ՀԱՐՑ. Վերջերս հայտնվեցի անհարմար իրավիճակում: Ընկերս բանկից վարկ էր վերցնում, ու ես երաշխավոր դարձա: Ավելի ուշ պարզվեց, որ այդ վարկն անօրինական է եւ համարվում է ժամկետանց: Խնդրում եմ ասել, թե ինչ կարող եմ անել, որպեսզի դուրս գամ ստեղծված տհաճ իրավիճակից:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Օրենքում հաճախորդ եզրույթն օգտագործվում է հետեւյալ իմաստով՝ ֆիզիկական անձ, որն օգտվում է կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար: ՀՀ քաղ. օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը երաշխավորության պայմանագրով այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Այսինքն՝ երաշխավորը չի համարվում հաճախորդ: Տվյալ իրավիճակում Դուք՝ որպես երաշխավոր, պարտավորվել եք պատասխանատվություն կրել բանկի առջեւ վարկառուի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Քանի որ Դուք հաճախորդ չեք, հետեւաբար Ձեր պահանջը ենթակա չէ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության, սակայն եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են, կարող եք դատական կարգով դիմել պաշտպանության կամ բանկի համաձայնության դեպքում դադարել երաշխավոր լինելուց:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բազմիցս ասվել է, եւ «Ժողովուրդ»-ն էլ հորդորել է, որ պետք չէ ուրիշի համար երաշխավոր լինել կամ բանկից վարկ վերցնել՝ նման տհաճ վիճակներից խուսափելու համար: Առավել եւս, որ բոլորս էլ գիտենք՝ նման դեպքերում բանկերն անդրդվելի են եւ առաջնորդվում են ըստ սահմանված կանոնակարգերի` հաշվի չառնելով մարդկային գործոնը: