Ինչո՞ւ է «Արտավազդ»-ի մրցանակակիր Սամվել Թադևոսյանը հեռացվել Թատերական ինստիտուտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվան` մարտի 27-ին ընդառաջ, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: «Արտավազդ» մրցանակն այս տարի տրվեց 13 անվանակարգերում: «Լավագույն երիտասարդ դերասան» դարձավ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադեւոսյանը («Էգոիստ» ներկայացում): «Ժողովուրդ»-ը դերասանի հետ զրուցել է մրցանակի նշանակության, լայն զանգվածներին հայտնի չլինելու պատճառների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից իր հեռացվելու եւ այլ թեմաների շուրջ:

-Սամվե՛լ, «Արտավազդ» մրցանակը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեցավ: Այն դերասանի համար կարո՞ղ է ինչ-որ դռներ բացել:

-Անիմաստ է կազմակերպել ցանկացած մրցանակաբաշխություն, փառատոն, եթե այն արդյունք չի ունենում: Երբ Պարոն Բաբայանը (Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան, հեղ.) առաջադրեց ինձ այդ անվանակարգում, ես մտածում էի, թե մասնագիտական, ֆինանսական առումներով դա ինչ է տալու ինձ: Ես դեռ չեմ հասկացել. ժամանակը ցույց կտա:

-Նախորդ տարի Դուք «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնի շրջանակում եւս լավագույն դերասան եք ճանաչվել: Փորձը ի՞նչ ցույց տվեց` այդ մրցանակն ի՞նչ տվեց Ձեզ:

-Որ ասեմ` հոգեւոր սնունդ, ոչ: Դրա միջոցով շատ ստեղծագործ երիտասարդների հետ ծանոթացա. սա էր իմ ձեռքբերումը: Իսկ, առհասարակ, կարծում եմ` փառատոնը պետք է տոն լինի: Ես դրա համար եմ մասնակցել «Արտ ֆեստ»-ին:

-Իսկ «Արտավազդ»-ը հնարավոր եղա՞վ վերածել տոնի:

-Այո՛, այդ օրը տոնական էր, չնայած շատ փնթի շոու էր, իմ կարծիքով: Պետք է նախապես փորձեր անեին, որ տեխնիկական խնդիրներ չառաջանային: Բացի այդ` փառատոնի կամ մրցանակաբաշխության շրջանակում պետք է առկա լինի շոուի տարրը: Միայն մրցանակ տալով չէ. հարկավոր է շփում, բեմում էլ բում պետք է լինի, որ բոլորը հաճույք ստանան: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը միակն է, որ հասել է դրան:

-Ի՞նչն է պատճառը, որ Ձեր անունը հանրության լայն զանգվածներին հայտնի չէ:

-Խնդիրը համակարգային է` կապված արժեհամակարգի փոփոխության, հեռուստատեսության մտածողության, գեղագիտական արժեքների պրոպագանդայի հետ: Մենք մինչ օրս առաջնորդվում ենք սովետական մտածելակերպով` արտիստներին որակելով որպես ժողովրդական, վաստակավոր, «ա» կլասի, «բ» կլասի եւ այլն: Եթե անկեղծ լինենք` ժողովրդական արտիստի կոչում պետք է տան սիթքոմների դերասաններին: Իսկ ինձ եթե 100-ից 50-ը ճանաչի, եւ դրանք լինեն կիրթ, գեղարվեստական բարձր ճաշակով մարդիկ, ես ուրախ կլինեմ: Ժամանակն ամեն բան իր տեղը կգցի:

-Դուք նաեւ «Էգոիստ» ներկայացման բեմադրիչն եք: Այն էլի ինչ-որ ճանապարհ ունի՞ անցնելու:

-«Էգոիստը» իմ երկրորդ բեմադրությունն էր. առաջինը եղել է «Ինքնասպանի գրառումներ» բալետային փսիխոդրաման: Իսկ «Էգոիստը» շուտով կմասնակցի միջազգային փառատոնի: Ֆինանսական հարցեր կան, որոնք փորձում ենք լուծել:

-Իսկ ո՞րն է Ձեր հիմնական աշխատավայրը:

-Չունեմ հիմնական աշխատավայր, եւ այդ ազատությունն ինձ դուր է գալիս: Չնայած առաջարկ եմ ստացել «Մհեր Մկրտչյան» թատրոնից, որն այժմ ֆունդամենտալ փոփոխությունների շեմին է կանգնած, տեսնենք` ինչ կլինի: Հիմա Տիկնիկային թատրոնում ընդգրկված եմ 4 ներկայացման մեջ եւ անդադար նկարահանվում եմ ֆիլմերում, օրինակ` «Բրավո՛, Վիրտուոզ» հայ-ֆրանսիական արտադրության նախագծում, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում:

-Դուք կրթությամբ դերասա՞ն եք:

-Այո, թատերական ինստիտուտում Արմեն Մազմանյանի արվեստանոցում եմ սովորել:

-Ինստիտուտի որոշ շրջանավարտներ պարբերաբար խոսում են այն մասին, որ այդ կառույցը էկրանի մարդուն պրակտիկ գիտելիքներ չի փոխանցում: Ի՞նչ պետք է անել` այդ բացը լրացնելու համար:

-Նախեւառաջ ինստիտուտի ղեկավարությունը պետք է ցանկություն հայտնի որդեգրելու մի քաղաքականություն, որի համաձայն նոր մտածողություն, ինտելեկտ ունեցող ազատ, անվախ երիտասարդներին ամեն կերպ կխցկեն այդ կառույց: Վերջիններս այնտեղ կարող են դասախոսել, մաստեր կլասներ կազմակերպել եւ այլն:

Ղեկավարությանը հարցնեք` միանշանակ կասի, որ դա այդպես է, բայց թե ովքեր են այնտեղ, ինչ են անում, չգիտեմ: Ես չեմ ուզում փնովել… Ինձ վերջերս հեռացրին թատերական ինստիտուտից, ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին:

-Իսկ ի՞նչն էր պատճառը:

-Սովորում էի մագիստրատուրայում եւ զուգահեռաբար նկարահանվում գեղարվեստական ֆիլմում: Այդ ժամակաշրջանը համընկավ քննաշրջանի հետ: Նամակ գրեցինք, որպեսզի թույլ տան մի փոքր ուշ հանձնել քննություններս, չընդառաջեցին: Բայց չարություն կամ նեղվածություն չունեմ ԵԹԿՊԻ-ի հանդեպ. կա այն, ինչ կա: Ինչ վերաբերում է պրակտիկային, ապա ասեմ, որ եթե ինստիտուտի ուսանողները չզբաղվեն ինքնակրթությամբ, բանից դուրս կգա, որ դիլետանտներ են: Ինձ` որպես կինոյի դերասան, ինստիտուտը պրակտիկ գիտելիքներով չի ապահովել: Հուսով եմ` մի բան կփոխվի:

-Կա՞ մի գաղափար, թեմա, որը պտտվում է Ձեր գլխում եւ հավակնում կյանքի կոչվելու:

-Կա մի թեմա, որը վերաբերում է փնտրող մարդու տեսակին, մարդու, որը կանգնած է ընտրությունների առաջ: Հիմա որոնում եմ համապատասխան գրականություն, որից կարելի է կառչել: Տեսնենք` ինչ կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս