ՀԱՐՑ. Եթե անձը հեծանվով հատում է ՀՀ մաքսային սահմանը, ապա այս դեպքում հեծանիվը դիտվո՞ւմ է տրանսպորտային միջոց կամ ապրանք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը համարվում է ապրանք, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ ապրանքներ են համարվում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում՝ արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ ՀՀ ՄՕ-ով սահմանված տրանսպորտային միջոցների: Իսկ ՀՀ ՄՕ 2-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի համարվում ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ անձի հետ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք՝ համապատասխանելով ՀՀ ՄՕ սահմանված «ապրանք» հասկացությանը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս պարագայում հեծանիվը համարվում է ապրանք, որը, ենթադրվում է, սահմանը հատելու դեպքում պետք է մաքսազերծվի: