայանում դիմավորեցին զուռնա-դհոլով ու եռագույնով: Արդեն Վանաձորում Տիգրանին եւ նրա մարզիչ Աղասի Գալստյանին հյուրընկալեցին մարզային հեռուստաընկերությունում, որտեղ մարզիչը պատմեց Տիգրանի հաղթանակների ու հետագա անելիքների մասին: Չնայած սամբո ըմբշամարտում պայքարն անզիջում էր, բայց Տիգրանի կամքն ու հաղթանակն ամեն գնով Հայաստան բերելու ցանկությունն ավելի մեծ էր: 4 ծանր գոտեմարտ անցկացրած Տիգրանի համար առավել հիշարժան են հաղթանակներն այս տարվա Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ: Տիգրանն առաջին գոտեմարտում 4:0 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին: Հաջորդ գոտեմարտում նրա մրցակիցը վրացի Գիվի Նադերաշվիլին էր: Հայ սամբիստի հաղթանակը բացահայտ էր: Հաղթելով 4:0 հաշվով՝ Կիրակոսյանը մտավ եզրափակիչ: Մինչեւ 52 կգ քաշային կարգում տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակչում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյինբեդ Կանժանովին ու դարձավ ունիվերսիադայում ոսկե մեդալ նվաճած առաջին հայաստանցի մասնակիցը: Այս տարի համաշխարհային ուսանողական խաղերում սամբո ըմբշամարտն ընդգրկվել էր առաջին անգամ, եւ Տիգրանի մտերիմները ոգեւորությամբ նշում են. «Մեր միակ, բայց մեծ հաղթանակն էլ առաջինն է»:
Տիգրան Կիրակոսյանը շարունակում է մարզումները, պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այսօր` հուլիսի 23-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը: Հիշեցնենք, որ այն կավարտվի օգոստոսի 3-ին, իսկ Հայաստանը Բելգրադում կներկայացնեն գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Ռ. Թ.




Լրահոս