«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանը նամակով դիմել է «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրա տեղեկացմամբ՝ գործով դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, դրա համար էլ գործը մտել է փակուղի:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում թաղային հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով դատաքննությունը արդեն 1 տարի երեք ամիս է, ինչ շարունակվում է, սակայն գործով վկաների գրեթե մեծ մասը չեն ներկայանում դատարան, իսկ կարեւոր վկաներից մեկին էլ գտան ինքնասպան եղած:
Եվ այսպես, Իսրայել Սարգսյանը բաց նամակով մեզ հայտնում է. «Ես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ի կալանավոր Իսրայել Սարգսյանս, երկար մտորումների արդյունքում որոշեցի դիմել Ձեզ՝ հայտնելով իմ նկատմամբ իրականացվող ապօրինությունների մասին: 2014 թվականի փետրվարի 3-ին ինձ կալանավորել են եւ մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի, այն է՝ քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբայր Արթուր Սաֆարյանի եւ իմ ծանոթ Մովսես Ներսիսյանի սպանության մեջ»:
Ըստ Իսրայել Սարգսյանի՝ «Այդ հանցադեպերի հետ ես ոչ մի առնչություն չունեմ, իսկ մեղադրանքի չակերտավոր ապացույցները հիմնավորված են մեղադրող կողմի ենթադրությունների եւ օպերատիվ բնույթի վարկածների վրա: Բացակայում է մեղադրանքը հիմնավորող ապացույցներ, չկան Մովսես Ներսիսյանի դիակը եւ մեղադրանքը ինչ-որ չափով հաստատող որեւէ լուրջ ապացույց: Դատաքննությունը այդ պատճառով մտել է փակուղի, ինչի արդյունքում էլ ես համոզված հայտարարում եմ, որ գործում առկա են որոշակի ճնշումներ, դատաքննությունն ընդունել է երկարատեւ եւ արհեստական ձգձգումների բնույթ: Այդ ճնշումների պատճառով դատավորը չի կարողանում օբյեկտիվ եւ ժամանակին դատաքննություն իրականացնել:
Դիմելով պաշտոնատարներին` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, խնդրում եմ միջամտել իմ նկատմամբ արհեստականորեն սարքված քրեական գործի արդարացի լուծմանը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: